Վաշինգտոնի իրադարձությունները չեն պարունակում ռազմավարական ռիսկեր Ռուսաստանի համար, ավելի վճռորոշ Պուտին-Թրամփ հանդիպումն է. Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, Սպիտակ տանը տեղի ունեցած Թրամփ-Փաշինյան-Ալիև հանդիպումից, համատեղ հռչակագրի ստորագրումից հետո որոշ վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ նշեցին, թե տարածաշրջանում տեղի է ունենում ուժերի վերադասավորում: Ձեր դիտարկմամբ՝ ի՞նչ է տեղի ունենում եռակողմ այդ հանդիպումից հետո:

– Տարածաշրջանում ուժերի բալանսի փոփոխությունը, հարաբերությունների տրամաբանության փոփոխությունը տեղի է ունենում առնվազն մի քանի տարի՝ թերևս արդեն տասնամյակ, դա դանդաղ ընթացքով ծավալվում էր, վերջին հինգ տարիներին ստացել է շատ դինամիկ ու թեժ ընթացք, ու այս իմաստով ունենք ոչ թե նոր ընթացք, այլ՝ շարունակվող գործընթաց, որը դեռևս կշարունակվի, այսինքն՝ Վաշինգտոնում ոչ թե ինչ-որ բան սկսվել է այդ իմաստով կամ ավարտվել, այլ շարունակվում է, ու հայտնվում է ընդամենը որոշակիորեն նոր ձևակերպումների շրջափուլում:

– Ռուսաստանի և Իրանի արձագանքն ինչպե՞ս եք գնահատում, ըստ էության, նրանց դիրքորոշումը ո՞րն է կատարվածի վերաբերյալ:

– Եթե խոսենք Ռուսաստանի մասին՝ առաջինը պետք է նկատենք, որ օգոստոսի 8-ի հանդիպումից երկու օր առաջ՝ օգոստոսի 6-ին, ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնացը Մոսկվայում էր ու հինգերորդ անգամ էր այցելում Մոսկվա, Պուտինի հետ հինգերորդ անգամ էր բանակցում, ու խոսել են մոտ երեք ու կես ժամ, ընդ որում՝ դրանից հետո հայտարարվեց, որ համաձայնեցված է Թրամփ-Պուտին հանդիպման վայրը: Սա նշանակում է, որ օգոստոսի 6-ի այցի ընթացքում ձեռք են բերվել էական պայմանավորվածություններ, եթե արդեն համաձայնեցվել է Թրամփ-Պուտին հանդիպումը, որն ավելի ուշ իմացանք, որ կայանալու է օգոստոսի 15-ին: 

Այս պայմաններում մտածել, թե օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցածը ֆունդամենտալ առումով արտահայտում է ռուս-ամերիկյան հակադրություն, ես կարծում եմ, չափազանցություն է: Այս իմաստով, այն, ինչ տեղի է ունեցել, ըստ իս, Ռուսաստանի համար չի պարունակում ռազմավարական այն ռիսկերը, որոնք ներկայացվում են, այսինքն՝ դա Կովկասում Ռուսաստանի պարտության կամ ԱՄՆ-ի հաղթանակի մասին չէ, դա այն մասին է, որ կովկասյան այս պարտիան դարձավ ուկրաինական՝ ավելի մեծ խաղի պայմանավորվածության բաժիններից մեկը, ու այս իմաստով ավելի շատ վճռորոշ է լինելու այն, թե ինչ կլինի Պուտին-Թրամփ հանդիպմանը, որը կայանալու է Ալյասկայում օգոստոսի 15-ին, քան այն, ինչ մենք տեսանք Վաշինգտոնում: Որովհետև այդ բովանդակության շուրջ հետագա ծավալումները ու այսպես ասած իմպլեմենտացիան կապված են լինելու հենց Պուտին-Թրամփ հանդիպման բովանդակությունից ու արդյունքից:

Ինչ վերաբերում է Իրանին, ապա մենք տեսնում ենք, որ Իրանից արձագանքները բալանսավորված տրամաբանության մեջ են, այսինքն՝ գործադիր իշխանությունը շատ հանգիստ ու հանդարտ է արձագանքում, նկատի ունեմ նախագահ Փեզեշքիանը, արտգործնախարար Արաղչին, միևնույն ժամանակ տեսում ենք, որ գերագույն հոգևոր առաջնորդի թևից շատ կոշտ են հայտարարում, որ Իրանը թույլ չի տա որևէ միջանցքի ձևավորում: Այս արձագանքները հենց վկայում են այն մասին, որ մենք չունենք մի պատկեր, որ Կովկասում արձանագրված է նոր ստատուս քվո, մենք ունենք նոր շրջափուլ, նոր ձևակերպումներ, նոր ուղենիշներ, բայց ամեն ինչ կախված է նրանից, թե դրանք ինչպիսի զարգացում կունենան, որովհետև կան բազմաթիվ դետալներ, որոնց տրամաբանությունը պետք է կանխատեսի հետագա զարգացումն ու ստատուս քվոն: 

Ուզում եմ հիշատակել ՀՀ արտաքին գործերի նախարարի հարցազրույցը, որը նախօրեին հրապարակվեց, որում նա խոսում է, որ կա ահռելի աշխատանք դետալների շուրջ, ու հենց այս մանրուքների մեջ է սատանան՝ ինչպես ասում են բրիտանացիները: Վաշինգտոնում մենք ստացել ենք նոր ուղենիշներ, անցավ հնգամյակ, որի ուղենիշները նոյեմբերի 9-ի հայտարարությամբ էին, բայց որոնք շատ արագ սկսեցին դեֆորմացվել, ու գործնականում արդեն երեք տարի անց այդ հայտարարությունն ամբողջությամբ դեֆորմացված էր: Հիմա ունենք վաշինգտոնյան օգոստոսի 8-ի ուղենիշներ, և ոչինչ չի ապահովագրում այդ ուղենիշների դեֆորմացիան, և շատ բան կախված է լինելու մակրոմիջավայրում տեղի ունեցողից: 

– Ձեր խոսքում նշեցիք, թե սա ուկրաինական մեծ խաղի պայմանավորվածության արդյունք էր, ի՞նչ պայմանավորվածություն նկատի ունեք, պարո՛ն Բադալյան:

– Նկատի ունեմ Պուտին-Թրամփ հանդիպման համաձայնեցումը, եթե համաձայնեցվում է նախագահների հանդիպում, դա նշանակում է, որ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնք դրվում են վերջին կետի սեղանին, այսինքն՝ նախագահների սեղանին, եթե հանդիպումը համաձայնեցվում է, ապա դա նշանակում է, որ բովանդակությունը արդեն հասունացած է մինչև վերջին կետը: 

Ավելին ասեմ, ամերիկյան կողմի հետ Ռուսաստանի հիմնական բանակցող՝ այդ Ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը X-ի իր բլոգում գրառում էր արել սպասվող հանդիպման վերաբերյալ, որում նշում էր, որ վստահ է, որ լինելու է խաղաղության վերաբերյալ, խոսքը Ուկրաինայի մասին է, համաձայնություն, ու պատերազմի կողմնակիցներն ուրախանալու առիթներ չեն ունենա այդ հանդիպումից հետո, այսինքն՝ ակնհայտ է, որ պայմանավորվածություններն առնվազն հասունացել, համադրվել են մինչև վերջին կետը՝ նախագահների սեղան, ու շատ հաճախ այդ դեպքերում հանդիպումները նույնիսկ ֆորմալ բնույթ են կրում, այսինքն՝ այստեղ դետալներ կարող են ճշտվել, այլ ոչ թե հիմնական սկզբունքային գործընթացներ:

– Ձեր գնահատմամբ՝ Թրամփի երթուղին միջա՞նցք է, թե՞ ուղղակի տարանցիկ ճանապարհ Հայաստանով:

– Սկզբունքորեն այդ հարցի քննարկումն ինքնին արդեն նշանակում է, որ Հայաստանով անցնող ճանապարհը դիտարկվում է որպես հատուկ ռեժիմի ենթակա, հիմա ինչպիսի ձևակերպում կտրվի դրան՝ կրկին կախված է դետալներից, բայց ակնհայտ է, որ Հայաստանի տարածքով սահմանվում է հատուկ ռեժիմ, ու սա ինքնին նշանակում է Հայաստանի ինքնիշխան սուբյեկտության նվազում: 

Հռչակագրի 5-րդ կետում շատ հստակ ասվում է, որ հայկական կողմը Թրամփի ուղու կառուցումը այլ երրորդ երկրների հետ պետք է համաձայնեցնի ԱՄՆ-ի հետ: Հիմա հարց է առաջանում. Հայաստանի ինքնիշխան տարածքով ճանապարհային հարցերի վերաբերյալ, եթե Հայաստանը պետք է որևէ որոշում համաձայնեցնի նաև ԱՄՆ-ի հետ, սա արդյոք ինքնիշխանության առնվազն որոշակի զիջում չէ՞: Իհարկե, եթե դու քո տարածքում որևէ որոշում կայացնելը պետք է համաձայնեցնես ԱՄՆ-ի հետ, սա նշանակում է, որ ինքնիշխանությունդ այդ մասով արդեն կիսել ես ԱՄՆ-ի հետ: 

Ընդհանրապես հարց է առաջանում, թե ինչո՛ւ պետք է հայ-ամերիկյան այդ համաձայնությունը ներառվի հայ-ամերիկյան-ադրբեջանական եռակողմ այդ հռչակագրում, եթե դա հայ-ամերիկյան երկկողմ համաձայնություն է, ապա ինչո՛ւ դա պետք է տեղ գտնի եռակողմ հռչակագրում: Սա նշանակում է, որ դա հայ-ամերիկյան համաձայնություն է ընդամենը ձևակերպումներով, բայց քաղաքական բովանդակությամբ ու տրամաբանությամբ հայ-ադրբեջանական գործընթացի մաս է: 

Հետևաբար հարց է առաջանում. ինչո՞ւ այդ մասը վերաբերելի է Հայաստանին, իսկ Ադրբեջանի վերաբերյալ որևէ այդպիսի արձանագրում չկա, ավելին՝ հստակ գրված է, որ Ադրբեջանը ստանում է դեպի Նախիջևան անխոչընդոտ ճանապարհ, իսկ Հայաստանի վերաբերյալ չկա նույն ձևակերպումը, այլ հետևյալն է՝ Հայաստանը փոխադարձաբար առավելություններ է ստանում: 

Ի՞նչ է սա նշանակում, եթե նույն անխոչընդոտ ճանապարհն է, ապա ինչո՞ւ գրված չէ նույն կերպ, մենք հասկանում ենք, որ դիվանագիտության մեջ ամեն տառ, բառ, ստորակետ շատ կարևոր նշանակություն ունեն: 

Նման բազմաթիվ դետալային հարցեր կան, որոնք առնվազն առաջացնում են դիտարկման ու քննական հայացքի անհրաժեշտություն, բայց, կրկնեմ, ինքնին թեմայի առկայությունը, որ Հայաստանի տարածքով անցնող ճանապարհը ենթակա է եղել առնվազն նման քննարկման, սա արդեն հայկական կողմից միակողմանի նահանջ է, եթե այլ բնորոշում չտանք: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am