Չեմ բացառում, որ Ալիևն ինչ-որ փուլում լարվածություն ստեղծի, երբ տեսնի, որ Փաշինյանի իշխանությանը վտանգ է սպառնում. Տաթևիկ Հայրապետյան

Լուսանկարը՝ «Ֆակտոր»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը

– Տիկի՛ն Հայրապետյան, տևական ժամանակ է, ինչ իշխանության ներկայացուցիչները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հայտարարում են, որ եթե հունիսի 7-ին ՔՊ-ն չստանա սահմանադրական մեծամասնություն, ապա սեպտեմբերին կլինի «աղետաբեր պատերազմ»: Դուք քաջատեղյակ եք Ադրբեջանի քաղաքական անցուդարձին, Ադրբեջանն ունի՞ նման մտադրություն, որքանո՞վ է Փաշինյանի ասածը իրատեսական:

– Բավականին ուշագրավ է ընտրված տերմինաբանությունը, այն, որ Նիկոլ Փաշինյանը սպառնալու էր հայ ժողովդին, ու ես կարծում եմ, որ ինչ-որ պահից Իլհամ Ալիևն էլ կարող է միանալ այդ սպառնալիքներին, ինձ համար ակնհայտ էր, որովհետև նպատակը շատ հստակ է. Նիկոլ Փաշինյանը իր քաղաքականությամբ, որդեգրած խոսույթներով ու գործողություններով փաստացի կարևոր ծառայություններ է մատուցում Իլհամ Ալիևին, օրինակ՝ նրան մաքրում է Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումից, հարցադրումներ է առաջ քաշում, որոնք բացարձակապես կապ չունեն Հայաստանի շահերի հետ: Այս պարագայում Իլհամ Ալիևին ձեռնտու է, որ Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, իրենք կարող են միասին աշխատել ընդդեմ Հայաստանի:

Միևնույն ժամանակ այստեղ գործ ունենք հոգեբանական ահաբեկչության հետ, սեփական ժողովրդին ուղղակի սպառնում է պատերազմով, ընդ որում՝ մի ժամանակահատվածում, երբ մենք փաստացի ունենք ամերիկյան միջնորդություն, ու դրա հետ որևէ բան տեղի չի ունեցել, որ մենք ասենք, թե պատերազմի ռիսկերը մեծացել են: Մյուս կողմից՝ Փաշինյանը հերքում է դրան նախորդող այդ ամբողջ քարոզչությունը, թե խաղաղությունը եկել է, ու այն աննախադեպ է: 

Ընտրված բառամթերքն էլ էր կարևոր հոգեբանական ահաբեկչության տեսանկյունից. սեպտեմբեր ու աղետաբեր պատերազմ: Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակ բոլոր պատերազմները տեղի են ունեցել սեպտեմբերին՝ 2020 թվականի 44-օրյան, 2022-ին Ջերմուկի վրա հարձակումն ու հայկական տարածքների օկուպացիան, 2023-ին Արցախի վրա հարձակումն ու էթնիկ զտումը, այսինքն՝ իր կառավարման 8 տարվա ընթացքում տեղի է ունեցել երեք աղետաբեր պատերազմ: 

Հիմա նա սպառնում է, որ եթե ինքը չլինի՝ աղետաբեր պատերազմ կլինի, այս տրամաբանությունն ընդհանրապես չի աշխատում, բայց նա փորձում է մարդկանց վախեցնել ու սպառնալ պատերազմով՝ հիմքում չդնելով որևէ տրամաբանական միտք, փոխարենը՝ ակնհայտ ցույց է տալիս, որ իր գործողություններով ուղղակի կազմաքանդելու է Հայաստանը՝ որպես ազգային պետություն, ինքը համառորեն լծված է դրան: Դեռևս հայոց լեզվին չեն դիպել, բայց վստահ չեմ, որ այդ օրը չի գալու: 

– Ստացվում է, որ Փաշինյանի սպառնալիքն այդքան էլ իրատեսական չէ, ու որ պատերազմը կամ խաղաղությունը բնավ կապված չէ՞ անձերից:

– Իրականում, 44-օրյա պատերազմին Ադրբեջանի կողմից նախորդել էր հսկայական դիվանագիտական աշխատանք, ու նման լայնածավալ պատերազմի հետ կապված ձեռք էր բերվել որոշակի ստատուս քվո, այսինքն՝ որոշակի չեզոքություն: Դա սովորական, իրենց կյանքով ապրող քաղաքացիներին բացատրելը բավականին բարդ է, որ միջազգային հարաբերություններում խոշոր, լայնածավալ պատերազմները տեղի են ունենում բավականին բարդ համաձայնությունների ձեռքբերումից հետո, որպես այդպիսին դա հեշտ չէ: 

Եթե, օրինակ՝ լիներ կանխատեսում, որ ամերիկյան վարչակարգ է կտրուկ փոխվելու, ապա այդ դեպքում ես կասեի, որ տարածաշրջանում ռիսկերը մեծանալու են, որովհետև այս պահի դրությամբ նույն Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետևանքով, անցած տարվա գարնանը՝ մարտ-ապրիլ ամիսներին, մենք ունեցանք իրական պատերազմական իրավիճակ, երբ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը համաձայնեց խաղաղության պայմանագրի բոլոր կետերին ու անգամ պատրաստ էր արագորեն միակողմանի ստորագրել: Այդ ժամանակ Ադրբեջանի պատերազմական հռետորաբանությունը կտրուկ աճեց, ու այդ ամենը կասեցվեց Սպիտակ տան միջնորդության շնորհիվ: 

Մինչ այդ նման զսպող ոչ պակաս դերակատարում ուներ Իրանը, այսինքն՝ Փաշինյանի կառավարման տարբեր փուլերում Ադրբեջանը հստակ ագրեսիվ դրսևորումներ է ունեցել, որոնք տարբեր գործոններով՝ աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, պայմանավորված զսպվել են՝ ի բարօրություն մեզ: 

Կան երկու կարևոր հարցեր, որոնց պատասխանը Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը չեն տալիս. ի՞նչ կլինի Հայաստանի հետ իրավացիորեն, եթե դուք մնաք, արդյոք չե՞ք պատրաստվում ապահովել ադրբեջանցիների մուտքը Հայաստան Ալիևի հրամանով, որտեղ նրանք անկարգություններ կհրահրեն: 

Ի՞նչ եք դուք արել վերջին վեց տարիների ընթացքում, որ, եթե, օրինակ՝ իշխանություն փոխվի, ապա Ադրբեջանը կարող է հարձակվել, ու դա աղետալի հետևանքներ ունենա: Սա նշանակում է, որ դուք կատարյալ ձախողված քաղաքական ուժ եք, որ Հայաստանն այդ վիճակին եք հասցրել, ու ավելի շուտ պետք է հեռանաք, որովհետև դա ուղղակի անհրաժեշտություն է, որովհետև ձեր հայտարարությունը նշանակում է, որ դուք այն կարգի չեք աշխատել, որ Հայաստանը կարող է նման իրավիճակում հայտնվել: 

Այս մարդիկ պատասխանատու են ոչ միայն իրենց կառավարման ժամանակաշրջանի համար, այլ նաև դրան հաջորդող փուլերի համար: Այդ ինչպե՛ս է, որ իրենք մինչև հիմա Արցախի մասով մեղքը փորձում են բարդել նախկինների վրա, հիմա նշանակում է, որ դուք չեք աշխատել, բանակը չեք պատրաստել ու հաջորդ իշխանությանը կանգնեցնելու եք փաստի առաջ: 

– Կարծիքներ են հնչում, որ այսկերպ Նիկոլ Փաշինյանը ստիպողաբար պատերազմ է հրավիրում Հայաստան, որպեսզի փրկվի, ինչով, ըստ այս կարծիքի հեղինակների, ժամանակին զբաղվել է նաև Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը: Որքանո՞վ եք հիմնավորված համարում այս տեսակետը։

– Անկախության փուլից սկսած, իսկապես, Ադրբեջանում շարունակաբար իշխանություններ էին փոխվում, նրանցից հատկապես նույն Էլչիբեյի կառավարման շրջանում բավականին հնարավորություններ բացվեցին հայկական կողմի համար, որովհետև նա ընդգծված ազգայնամոլ էր ու ընդգծված հակաիրանական ու հակառուսական տրամադրություններ ուներ, որը հայկական կողմը կարողացավ օգտագործել: 

Դրան հաջորդող փուլում սկսվեցին ներքին ըմբոստություններ, բայց այդ փուլում պատերազմն արդեն ընթանում էր, այնպես չէ, որ Հեյդար Ալիևը պատերազմ էր հրահրել, ո՛չ, նա իշխանության եկավ այն փուլում, երբ Ադրբեջանն արդեն պատերազմի մեջ էր, այլ բան, որ նրա կառավարման շրջանում Ադրբեջանը կորցրեց ամենաշատ տարածքները, ու այլ բան, որ իրենք հետո ամբողջ պատմությունը վերաշարադրեցին, որ այդ ամբողջ պատասխանատվությունը ընկնի Ադրբեջանի մյուս իշխանությունների վրա, իսկ ինքը հանդես գա որպես փրկիչ: Իրոք այդ տրամաբանությունը կա այդ պետության մեջ, թե Հեյդար Ալիևը եկավ ու մեզ փրկեց, փրկեց՝ բերելով զինադադար: 

Իսկապես, զինադադարից հետո Ադրբեջանը սկսեց բոլորովին այլ կերպ աշխատել՝ ի տարբերություն Հայաստանի ներկայիս իշխանությունների, նրանք ոչ մի իրավիճակում բացարձակապես չհրաժարվեցին իրենց իրավունքներից, չգնացին փոխզիջումների, գնացին պատերազմ պատրաստելու ճանապարհով, ու դա սկսվեց հենց Հեյդար Ալիևի կառավարման տարիներից, թեև, իմ կարծիքով, փոխզիջումային լուծման մեկ-երկու անկեղծ փորձեր եղել էին, բայց դա տեղի չէր ունեցել, որովհետև վերջին պահին ադրբեջանական կողմը մերժել էր: Բայց նա պատերազմի լրացուցիչ հանգամանքներ չի կուտակել, ուղղակի եկել ու այդ իրավիճակի մեջ է հայտնվել, ու այդ տարածքները կորսվել են, հետո դա բարդել են նախկին իշխանությունների վրա: 

Նիկոլ Փաշինյանի դեպքն առանձնահատուկ է, որովհետև նա արդեն իր ստեղծած կեղծ խաղաղության մեջ էլ է խճճվել. նա եկավ, որ մի կողմից՝ մարդկանց վաճառի այդ խաղաղությունը՝ ընտրություններում որպես խաղաքարտ, բայց երբ հասկացավ, որ դա չի աշխատում այնպես, ինչպես պետք է, այդ ֆոնին սկսեց անել քայլեր, որոնք նախընտրական ճիշտ քարոզարշավի մեջ չպետք է տեղավորեին: 

Ինքը հիմա փորձում է տարբեր խաղաքարտեր օգտագործել: Ընդդիմադիր ուժերը կարող են այդ ամենն իր դեմ ուղղել, ուղղակի պետք է գտնել այդ մեթոդը, որ սովորական քաղաքացուն պարզ բացատրեն, որ պատերազմը հնարավոր է չեզոքացնել բացառապես հզոր բանակ ունենալով, այլ տարբերակ չկա: Ես նաև չեմ բացառում, որ Ալիևն ինչ-որ փուլում, խոսքն իհարկե լայնածավալ պատերազմի մասին չէ, ինչ-որ լարվածություն կստեղծի, երբ տեսնի, որ Փաշինյանի իշխանությանը վտանգ է սպառնում: Ես ասեմ նաև, որ Փաշինյանն այս հայտարարություններով Իլհամ Ալիևին ու Ադրբեջանին դարձնում է կարևոր գործոն մեր ներքաղաքական զարգացումների մեջ: 

– Եթե լինի ձեր ասած սցենարը, կամ գործող իշխանությունը շարունակի վախեցնել պատերազմի սպառնալիքով, դա Փաշինյանի սպասած արդյունքը կտա՞:

– Ինչ-որ մարդկանց շրջանում, իհարկե, վախ կառաջանա, բայց ընդդիմությունը երկու ամիս ունի դրանց հետ աշխատելու ու չեզոքացնելու համար: Եթե Ադրբեջանում ի հայտ գան պատերազմական տրամադրություններ, դրանք կարտահայտվեն բաց աղբյուրներում, ինչպես սովորաբար լինում է, բայց այս պահին նման հնարավորություն չեմ տեսնում: Տեսանելի են հոգեբանական ճնշում, պատերազմ հայ հանրության նկատմամբ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am