Հայաստան. վառելիքի պակասի պատճառով պետության սեփականությունը համարվող անտառներում շարունակվում են ապօրինի ծառահատումները

Մինչ Հայաստանի բնապահպանները փորձում են պահպանել անտառածածկ տարածքները, երկրի բնակչության մի մասը դեռեւս ստիպված է փայտի վառարանների մոտ անցկացնել ձմեռը:
Բնապահպանները կոչ են անում կտրուկ միջոցներ ձեռնարկել` երկրի անտառները ծառահատումներից փրկելու համար:
Թեպետ վերջին տասնամյակում գազաֆիկացվել է Հայաստանի գրեթե 80 տոկոսը, երկրի հարավային` Սյունիքի մարզի շատ համայնքներում մարդիկ դեռ կապույտ վառելիք չունեն: Գազամատակարարվում է մարզի տարածքի ընդամենը 23 տոկոսը, իսկ 113 համայնքներից 79-ում շատերը այս ձմեռ էլ պիտի փայտ գնեն:

«Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանը մտահոգված է անտառահատման ծավալներով. ըստ նրա` եթե Հայաստանի անտառները շարունակեն հատվել նման արագությամբ, մինչեւ 2020 թվականը երկիրն ընդհանրապես կկորցնի իր անտառածածկ տարածքները:

Զառաֆյանը լուծման իր տարբերակն է առաջարկում` Հայաստանում դադարեցնել անտառահատումները` բացառությամբ խստորեն վերահսկվող սանիտարական հատումները.

«Կարծում եմ` կառավարությունում, անշուշտ, կասեն, թե անտառամերձ համայնքների բնակիչների համար դա սխալ լուծում է: Բայց, իշխանությունները կարող են անտառամերձ համայնքների բնակիչների համար օժանդակության այլ ձեւեր մշակել, օրինակ, նրանց համար նվազեցնել գազի ու էլեկտրաէներգիայի գները»:

Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Դարբաս, Գետաթաղ, Շենաթաղ եւ Լորի գյուղերի տարածքներից Իրան-Հայաստան գազատարի շինարարության համար հատկացրել են 10,2 հա: Փոխարենը` բնակիչներին խոստացել են, որ նրանք էլ են օգտվելու կապույտ վառելիքի «հրաշքից»:

Չնայած գազատարի կառուցման աշխատանքներն անցյալ տարի են ավարտվել, այս գյուղերի բնակիչները դեռեւս ստիպված են ձմեռները տաքանալու այլ միջոցներ գտնել:

Պետությունը`որպես անտառների սեփականատեր, արգելում է անօրինական ծառահատումներն այդտեղ: Գյուղնախարարության «Հայանտառ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը իրավունք ունի տարեկան 40 000 խմ սանիտարական հատումներ իրականացնելու: Սակայն չգազաֆիկացված համայնքներում, որտեղ կա փայտի պահանջարկ, շատ են լինում անօրինական հատումներ: Դարբասի հարեւան անտառամերձ Գետաթաղի բնակիչներն, օրինակ, նշում էին, որ իրենք փայտը գնում են հենց անտառապահից:

«Ամեն տեղ ասում են` արգելվում է անտառից փայտ բերել: Վախենում ենք անտառ մտնենք փետ ու փսուր հավաքենք, որ բերենք վառենք: Սակայն ամեն շաբաթ մի քանի մաշին փետը բարձած պիրում են ու ծախում են, կուբամետրն էլ 12-13 000 դրամով», – ասում է դարբասցի Սարգիս Պետրոսյանը:

Դարբաս գյուղի բնակիչներն, ըստ գյուղապետ Ռոբերտ Խաչատրյանի`կամ փայտ կգնեն կամ «կգան անտառ` փայտ բերելու»: Ըստ գյուղապետի, թանկ գնով փայտ գնելու հնարավորություն ունի դարբասցիների միայն 30 տոկոսը:

Կառավարության որոշման համաձայն` անտառամերձ համայնքների բնակչությանն անտառներում առաջացած թափուկները պետք է վաճառվեն 1 խմ-ը 1200 դրամով, սակայն 270 հա անտառային նշանակության տարածք ունեցող Դարբաս գյուղի բնակչությունը չգիտի այս որոշման մասին:

Այսօր փայտն այնքան թանկարժեք վառելանյութ է, որ գյուղացիներն այն փոխանակում են բնամթերքով ու մսամթերքով:

«Ես շատ գիդեմ, առնում են կամ էլ փոխանակում են անում: Բայց հիմնականում մի 10-12 կուբամետրի մի դանա (հորթ) են տալիս կամ էլ կարտոֆիլ»,- ասում է Շենաթաղի գյուղապետ Երջանիկ Մուսայելյանը:

Իսկ այն գյուղացիները, ովքեր գումար չունեն, ստիպված իրենց այգիներն են հատում: 20 տարի առաջ Լորի գյուղում կար 20 հա այգի, իսկ այսօր այդ այգիները դարձել են 9 հա: Մրգատու այգիներն այս գյուղերի բնակիչների համար եկամուտի կայուն աղբյուր են, եւ, դրանք հատելով, նրանք կորցնում են աշնանը բերքահավաքից ստացվող գումարները:

«Մարդիկ հատել են իրենց տան կարիքները հոգալու եւ իրենց երեխաներին տաքացնելու համար», – բացատրում է Լորի գյուղապետ Դավիթ Առուստամյանը:

Մի քանի ամիս առաջ տարածաշրջանի գյուղապետերը գազաֆիկացման դիմումով նամակ են ուղարկել ՀՀ տարածքային կառավարման նախարարին:

Պատասխան նամակում նրանց հայտնել են, որ նախնական հաշվարկներով անհրաժեշտ է կառուցել մոտ 35 կմ սնուցող եւ 57 կմ գազաբաշխիչ գազատարներ, որի համար պահանջվում է մոտավորապես 944 մլն դրամ ներդրում, սակայն, թե երբ է կառավարությունը պատրաստվում իրագործել այս ծրագիրը` գյուղապետերին տեղյակ չեն պահել:

Տարածքային կառավարման նախարարությունից նշում են, որ այս համայնքների գազաֆիկացումը պետք է իրականացներ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն, սակայն ընկերությունը այս գյուղերը գազաֆիկացնելն արդյունավետ չի համարել:

«Սյունիքի մարզի 2010-2013 թվականների ծրագրով նախատեսված է միայն Դարբաս գյուղի ֆինանսավորումը: Պետական բյուջեից դրա համար հատկացվել է 320 մլն դրամ: Մյուս համայնքների համար դեռեւս լուծում չկա», – ասում է նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության վարչության պետ Զոյա Բարսեղյանը:

Այս ամենի հետեւանքով` երկրի անտառածածկ տարածքներին ավելի մեծ վտանգ է սպառնում:

Ըստ Բնապահպանության նախարարության`այսօր անտառածածկ է Հայաստանի տարածքի մոտ 11 տոկոսը, սակայն, ըստ բնապահպանների`այս տվյալը հնացած է: «Վերջերս «ՆԱՍԱ»-ի հրապարակած տվյալներով`Հայաստանում ընդամենը 8 տոկոսն է անտառածածկ», – նշում է բնապահպանության նախկին նախարար, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը:

Գալուստ Նանյան

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)

© Medialab.am