Իչայի, Չակորի, Տապասյայի, Ռաթորի և հնդիկ մյուս դերասանների կյանքի, հագուկապի, զգացմունքների և բնավորության մասին Հայաստանում հազարավոր մարդիկ կարող են շատ բան պատմել, սակայն այս մարդկանցից շատերը պատրաստ են ամենավերջին բառերով վիրավորել ու պիտակավորել այն հնդիկներին և առհասարակ օտարերկրացիներին, որոնք «հանդգնել» են բնակություն հաստատել Հայաստանում։
Հայերի՝ հնդկական սերիալների մեծ սիրո մասին են վկայում նաև «Ադմոսֆեր Արմենիայի» մշտադիտարկման արդյունքները։ Ամենադիտվող հեռուստասերիալների շարքում առաջատար դիրքերում են հենց հնդկական սերիալները՝ «Մերժվածը», «Հարսիկը»:
Սակայն ազգությամբ հնդիկ Գուրիի մասին պատմող հոդվածը նմանօրինակ ջերմ վերաբերմունքի չարժանացավ ընթերցողների որոշ խմբի կողմից։
«Հնդիկ, պակիստանցի ու էլի նման խառը ազգերը Հայաստանում բնակություն հաստատելու իրավունք պետք է չունենան, այլապես կկործանվի պետությունը», «Միայն դուք էիք պակաս», «Լքեք մեր երկիրը, եկածներից խեր ո՞վ է սրացել»։
Սրանք մեկնաբանությունների մի փոքր մասն է նրանցից, որին արժանացավ երիտասարդը Հայաստանի, հայերի մասին դրական կարծիք հայտնելու դիմաց։
«Մեդիալաբի» «Եթե հայ աղջկա հանդիպեմ և սիրեմ՝ կամուսնանամ և մշտապես կբնակվեմ Հայաստանում». հնդիկ Գուրին Փենջաբից՝ Երևան» հոդվածը պատմում էր հնդիկ երիտասարդի Հայաստան այցի, Հայաստանը և հայերին հավանելու, ինչպես նաև Հայաստանում հաստատվելու մտադրության մասին։ Դրական տպավորություններով երկրի ու բնակիչների մասին կիսվող տղային, սակայն, «Ֆեյսբուքում» սպասում էին ագրեսիվ, խտրական և վիրավորական մեկնաբանություններ։
Պատճառն այն է, որ Գուրին ասել էր, որ եթե հանկարծ հայ աղջկա հանդիպի և սիրի, ապա կամուսնանա և մշտապես կբնակվի Հայաստանում:
Մասնագետները նշում են, որ թեև Հայաստանում օտարերկրացիների հանդեպ խտրական վերաբերմունքի մասին համապարփակ հետազոտություններ չեն անցկացվել, սակայն, այնուամենայնիվ, տարբեր իրավիճակներում բռնկվող անհանդուրժողականության թեժ կրակը մտահոգության լուրջ տեղիք է տալիս։
Ըստ մասնագետների՝ Հայաստանում կա արտահայտված անհանդուրժողական վերաբերմունք Հայաստան այցելող օտարերկրացիների հանդեպ, խոսքը հատկապես վերաբերում է այլ դավանանքի և մշակութային առումով առավել տարբերվող ազգերի ներկայացուցիչներին՝ պարսիկներին, հնդիկներին և այլն:
Մասնագետները նշում են, որ օտարերկրացիների հետ շփման հարցում, որքան անձի պատկերացումներն աշխարհի մասին սահմանափակ են, այնքան նրան ավելի է վախեցնում բախվելը և հանդիպելը ինչ-որ մի բանի, որն իրեն դեռ անհայտ և անծանոթ է:
«Եթե որևէ մեկը հայերին ասի՝ դուք ռասիստ եք, նրանք կզարմանան ու կնեղանան, որովհետև ուղղակի չեն բախվել ռասիզմի խնդրին, չգիտեն էլ՝ դա ինչ է, բայց փաստացի նույնիսկ շատ կիրթ հայը կարող է իրեն աֆրիկացու կամ հնդիկի հետ այնպես պահել, որ դա լինի ռասիզմ, մենք չունենք այլազգիների հետ հանդուրժողական և փոխադարձ հարգանքով շփվելու փորձ»,- ասում է MHS հոգեկան առողջության ծառայության տնօրեն Արամ Հովսեփյանը:
Հոգեբանները հայ հասարակության մեջ օտարերկրացիների հանդեպ դրսևորվող խտրական վերաբերմունքը պայմանավորում են մի շարք հանգամանքներով՝ տեսնելով դրա հիմքերը պատմական, կրոնական, մշակութային և սոցիալական գործոնների մեջ:
Մի քանի տարի առաջ պարսիկների համար զբոսաշրջային ուղղություններից մեկը Հայաստանն էր, որտեղ նրանք կարող էին զվարճանալ, Նովրուզ և այլ տոներ նշել։
Եթե նախկինում որոշակի խմբերի կողմից խտրական վերաբերմունքի էին արժանանում Հայաստան այցելող պարսիկները, ապա վերջին տարիներին այդ վերաբերմունքը տարածվել է նաև մուտքի արտոնագրի դյուրացմամբ պայմանավորված Հայաստանում շեշտակի ավելացած Հնդկաստանից ժամանողների վրա։
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ օրինակ, 2015 թվականի համեմատ Հնդկաստանից Հայաստան այցելածների թիվն աճել է ավելի քան 7 անգամ՝ 3951-ից 2019 թվականին հասնելով 28․740-ի։
Հոգեբանական գիտությունների թեկնածու Նելլի Հարոյանի կարծիքով՝ անհանդուրժողության ձևավորման համար կարևոր ազդեցություն ունի այն հանգամանքը, որ հայերը էթնոցենտրիկ են, կենտրոնացած են միասին ապրելու և օտարների հետ ապրելու դժվարություններ ունեն:
Ըստ նրա՝ այս խնդիրը կրկին պատմական հիմքեր ունի, քանի որ հայերը մշտապես ունեցել են ազգի պահպանման, գոյության պահպանման հարց և մշտապես միավորվել են իրար հետ՝ ստեղծելով համայնքներ, որպեսզի կարողանան գոյատևել այլ ազգերի հետ կեցության մեջ:
«Հայերը զգուշանում են, երբ տեսնում են դրսից այլազգիների հոսք: Վախենում են, թե ուրիշները միգուցե իրենց տարածք մտնեն, «զավթեն» իրենց տարածքը, ռեսուրսները, սոցիալական հնարավորությունները»,- ասում է Հարոյանը՝ նշելով, որ հաճախ վախերը իռացիոնալ բնույթ են կրում և չեն ունենում օբյեկտիվ հիմք:
Արամ Հովսեփյանը նշում է, որ հայերին խորթ է նաև տեսնել հատկապես իրենցից ցայտուն տարբերվողների, շատ իրավիճակներում այլազգիների վարքը հայերի վարքից կարող է տարբերվել. հնարավոր է՝ բարձր խոսեն, խմբերով դրսում լինեն, ինչը կարող է վանել։ Դեր է խաղում նաև հասարակության փակ և պահպանողական լինելու հանգամանքը։
«Ինչպես նաև չգիտենք, թե ինչպես պահենք մեզ համար անծանոթ մշակույթ ունեցող մարդկանց մոտ, քանի որ չունենք այդ փորձը»,- «Մեդիալաբին» ասում է Արամ Հովսեփյանը:
«Եթե մարդիկ եկել են, օրենք չեն խախտում, աշխատանք են կատարում, իրենց գոյության հարցը լուծում են, ոչ մեկի չեն վնասում, ապա դրա տակը հիմք չկա բարձրացնելու անհանդուրժողական վերաբերմունք»,- նշում է Նելլի Հարոյանը:
Մասնագետները նշում են, որ օտարերկրացիների հանդեպ հանդուրժողականությունը կավելանա, եթե մարդիկ ավելի շատ ճանապարհորդեն, շփվեն այլ ազգերի և մշակույթների հետ, ինչպես նաև բարձրանա ընդհանուր կրթական մակարդակը։
«Պետք է այս թեմաներով զրույցներ տարվեն, բացատրվի մարդկանց, որ գրագետ քաղաքականություն վարելու դեպքում պետությանը վտանգ չի սպառնում»,- ասում է հոգեբան Նելլի Հարոյանը:
Արփինե Արզումանյան
MediaLab.am