Դուք լսե՞լ եք, որ զինվորն ինքնասպան լինի հանուն Հայրենիքի

Մհեր Արշակյան

Հերթական զինվորի մահն է ներկայացվում որպես ինքնասպանություն: Զոհի հարազատները պատրաստվում էին դին Արմավիրի մարզի Հայթաղ գյուղից բերել Երևան այն հիմքով, որ իրենց որդին հաստատ ինքնասպան չի եղել:

Պաշտպանության նախարարը նրանց դեմը կտրել է հետևյալ պատճառաբանությամբ` ի՞նչ կմտածի հարևան երկրի պաշտպանության նախարարը: 

Իսկ ի՞նչ է մտածում հարևան երկրի պաշտպանության նախարարը, երբ այստեղ՝ հայկական հողի վրա, զինվոր է սպանվում կամ ինքնասպանություն գործում:

Հարևան երկրի պաշտպանության նախարարը չի՞ մտածում, որ հայկական բանակին պատերազմ հայտարարելու կարիք էլ չկա, այնտեղ հայերն իրենք իրենց վատ չեն սպանում:

Հարևան երկրի պաշտպանության նախարարին նույնիսկ հետաքրքիր էլ չէ, թե ի՛նչ ապօրինություն են գործում այստեղի քննչական մարմինները, որ զինվորի սպանությունը ներկայացնեն ինքնասպանություն: Գլխավորը՝ մեկ հայ զինվոր էս աշխարհից պակասեց:

Սրա մասին չե՞ք մտածում: 

Բանակում սպանություններն ու ինքնասպանությունները չեն դադարում: Պատճառը պարզ է: Բանակը չի դադարում լինել փողոց, որտեղ երիտասարդները հաշիվ են մաքրում «ճշտի» հանդեպ պատասխանատվությամբ:

Տղաները չեն փոխվում, հետևաբար բանակում պետք է լինի փողոցից «վազն անցած» սպայական անձնակազմ:

Զինակոչիկը պետք է բանակը տարբերի փողոցից: Որովհետև մեկը ամբողջ կյանքում «ճիշտ» է եղել, մյուսն էլ ունի ճշմարտության մի պատկերացում, որը ոչ մի «պանյատի» հետ չի խոսում: Էս մասին ի՞նչ է մտածում Ադրբեջանի պաշտպանության նախարարը, ո՞վ կասի:

Իսկ ՀՀ պաշտպանության նախարա՞րը:

Հարցնելն իմաստ ունի՞:

Գնացել եք ողբացողներին ասում եք՝ ի՞նչ կմտածի հարևան երկրի պաշտպանության նախարարը: Եթե հարազատները զինվորի դին վերցրել ու ընկել են փողոցները, նշանակում է՝ այլ հարցեր չունեն, նշանակում է՝ այլ հարցերի ժամանակը չէ իրենց համար:

Գնացեք և ձեր սպաներին ասեք՝ ի՞նչ կմտածի հարևան երկրի պաշտպանության նախարարը: Ասենք թե՝ ոչինչ էլ չի մտածի, անգլուխ մարդ է:

Ասենք թե՝ հարևան երկիր էլ չկա, ու բանակ էլ չկա: Դու քո բանակն ունես, իր բարքերի հետ ի՞նչ պետք է արվի:

Անձամբ ինձ հաճելի չէ այդ երևույթը: Բայց ես որդի չեմ կորցրել, ինքս ինձ հետ էլ խնդիր կունենամ նման բան անելիս, որդիս էլ գուցե չուզենար, որ ես նման բան անեմ:

Բայց էդ մարդիկ տպավորություն ունեն, որ քննչական մարմինները «ղժժում» են իրենց որդու հիշատակի վրա: 

Գնացեք և ձեր սպաներին ասեք՝ դուք պիտի փայփայեք էդ տղերքին, դողաք յուրաքանչյուրի վրա, որովհետև նրանք բանակ չգնալու և ձեր աշխատավարձը չապահովելու այլընտրանք չունեն: Տղերքն իրար մեջ հաշիվ են մաքրել, ու դուք չկաք էդ հաշիվների արանքում իբրև շանթարգել… Իսկ դուք հատկապես ինչի՞ համար եք: 

Պաշտպանության նախարարն ինչո՞ւ է մտածում հարևան երկրի պաշտպանության նախարարի առջև սևերես չմնալու մասին: Այնտեղ էլ որդիներ կան, և այնտեղ էլ բանակ չգնալու այլընտրանք չկա, եթե որևէ արատ չունի զինակոչիկը:

Հիմա շատ, չափազանց բարձրաձայն պիտի ասվի` ի՞նչ կապ ունի, թե ո՛վ է սպանել զինվորին` Առաքելի, թե Անառաքելի որդին:

Զինվորը ձեր բաժին պատասխանատվությունն է, եթե պատերազմ չկա, ծնողներին վերադարձրեք որդի:

Ի՜նչ հեքիաթներ եք մտածել տղամարդ դառնալու մասին, մորը դա հետաքրքի՞ր է:

Ինքը ձեզ զավակ է տվել: Ոչ պատերազմական պայմաններում զինակոչիկին տալիս են ձեզ, պատերազմական պայմաններում` երկրին: 

Իսկական հեքիաթն այն է, որ բոլոր երկրների բանակներում էլ նման դեպքեր լինում են:

Սո՛ւտ է, ո՛չ բոլոր երկրներում:

Որոշ երկրներում մանրամասն հասկանում են զինակոչիկից եկող սպառնալիքը, հետո նոր նրան ընդգրկում են զինված ուժեր: Հոգեկան աշխարհն են քննում, ուզում են հասկանալ՝ էս երիտասարդը իր ծառայակցի վրա կկրակի՞, ինքն իր վրա կկրակի՞: Իր բաժին զորամասը վտանգի տակ կդնի՞:

Որովհետև պոտենցիալ մարդասպան հայրենակից ունենալու դեպքում հեչ թշնամու տեսլական պետք չէ, որոշ երկրներում պետությունը զինվորին նորմալ աշխատավարձ է տալիս, որ վատ ծառայելու դեպքում կորցնելու բան ունենա:

Դուք երեխային տանում եք եսիմ ուր, անունը դնում եք՝ Հայրենիք:

Դուք լսե՞լ եք, որ զինվորն ինքնասպան լինի հանուն Հայրենիքի:

Թերևս միայն այն դեպքում, որ չուզենա սպանել այն մեկին, որն իրեն հասցրել է այդ ծայրահեղ քայլին: Բայց նույնիսկ այդ դեպքում Հայրենիքին պե՞տք է այն մեկը, որը զինվորին հասցնում է ինքնասպանության կամ սպանում է:

Պետք չէ: 

Իսկ գիտե՞ք, թե ի՛նչ է հեղափոխությունը: Հեղափոխությունն այն է, որ զինակոչիկը իր «ճշտի» ընկալումներով գալիս է բանակ ու այնտեղից վերադառնում ամբողջ երկրի առջև պատասխանատվության զգացումով:

Չկա այլևս իմ «ճիշտը»: Եվ, պատկերացրեք՝ չի էլ եղել: Որովհետև իսկական զինվոր դառնում են բանակից հետո, երբ վերադառնում են հարազատ տուն ու հասկանում, որ նույնիսկ սերը նախկինը չէ:

Մհեր Արշակյան

MediaLab.am