Սերժ Սարգսյան․ «Ռուպըռով» մարդը

Մհեր Արշակյան

Հեղափոխությունը լճացումից տարբերվում է դիապազոնով։ Լճացման մեջ Սերժ Սարգսյանը խնամված խոսում է տեսախցիկների առաջ, որոնց պետության փողերով պահվող իր մամուլի ծառայությունն է կանչել, հեղափոխության մեջ Սերժ Սարգսյանը գրեթե ոչնչով չի տարբերվում լրագրողից, որը եկել է լուսաբանելու նրան։ Տարբերությունը մեկն է՝ լրագրողը չի «հետապնդվում»։ 

Եվ ահա, հավաքվել են Ձերժավայի Արկադիի աշխատողները, որոնք, շեֆի բառերով՝ «ես եկել եմ, իրենք էլ են եկել», հավաքվել են Ավշարի Արայիկի կողմնակիցները, որոնք ուղղակի հավաքվել են, հավաքվել են հանրապետականները, որոնք պատմության մեջ առաջին անգամ նման են փողոց շպրտվածի։

Այս մարդիկ չգիտեն՝ ի՞նչ է կատարվում, ինչի՞ հույս ունենան։ Նրանց բոլորին միավորում է նախկին իշխանությունը, որը մարմնավորում է Սերժ Սարգսյանը, որը գալիս է դատարանի բակ, որի խոսքին, համենայնդեպս, լրագրողները երկար էին սպասում այն հույսով, որ հեսա-հեսա քարը քարին չի թողնի, կփոշիացնի Փաշինյանին, մի խոսքով՝ ինտրիգ կապահովի։ 

Ահա, ուրեմն, այս մարդը գալիս է, վերցնում է «ռուպըռը» ու ի՞նչ է ասում։

Ասում է՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, սա եղել է իմ կյանքի գերագույն նպատակը։

Իրո՞ք։

Այսինքն՝ վե՞րջ։ Այսինքն՝ իսկապե՞ս չի լինելու։

Եթե չասեր, լինելու էր Ադրբեջանի կազմո՞ւմ։ Ասենք, ինչի՞ հույս ունեին ադրբեջանցիները մինչև այս հայտարարությունը։

Այսինքն՝ դատավարություն-բան շիրմա՞ էին այդ հայտարարության համար։ Եվ ուրեմն «ռուպը՞ռն» էր բացակայում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը։

Այսինքն՝ Փաշինյանը Ալիևի հետ հաջորդ հանդիպմանն ի՞նչ է ասելու՝ գիտե՞ս, Իլհամ, մինչև հիմա ես չգիտեի, կասկածում էի, որ գուցե հնարավոր է Ղարաբաղը տամ ձեզ, բայց Սերժի հայտարարությունից հետո տարբերակ չունեմ, հասկանում ես իմ ու նրա մասշտաբների տարբերությունը, նրա ասածն օրենք է։ 

Իսկ այն, որ դիզելի գործով քրեական հանցագործ ես դառնում, քեզ հե՞չ հետաքրքիր չէ, քո կողմնակիցներին հետաքրքիր չէ՞։

Թե՞ այնքան անվերապահ են հավատում քո անմեղությանը, որ հավաստիացումների կարիք չկա։

Մարդասպանության մեղադրանք չէ, որ չհավատան, դատվողն էլ Ռուբեն Հայրապետյանը չէ, կոռուպցիայի գործ է, ու ամբողջ Հայաստանն է Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին հենց նրա գիտությամբ ու մասնակցությամբ թաթախված եղել կոռուպցիայի մեջ։

Ի՞նչ մի չհավատալու բան կա այդտեղ։ Թե՞ կողմնակիցները գիտեն ամբողջ ճշմարտությունը կոռուպցիայի մեջ թաթախված լինելու մասին, և նրանց մոտ փակագծեր բացելու կարիք չկա։ Սա խելքին ամենամոտը կլիներ։

Գուցե իսկապես լրագրողները միակն էին, որ կուզեին լսել, թե ինչ է մտածում երրորդ նախագահը մեղադրանքի մասին։ Չմոռանանք, այս մարդը այդպես էլ չսիրեց լրագրողներին, երբեք հարցազրույցներ չտվեց, որոնցում հնչող հարցերի խնամվածությանն անձամբ չի մասնակցել։ 

Իսկ ահա թե ինչ է կատարվում իրականում, և ինչու է Սերժ Սարգսյանն իր դեմ մեղադրանքը թողած՝ խոսում Ղարաբաղից։

Նա պետք է հիշեցնի, որ Ղարաբաղից եկած երկու ՀՀ նախագահ է այսօր դատվում, հետևաբար վտանգված է հենց Լեռնային Ղարաբաղը, և այդ վտանգը պետք է փնտրել Հայաստանում։

Սերժ Սարգսյանը պատահական բառեր քիչ ունի, «թարս աճած խիյարը», «տոն փչացնելը», «իյա, իրո՞ք»-ը իշխանության դիրքերից հնչեցրած բլթոցներ էին, որոնք նրան ներվում էին համազգային ֆոլկլորում ունեցած ներդրումների շրջանակում։

Հիմա նա ֆոլկլոր սնուցելու բառեր չունի։ Նա պիտի ասի հիմնականը, իսկ հիմնականն այն է, որ Հայաստանի իշխանությունները ձեռքերը լվանում են Ղարաբաղից՝ միանգամից երկու ղարաբաղցու դատելով։

Կարծես թե խոսքը Հայաստանի նախագահների մասին չէ, ընկերներ։ 

Մհեր Արշակյան

MediaLab.am