Դառնալ մեդիագրագետ, տարբերել փաստը կարծիքից, հետազոտել երևույթները, սիրել բնությունն ու հայրենիքը․ Ի՞նչ կսովորեն «Ես և շրջակա աշխարհը» փոփոխված առարկայից

«Մեդիալաբի» հարցազրույցը «Ես և շրջակա աշխարհը» առարկայի կրթական չափորոշիչները մշակող խմբի համակարգող, Կրթության ազգային ինստիտուտի փորձագետ Լուսինե Ալեքսանյանի հետ

– Տիկի՛ն Ալեքսանյան, դուք համակարգում եք «Ես և շրջակա աշխարհը» առարկայական ծրագրի չափորոշիչները մշակող խմբի աշխատանքները։ Խնդրում եմ, ներկայացնեք՝ ի՞նչ է մեզ սպասում։

– Մեր խումբը փոքր է, քանի որ մշակում է 2-4-րդ դասարաններին վերաբերող չափորոշիչներն ու ծրագիրը։ Խմբի կազմում է նաև Արարատի մարզի դպրոցներից մեկի տարրական դասարանների փորձառու վաստակավոր ուսուցչուհի, որը երկար տարիներ դասավանդում է «Ես և շրջակա աշխարհը» առարկան։

Այս առարկան նորություն չէ, դպրոցում դասավանդվում է 2006 թվականից, և դրանում բովանդակային առումով շատ քիչ փոփոխություններ են կատարվելու, քանի որ երեխային շրջապատող աշխարհը տասը տարվա մեջ շատ չի փոխվել։ Կարող են ընդամենը փոքրիկ դետալներ փոխվել՝ կախված ժամանակի հրամայականից, օրինակ, ասենք՝ կորոնավիրուսի հետ կապված:

Պարզ է, որ երեխաների հետ կարիք կլինի ավելի մանրակրկիտ խոսել համաճարակների տարածման, դրանց կանխարգելման և այլնի մասին։ Ի վերջո, սա առաջարկվող օրինակելի ծրագիր է, որը դպրոցների համար պարտադիր չէ, ուղղակի առաջարկվող տարբերակ է, բայց դպրոցները պարտավոր են պահպանել պետական չափորոշչով սահմանված վերջնարդյունքները։

Եվ իրենք ազատ են այս վերջնարդյունքն ապահովող այլ ծրագիր ունենալ և առաջարկել։ Այսինքն՝ չափորոշիչը պարտադիր է, ծրագիրը պարտադիր չէ դպրոցների համար, և դպրոցները պարտավոր են վերջնարդյունքում ապահովել չափորոշչով սահմանվածը։

Մենք կունենանք շատ դպրոցներ՝ մասնավոր, հեղինակային, որոնք կունենան իրենց ծրագիրը, որը, իհարկե, պետք է երաշխավորվի մասնագետների կողմից։ Այդ ծրագրի իրագործման վերջնարդյունքում պետք է ապահովվեն չափորոշիչները։

Դուք ասացիք, որ «Ես և շրջակա աշխարհը» առարկայում որոշ փոփոխություններ կլինեն։ Ի՞նչ փոփոխություններ են դրանք լինելու։

– Այսպես ասեմ՝ առհասարակ նոր չափորոշչի տրամաբանությունն է փոխվել, այսինքն՝ կրթական վերջնարդյունքները բխել են կոմպետենցիաներից։

Գիտեք՝ վերջերս հանրային քննարկման դրվեց Հանրակրթության պետական չափորոշիչը, որի ամենակարևոր ու մեծ փոփոխությունն այն է, որ այսօր մենք փորձում ենք կարողությունահենք կրթություն ստեղծել, և այդ վերջնարդյունքները, որոնք յուրաքանչյուր առարկայախումբ մշակել է, բխում են այդ կարողունակություններից ու դրանցից բխող տարրական, միջին և ավագ դպրոցի համար մշակված վերջնարդյունքներից։

Այսինքն՝ ընդհանուրից գնում ենք մասնավորը՝ սկզբում ստեղծվել են ընդհանրական կոմպետենցիաները՝ թե վերջում ինչ շրջանավարտ ենք ուզում ունենալ, և դրանից հետո մասնավորեցրել ենք՝ տարրական, միջին և ավագ դպրոցն ավարտողը ինչ վերջնարդյունքներ պետք է ապահովի։

Ինչ վերաբերում է տարրականին, ապա տարրական դպրոցի վերջնարդյունքները դրվում են տարրական դպրոցի առարկաների հիմքում։

Այս տրամաբանությունն է ընկած բոլոր առարկայական խմբերի հիմքում։ Բացի այդ, կան այլ փոփոխություններ, օրինակ՝ մեր առարկայական չափորոշիչներն ու բովանդակությունը կառուցել ենք հիմնական գաղափարների շուրջ։ Օրինակ՝ բնագիտական առարկաները միասին ստեղծել կամ ընտրել են իրենց հիմնական գաղափարները, թե ինչի շուրջ պետք է բովանդակություն ապահովեն ։ Նույնը հասարակագիտական բլոկում է։

«Ես և շրջակա աշխարհը» առարկայի մեջ ամփոփված են մի քանի բնագավառներ՝ հասարակագիտական, բնագիտական, ֆիզիկական և անվտանգ կենսագործունեության, հայրենագիտական։ Տարրական դասարանում կանցնեն հիմնական նախնական գաղափարները, որից հետո միջին և ավագ դպրոցում կուսումնասիրեն տարանջատվող գաղափարները։

– Տարրական դպրոցի վերջնարդյունքում այս առարկան ուսումնասիրած երեխան ի՞նչ հիմնական գիտելիքներով է գնալու միջին դպրոց։

– Առաջին հերթին «Ես և շրջակա աշխարհը» առարկայի հիմնական խնդիրը երեխայի սոցիալականացումն է, ճանաչողության զարգացումը, շրջակա աշխարհի մասին գիտելիքներ ձեռք բերելու ինքնուրույնությունը, որ երեխան ինքը կարողանա հետազոտել, ինչ-որ երևույթ տեսնելիս դրա շուրջ մտածի և փորձի եզրակացություններ անել, այսինքն՝ մտածելով ուսումնասիրի աշխարհը:

Զարգանալու են երեխայի ստեղծագործական, անձնական, հաղորդակցական կրթական գործելակերպերը, որ երեխան ինքը կարողանա տարբեր գործիքներ օգտագործել, այդ գործիքները երեխային տրամադրվելու են հենց այդ տարիքում։ Երեխաները չպետք է հասնեն 5-6-րդ դասարան և հետո միայն փորձ անել իմանան, նոր հասկանան՝ ինչ է նշանակում փորձ, ինչ է նշանակում հետազոտել, ուսումնասիրել։

Այդ տարիքի երեխաները սիրում են, չէ՞, մեքենան կոտրել, տեսնել՝ մեջը ինչ կա։ Ցանկացած երեխայի մեջ ճանաչողական, հետազոտական, պրպտող կարողությունները շատ ակտիվ են, և հենց այդ տարիքում պետք է նրան տանք այդ գործիքները, որպեսզի իրենք փորձարկեն ու ուսումնասիրեն աշխարհը։

Այդ կարողությունները շատ շեշտադրված են այսօր, վերջնարդյունքները դարձել են բավական չափելի և կարևորված՝ երեխաները հետազոտական, քննադատական մտածողությամբ պետք է փորձեն ուսումնասիրել իրենց շրջակա աշխարհը։ 

Այս տարիքում շատ կարևոր է մեդիագրագիտության ձևավորումը, որպեսզի երեխաները կարողանան տեղեկատվական հոսքերից ընտրել հիմնավոր, փաստարկված տեղեկությունը։ Նրանք պետք է հասկանան՝ ինչ է նշանակում հիմնավորում, տարբերակեն կարծիքը փաստից, հասկանան նաև՝ որ ինֆորմացիան է, որ փաստ է, որ ինֆորմացիան է ինչ-որ մեկի տեսակետը։

– Այդ առարկայի շրջանակներո՞ւմ է լինելու մեդիագրագիտությունը։

– Այո՛, և ոչ միայն այս առարկայի։ Իմ նշած բոլոր խնդիրները պետք է լուծեն նաև «Մայրենի լեզու» առարկան և այլ առարկաներ։ Մենք պետք է միահամուռ այդ խնդիրներին ուղղված կրթություն կազմակերպենք։ Նոր ներմուծված «Ինֆորմատիկա» առարկան ևս պետք է մեդիագրագիտություն դասավանդի, սակայն այս դեպքում շատ ավելի խորացված ու ճիշտ ուղղվածությամբ, ավելի մասնագիտական։

Նախկին չափորոշիչները ստեղծվել են ավելի քան մեկ տասնամյակ առաջ, և հասկանալի է, որ մեդիան երեխաների համար հասանելի չէր, և կարիք չկար այդքան լուրջ դրան անդրադարձ անելու։ Այդ խնդիրը վերջին տարիներին է սրվել, և, այո՛, կարող եմ ասել, որ դա նոր բաղադրիչ է, որ մտնում է կրթական համակարգ։ 

Մեր առարկայի հիմքում է դրված նաև սերը բնության և հայրենիքի նկատմամբ, հարգանքի ու հոգատար վերաբերմունքի դաստիարակությունն է ընկած այս առարկայի հիմքում, ինչպես նաև՝ սեփական ու ուրիշի առողջության նկատմամբ գիտակից, պատասխանատու վերաբերմունք, նախնիների ու անցյալի հանդեպ հարգանք, հատուկ պահպանվող հուշարձանների պահպանության ցանկություն։

Երեխան պետք է հասկանա, որ դա արժեք է, պետք է շուրջը նայի, իմանա, որ սա հնուց է եկել, արժեք է, ու ինքը պետք է պահպանի։ Նաև նախատեսում ենք հետազոտական աշխատանքներ այս առարկայի շրջանակում՝ գյուղի, մարզի, մայրաքաղաքի երեխաները շրջեն համայնքում, հետազոտեն սեփական համայնքի արժեքները, օրինակ՝ կարող է լինել համայնքի ամենահին ծառը, ու երեխաները պետք է հասկանան, որ այն պետք է պահպանել և ոչ թե վնասել, հանդիպեն իրենց համայնքի ամենատարեց մարդուն, հարցուփորձ անեն նրան՝ ստանալու կարևոր տեղեկություններ սեփական համայնքի մասին։

Ահա այս ամենն է, որ երեխաների մեջ ինքնություն է ձևավորում, սրանք են, որ երեխայի մեջ ցանկություն են առաջացնում պահպանել ու փայփայել կարևոր արժեքները։ Այս առարկան նաև էկոլոգիական լուրջ ուղղվածություն ունի, որովհետև բնապահպանական կարևոր խնդիրները, որ այսօր կանգնած են մեր առջև, ցույց են տալիս, որ ամեն ինչ կախված է մեր պատասխանատվությունից։ 

Նախկինում չափորոշիչները հստակ ու չափելի չեն եղել, և դրանց հիման վրա կարող էին ստեղծվել տարբեր ուսումնական նյութեր։ Այժմ մենք փորձել ենք այնպես մշակել չափորոշիչները, որ դասագրքերի ոչ այնքան պիտանելի լինելու շանսերը հնարավորինս փոքրանան։ Նախկին դասագրքերում, օրինակ՝ հետազոտական աշխատանք չկար, տեքստեր էին, և երեխաներից պահանջում էին պատմել տեքստերը։ 

– Այսինքն՝ առարկայի գաղափարի փոփոխության հետ միաժամանակ մեթոդական փոփոխություննե՞ր են կատարվել։

– Միանշանակ։ Սա ավելի շատ կրթության կազմակերպման մոտեցումների փոփոխություն է, քան բովանդակային, որովհետև «Ֆիզիկա» առարկան չի փոխվելու, մարդիկ ուսումնասիրելու են նույն Նյուտոնի օրենքները, նույնը՝ «Կենսաբանություն» առարկայից։

Մենք հավակնություններ չունենք նոր գիտություն ստեղծելու, բայց, այո՛, դասավանդման մոտեցումները փոխվելու են՝ մի թեման մյուսից առաջ կանցնի, կամ այլ մոտեցմամբ կանցնեն։

Ինքս լինելով չափորոշիչների մշակման նախկին խմբերում ևս՝ կարող եմ ասել, որ այժմ շատ լուրջ աշխատանք է կատարվել։ Այստեղ արվել են և՛ հորիզոնական, և՛ ուղղահայաց համաձայնեցումներ․ բացատրեմ՝ ինչ նկատի ունեմ՝ նախկինում բոլոր դասագրքաստեղծ խմբերին կարելի էր մեղադրել, որ նույն նյութը կարող է գրված լինել և՛ 5-րդ, և՛ 7-րդ դասարանի դասագրքերում, հետո մոռանում էին, որ այդ թեման պետք էր զարգացնել, բայց ինչ-որ տեղ կտրվում էր թելը։

Այսինքն՝ նույն առարկայի մեջ ուղղահայաց համաձայնեցումները չկային ո՛չ չափորոշիչը ստեղծողների, ո՛չ դասագիրքը գրողների մեջ։ Չկային նաև հորիզոնական համաձայնեցումներ այլ առարկաների հետ։ Իսկ հիմա մենք շատ սերտ համագործակցելով ենք աշխատել։

Մենք ակնկալում էինք, որ առարկաները դասավանդող ուսուցիչները իրենց բովանդակային դիտարկումներով մեզ կօգնեն, բայց, ցավոք, քանի օր է՝ շրջանառվում են այդ չափորոշիչները, որևէ արձագանք չենք ստացել։ Գրեթե բոլոր առարկայախմբերում նույն պատմությունն է, ուսումնասիրված դիտարկում չենք ստացել։

– Ի՞նչ է դա նշանակում, ինչո՞ւ են ուսուցիչները պասիվ։

– Դա նշանակում է, որ մարդիկ չեն ուզում կարդալ, և շատ քչերն են, որ պրոֆեսիոնալ են մոտենում։ Իսկ աղմկարարները տարածում են մանիպուլյացիաներ, և դա անում են այն մարդիկ, որոնք իրավասու չեն, մասնագետ չեն այս դաշտում մասնագիտական կարծիք հայտնելու համար։

Չափորոշիչներում փորձում են գտնել ինչ-որ մի բառ և ծավալվում են դրա շուրջ, փորձում են դրա տակ հասկանալ ամեն ինչ, բացի դրա իրական նպատակներից։

Օրինակ՝ ուսուցիչների հետ հանդիպմանը հաճախ ներդրվում են այնպիսի մարդիկ, որոնք ուսուցիչ չեն, բայց ուղարկված են կարծիքներ գեներացնելու համար։

Այդպիսի հանդիպումներից մեկում մի մարդ անընդհատ ասում էր՝ հանե՛ք «բազմացում» բառը, քանի որ ես չեմ ուզում՝ իմ երեխան դա անցնի, և, բացի այդ, ես դժվարանում եմ այդ բառը արտաբերել երեխաների մոտ։ Ա՛յ այս որակի կարծիքներ են շրջանառվում։

Օրինակ՝ դարձյալ նման քննարկումների ժամանակ ասում են՝ Կենսաբանություն առարկայում չպետք է լինի «բեղմնավորում» բառը, իսկ ասեք տեսնեմ՝ կենսաբանության դասընթացի շրջանակում ինչպե՞ս բացատրել երեխային զարգացման մասին, կամ ասում են՝ նատուրալիստական նկարներով գրքեր չենք ուզում, որ լինի, իսկ երեխաներն ինչպե՞ս պետք է ավելի պատկերավոր անցնեն անատոմիան։

Դրանք հակագիտական արտահայտություններ են, ինչ-որ մեկը տարածում է, ու սկսում են կեղծիքի վրա հիմնված քննարկումներ։ Ինչպե՞ս կարելի է աքսիոմներ ապացուցել, իսկ այստեղ ներառվածը միայն աքսիոմներ են, և ապացուցման կարիք չունեն։

Օրինակ՝ շատ են հարցնում՝ մարմնի մասեր բաժին կա, ի՞նչ եք սովորեցնելու այդ բաժնով։ Ես ասում եմ՝ նախորդ դասագրքում էլ է եղել, այո՛, երեխաների աշխարհաճանաչողությունը սկսվում է իրենց օրգաններով՝ աչքով, ականջով, զգալով, շոշափելով։ 

– Ինչ եք կարծում՝ ինչո՞ւ են այս չափորոշիչները հայտնվել քննադատության թիրախում, տեղեկատվության պակա՞ս կա, թե՞ այլ խնդիր է։

– Չեմ կարող ասել, բայց ես արդեն խոսեցի համայնքի, հայրենիքի պաշտպանության մասին և տարբեր տեղերում տեսել եմ՝ գրել են՝ ոչ մի խոսք չկա ոգու մասին, ազգ, հայրենիք, ընտանիք հասկացությունների մասին։ Այդ խոսակցությունները բացարձակապես սուտ են։

Մենք հայրենիքի թեմա ունենք, այդ թեման ունեցել ենք նաև նախկին չափորոշիչներով, և հայրենիքի թեմային այնքան սիրուն է անդրադարձը, որ զարմանում եմ՝ ինչպե՞ս են նման խոսակցություններ տարածվում։ Երեխան իր հայրենիքը պետք է սիրի ճանաչելով։ Ամեն երեխա հայրենիքի ճանաչումը պետք է սկսի իր գյուղից, իր մարզից՝ աստիճանաբար մեծացնելով շրջանակը։

Ձեզ մի բան ասեմ՝ միջազգային ստուգատեսներում մեր աշակերտները շատ ցածր արդյունք են գրանցել, և հիմա ես զարմանում եմ, որ ազգը փրկելու մարմաջով տարված անձանց կամ խմբերին ինչո՞ւ չի հետաքրքրել, որ մեր երեխաները վերլուծական կարողությունները, քննադատական մտածողությունը ստուգող հարցերում չափազանց ցածր, նույնիսկ՝ ամոթալի արդյունքներ են գրանցել։

Այսօր, այո՛, մենք մեր առջև դրել ենք խնդիր, որ այնպես դարձնենք, որ մեր երեխաները միջազգային ստուգատեսներում այլևս այդ արդյունքը չունենան։ Մենք նաև ուսումնասիրել ենք այդ ստուգատեսների հարցաշարերը, ու կարող եմ ասել, որ բնագիտական թեմաներում կլինեն փոփոխություններ։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am