Ամուլսարի «ոսկե» թնջուկը

Վահրամ Թոքմաջյան

Վերջին օրերին սրվել է իրավիճակն Ամուլսարի խնդրի շուրջ: Այս հարցը սպառնում է դառնալ ՀՀ թիվ մեկ ներքաղաքական օրակարգը: Ընդհանրապես պետության և հանրային կյանքին առնչվող ցանկացած հարց քաղաքական է:

Իհարկե սկզբից դրանք ստանում են այլ բնութագրումներ՝ կրթական, բնապահպանական, մշակութային և այլն: Բայց արդյունքում բոլոր հարցերը դառնում են քաղաքական՝ բառի ոչ կուսակցական իմաստով: 

Մենք արդեն ունենք պատմական կենսափորձ, թե ինչի կարող են վերածվել բնապահպանական շարժումները: Այժմ ապոկալիպտիկ գուշակություններ չէ, որ ուզում եմ անել: 

Ամուլսարի հարցը ժառանգել ենք շատ վաղուց: Թելերը տանում են երկրորդ նախագահի կառավարման ժամանակաշրջան: Փոխվել են նախագահներ, փոխվել են կառավարություններ, Հայաստանում կարծես հեղափոխություն է եղել, սակայն Ամուլսարի խնդիրը մնացել է: Ժառանգվել է հոսող ջրի նման ու կայուն վարարում է:

Սա մի բարդ և բազմաշահ գործընթաց է, որտեղ բախվում են ամենատարբեր բևեռներ: Հասարակ քաղաքացու համար շատ դժվար է կողմնորոշվել այդ գորդյան հանգույցում:

Վերջին օրերի զարգացումները խոսում են հենց այդ մասին: Ցանկացած անհասկանալի իրավիճակում կլինեն ուժեր, որոնք կփորձեն օգտվել՝ էլ ավելի ապակայունացնելով իրավիճակը:

Թե ինչպես այն հստակեցնել՝ կասեմ ավելի ուշ: Հիմա մենք ականատեսն ենք հերթական արարի: Այդ ուժերը կան և փորձելու են պղտոր ջրում ձուկ որսալ դեռ երկար ժամանակ: Խոսքը բնավ չի առնչվում բոլոր քաղաքական ուժերին: Այստեղ նույնպես կա բազմաշերտություն:

Որոշ չաղտոտված ուժեր փորձելու են խնդիրը տանել օբյեկտիվ ռադիկալիզմի դաշտ ու շահել քաղաքական միավորներ:

Սա տրամաբանական է, եթե հաշվի առնենք այն, որ նրանք կապ չունեն նախկինների հետ, իսկ իշխանությունն այդ ուժերի հետ չի մտնում այլ՝ բովանդակային բանավեճի տիրույթ:

Այստեղ նրանց կարող է առավելություն տալ քաղաքական գործընթացներին ոչ բնորոշ բնութագրիչ՝ ազնվությունը:

Նախկինների հետ կապ ունեցող խմբերն ունեն իրենց շահերը՝ հարվածել իշխանություններին: Այստեղ նրանք ոչ թե սեփական ռեյտինգի հարցն են լուծում, այլ իշխանության ռեյտինգի նվազեցման:

Նույնը կարող ենք ասել նաև բնապահպան-ակտիվիստների մասին: Ես կարող եմ համաձայն չլինել բնապահպանների հետ:

Կարող եմ չկիսել նրանց մտորումները, գործելաոճի դրսևորումները, բայց չեմ կարող չհարգել նրանց դիրքորոշումը: Ավելին, այստեղ ևս նույն բազմաշերտությունն է, ինչ կուսակցությունների մակարդակում:

Կան իրապես ազնիվ, իրենց համոզմունքներում հիմնավոր, տեսակետ ներկայացնող բնապահպաններ, որոնց հանրությունը առաջին օրը չէ, որ ճանաչում է:

Նրանք նույն հաջողությամբ կարող են պայքարել թրթուրների պոպուլյացիային խանգարող գործոնների դեմ:

Սա ես հասկանում եմ:

Կան ֆեյք «բնապահպաններ», որոնք, հնարավոր է՝ վճարվում են, ինչպես ֆեյքերի զգալի մասը, կամ չեն վճարվում: Իսկ եթե անգամ վճարվում են, ապա ինձ համար գոնե հասկանալի է. փող են աշխատում:

Ելնելով վերոգրյալից՝ սկսվում է օբյեկտիվ կասկածների ու հնարավորների մի անվերջ շղթա:

Հնարավո՞ր է, որ Ամուլսարի շահագործումը չի վնասելու ջրային ռեսուրսները: Հնարավոր է: Բայց հնարավոր է նաև հակառակը: Խճճվում ես, մի տեսակ դառնում է, եթե քեռին կին լիներ, կդառնար մորաքույր պատմությունը:

Հնարավո՞ր է, որ Ամուլսարում այդքան ոսկի չկա, իսկ թվերը պարզապես ուռճացված են: Հնարավոր է:

Հնարավո՞ր է, որ այս տարածքի հետ կապված այլ հանքարդյունաբերողներ ունեն հետաքրքրություններ:

Հնարավոր է:

Մեր մեջ ասած, ես չեմ խառնվում Աստծո, բանկիրների ու հանքարդյունաբերողների գործերին: Բայց մյուս կողմից էլ՝ սիրտս մի կասկած է մտել՝ հնարավո՞ր է, որ ֆեյք «բնապահպանների» ֆաբրիկաներ են բուծվում: Թերևս աղոթքի զորությամբ վանեմ այդ պիղծ մտքերը:

Հնարավո՞ր է, որ հասարակական սեկտորի որոշ ներկայացուցիչներ այդքան էլ անկեղծ չեն: Հնարավոր է:

Հնարավո՞ր է, որ հանքի չշահագործվելը ձեռնտու է հենց պայմանական շահագործողներին: Հնարավոր է:

Իսկ խնդրի առկայությունը ձեռնտու չէ առավելապես իշխանությանը: Իշխանությունը պարզապես չի կարող լռել:

Իշխանությունը պարտավոր է պատասխանել ու դիրքորոշում հայտնել բոլոր «հնարավոր»-ների շուրջ: Դա իշխանության ուղղակի պարտականությունն է: Որքան երկար լռի իշխանությունը, այդքան ավելի է խորանալու խնդիրը:

Եթե այսօր մենք ականատեսն ենք եռակողմ բախման՝ ցուցարարներ, ոստիկանություն, պահնորդական պահպանություն, ապա վաղը կարող ենք ականատեսը լինել շատ ավելի կողմերի: Իսկ վերջում, ինչպես որ էր սկզբում՝ Քաոսն է, մնում է գտնել Քրոնոսին:

Ի վերջո, իշխանությունը պետք է հայտնի հստակ դիրքորոշում, քանի որ պայմանավորվել ենք անկեղծ լինել:

Լինել բաց ու շիտակ, առանց տողատակերի: Իշխանության խոսքը հստակություն կմտցնի բոլոր կողմերի դիրքորոշումներում:

Չի կարելի 2 տարուց ավելի ծամել կամ խարխափել մի թեմայից, որը դառնում է քո երկրի թիվ մեկ ներքին օրակարգը: 

Իշխանությունը պարզապես պարտավոր է հստակ պատասխանել. հանքը շահագործվում է կամ հանքը չի շահագործվում: Սա քաղաքական որոշման մասով: Իսկ «հնարավոր»-ների շուրջ կարիք ունենք պատշաճ պարզաբանումների: Սա այն դեպքն է, երբ լռությունը խոհեմության նշան չէ:

Այս պատմության մեջ թերևս մի բան է հստակ՝ արևը դուրս է գալիս արևելքից և մայր մտնում արևմուտքում:

Ամուլսարի հարցում չկողմնորոշված քաղաքացի՝ Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am