«Ռիսկը գործի կեսն է, եթե ռիսկի չդիմես, ոչնչի չես հասնի». մայրության և բազում դժվարությունների խաչմերուկում Մերին փորձում է կրկին հաղթանակած դուրս գալ

Ապրելու և հաղթելու Մերիի պատմությունը սկսվեց 27 տարի առաջ, երբ ընդամենը 7 տարեկան էր։

«Ռիսկը գործի կեսն է, եթե ռիսկի չդիմես, ոչնչի չես հասնի»,- իր կյանքի կռվում հաղթելու բանաձևն է ներկայացնում առաջին խմբի հաշմանդամ, միայնակ մայր, Սյունիքի մարզի Կապան քաղաքի 35-ամյա բնակիչ Մերի Մեժլումյանը։ 

Նա բակում խաղացող հենց այն աղջնակն է, որ 1993-ի հուլիսի 23-ին թշնամու ինքնաթիռի ռմբակոծությունից, կասետային ռումբի պայթյունից հրաշքով ողջ մնաց, բայց ծանր վիրավորվեց՝ կորցնելով ձեռքերն ու մեկ ոտքը։ 

«Դեպքից 8 տարի հետո մայրս մահացավ։ Ինքնուրույնության, ուժեղ կամքով, առաջ շարժվելու, դժվարություններից չընկրկելու դաստիարակությունը հայրիկիցս եմ ստացել։ Նա էր ինձ թև ու թիկունք այս տարիներին»,- պատմում է Մերին։

«Բառերով չնկարագրվող երջանկություն է, պետք է զգալ»

Ընդամենը մի քանի ամիս առաջ ռումբի մի նոր պայթյուն դարձավ Ղարաբաղյան պատերազմի հետևանքով երկու ձեռքն ու ոտքը կորցրած Մերիի՝ երեխա լույս աշխարհ բերելու լուրը։ Համայնքում ոչ բոլորը միանշանակ ընդունեցին փաստը։

«Երկար եմ մտածել։ Շատ հաճախ եմ ինձ հարց տվել՝ ինչպիսի՞ ապագա եմ ուզում ունենալ։ Գիտակցում էի, որ հայրս ու եղբայրներս միշտ չեն կարող իմ կողքին լինել, և, ինչո՞ւ ոչ, ես էլ կին եմ և իրավունք ունեմ բոլորի պես ամուսնանալ, բալիկներ ունենալ։ Ճիշտ է, չեմ ամուսնացել, միայնակ մայր եմ, բայց այս դեպքում կարգավիճակն ինձ չի մտահոգում։ Ես Կարեն ունեմ, որով և ապրում եմ։ Կյանքիս գերագույն նպատակը մայրության բերկրանքը վայելելն էր»,- «Մեդիալաբին» ասում է Մերին։ Նրա խոսքով՝ դա բառերով չնկարագրվող երջանկություն է, պետք է զգալ։ 

Քաղցր, հրեշտակ, սիրտ՝ սևահեր ու թխաչյա որդուն խոսքով գոնե գուրգուրելու հարցում մայրը շռայլ է, բայց էլի խոսքերը չեն հերիքում։ Հպարտությամբ պատմում է, որ առաջին իսկ օրից Կարենին մայրական կաթով է կերակրել։ Ճիշտ է, որքան մեծանում է, ախորժակն ավելանում է. այս ամսից սկսել է հավելյալ սնունդ էլ տալ։ Դժվարությունները քիչ չեն, բայց, ասում է՝ իր կյանքի ամենաքաղցր դժվարությունն է։

Երեխայի խնամքի հարցում հորեղբոր կինը թեպետ կողքին է, ինքն էլ ամեն կերպ փորձում է ինքնուրույն հոգալ երեխայի կարիքները, օրինակ՝ տակդիրը փոխել: 

Պայքարում եմ, որ պետությունն էլ իր անելիքն անի

Մերին ապրում է վարձակալած բնակարանում։ Առաջին հարկ է, պայմանները՝ ոչ այնքան բարվոք, բայց ստեղծել է իր հարմարությունները։ Մաքրությունը կարևոր նախապայման է։ Կենցաղային հարցերից էլ է գլուխ հանում՝ կարողանում է ճաշ պատրաստել, ոտքով արդուկ անել, ամանները լվալ։

Մերին չի տրտնջում, անում է հնարավորը և ուզում, որ պետությունն էլ՝ պատասխանատուները, իրենց կողմից աշխատեն՝ հարթելու իրավակարգավորումները, որոնք կօգնեն իրեն ստանալ «պատերազմի հաշմանդամի» կարգավիճակ։ Այս դեպքում, ասում է՝ թոշակը փոքր-ինչ բարձր կլինի, գոնե կիմանա՝ հացի գումար ունի։ 

«Ուզում եմ պատերազմից տուժածի կարգավիճակ ունենալ, հիմա իմ փաստաթղթերում գրված է՝ մանկուց հաշմանդամ, բայց չէ՞ որ ես պատերազմի հետևանքով եմ այսպես դարձել։ Կարգավիճակս որ փոխվի, թոշակս էլ կավելանա, հետագայում իմ երեխային կկարողանամ նվազագույնն ապահովել»,- ասում է երիտասարդ մայրը։ 

Այս խնդրով տարիներ շարունակ դիմել է տարբեր ատյաններ, բայց մինչ օրս հարցը մնում է չլուծված։ 

Երազանքն է, որ տուն ունենա։ Իհարկե, հենց այս պահին խիստ առաջնայինը խնամակալ ունենալն է, հորեղբոր կինը մինչև ե՞րբ կարող է օգնել… Իրեն և երեխային խնամակալ է պետք։ Ասում է՝ պետությունը պետք է մտածի նման ծառայությունների մասին, պետք է իր նման կանայք շատ լինեն, որ պետությունը մտածի… Ինչո՞ւ ինքը չպետք է մարդավարի ապրի։

Չկա վիճակագրություն, չկա խնդի՞ր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից պաշտոնապես տեղեկացնում են, որ հանրապետությունում հաշմանդամություն ունեցող միայնակ մայրերի վերաբերյալ որևէ վիճակագրություն չեն վարում։ Փաստում են՝ առհասարակ ՀՀ-ի ոչ մի պետական կառույց չունի նման վիճակագրություն. հաշմանդամություն ունեցող միայնակ մայրերի առումով չունեն նաև որևէ քաղաքականություն։ 

Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը նշում է, որ Մերին իրենց միջոցով ևս դիմել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Խնդրել է աջակցել, խնամակալ տրամադրել, մինչև կլրանա երեխայի երկու տարեկանը։

«Ես էլ եմ նախարարության հետ քննարկում ունեցել, տեղեկացրին, որ նման գործիքակազմ չունեն, որ կարողանան այդ հարցը լուծել, բայց տարբերակներ էին մտածում: Չգիտեմ՝ նախարարությունը դրանից հետո անձնական կոնտակտ ունեցե՞լ է, թե՞ ոչ»,- «Մեդիալաբին» ասում է մարզպետի տեղակալը։ 

Մարզպետարանը սոցիալական ֆոնդ ունի, որով տարեկան մեկ անգամ՝ առավելագույնը 100 հազար դրամի չափով, կարողանում է քաղաքացիներին օգնություն տրամադրել: Մերիին առայժմ այդքանով են կարողացել օգնել։ Նաև առաջարկել են՝ եթե նյութական խնդիրներ ծագեն, դարձյալ դիմի մարզպետարան: Ըստ մարզպետի տեղակալի՝ կան մարդիկ, որոնք պատրաստակամ են աջակցելու: 

«Բայց հիմնական լուծումը մեզնից կախված չէ, եթե Մերին վերջնականապես որոշել է, որ իրեն խնամակալ է անհրաժեշտ, կարծում եմ՝ պետությունը պետք է այս հարցում միջամտի։ Եվս մեկ անգամ անձամբ կփորձեմ խնդիրը բարձրաձայնել համապատասխան ատյաններում»,- վստահեցրեց Նարեկ Բաբայանը: 

Համայնքը ևս լիազորություն չունի

Խնամակալի տրամադրման հարցով համայնքը ևս լիազորություններ չունի, չնայած Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հանդիպել է Մերիին, հետաքրքրվել նրա և բալիկի առողջությամբ, կարիքներով: Փարսյանը պատրաստակամություն է հայտնել օժանդակել ինչով կարող է:

Համայնքապետարանի քարտուղարության բաժնի պետ Աննա Գաբրիելյանը տեղեկացնում է՝ տարիներ առաջ Մերիի կարգավիճակի փոփոխության հարցով փորձել են օգնել, բայց գործը հաջողություն չի ունեցել: 

«Գլոբալ հարց է, օրենսդրական լուրջ կարգավորման կարիք կա: Մերիին կարող ենք աջակցել՝ ըստ իրավիճակի, ծագած խնդիրների, բայց երկարատև լուծում տալ այժմ հնարավոր չէ, օրվա իրավակարգավորումները հնարավորություն չեն տալիս: Նման հարցերը միայն պետական մակարդակով կարող են լուծում ստանալ, իսկ այսօր մեր գործող օրենսդրությունն այդ հարցում բավականին թերի է»,- «Մեդիալաբին» ասում է Աննա Գաբրիելյանը: 

Նրա խոսքով՝ սոցիալական աջակցության պետական ծրագրերում նման մարդիկ պետք է տեղ ունենան, եթե հաշմադամություն ունեցող ոչ բոլորին, ապա այս խմբին իհարկե, կարիքները գնահատելով` պետությունը պետք է աջակցի խնամակալների ապահովման հարցում:

Օրենսդրական կարգավորման սպասելով

Նպաստելով Հայաստանում հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների սեռական, վերարտադրողական իրավունքների պաշտպանությանը` տարիներ առաջ Գյումրու «Ագաթ» ՀԿ նախաձեռնությամբ իրականացվեց «Ես ունեմ մայրանալու իրավունք» ծրագիրը:

ՀԿ ղեկավար Կարինե Գրիգորյանի խոսքով՝ հաշմանդամություն ունեցողների՝ երեխա ունենալու առումով բազմաթիվ խնդիրներ կան: Հաշմանդամություն ունեցող կնոջ համար բժշկական հաստատությունները, գինեկոլոգիական ծառայությունները, սարքավորումները, կահավորանքն անմատչելի են: 

«Ամենամեծ խնդիրն այն է, որ մտածում են՝ ինչպե՞ս պետք է հաշմանդամություն ունեցող կինը երեխա ունենա կամ՝ հաշմանդամություն ունեցող կինը չի կարող լինել լավ մայր, հաշմանդամությունը կփոխանցվի սերնդին և այլն: Կարծրատիպերը շատ են, որ պետք է փոխվեն։ Հաշմանդամություն ունեցող կինն իր հերթին իրավունք ունի սիրել ու սիրվել, իր իսկ ցանկությամբ ամուսնանալ ու երեխա ունենալ, կամ լինել միայնակ ունենալ»,- նշեց Գրիգորյանը: 

Գրիգորյանի խոսքով՝ մեր պետությունը չունի կոնկրետ որդեգրած քաղաքականություն կամ ռազմավարություն, որ առանձնացնի կամ տարանջատի, ինչ-ինչ իրավունքներ տա հաշմանդամություն ունեցող կանանց, մայրերին:

Նույնիսկ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենք չունենք. «2010 թ. մեր պետությունը վավերացրեց Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան։ Ստացվեց, որ պետք է անպայման օրենք ունենանք, բայց մինչ այժմ չունենք։ Նախագիծն արդեն պատրաստ է, բավականին լավն է, ամրագրված է, որ հաշմանդամություն ունեցող անձն իրավունք ունի ունենալ անձնական օգնական, որը գնահատվում է տարբեր չափորոշիչներով։ Բայց նախագիծը դեռ չի ներկայացվել ԱԺ-ի քննարկման…»։

Նա ապացուցում է, որ հաշմանդամություն ունենալը դատավճիռ չէ

Քիչ չեն դեպքերը, երբ հաշմանդամություն ունեցող մարդիկ կորցնում են կյանքի հանդեպ հետաքրքրությունը, դժվար են ինտեգրվում հասարակությանը: Կապանի մանկական կենտրոն ՀՈԱԿ-ի հոգեբան Անուշ Գրիգորյանն ասում է՝ Մերին իր ապրած կյանքով, աշխատանքով ու համարձակությամբ ապացուցում է, որ հաշմանդամություն ունենալը խնդիր չէ հաջողությունների հասնելու համար։ 

Անուշ Գրիգորյանի խոսքով՝ այս դեպքում գործ ունենք հոգեբանական տեսանկյունից դժվար փուլերը հաղթահարած, անձնային որակները փոխած, առավել կայուն և որոշումներ կայացնելու պատրաստ մարդու հետ: 

«Յուրաքանչյուր մարդ ունի ընտրության հնարավորություն, չնայած հասարակության կարծիքը միանշանակ չէ: Եթե հաշմանդամություն ունեցող կինը կարողանում է հաղթահարել վախերն ու համաձակվում է գնալ այդ քայլին` մայրանալ, միայն խրախուսելի է: Երեխան խթան է, որ կինը կարողանա առաջ գնալ, հասկանա, որ կա մեկը, որի մասին ինքը պիտի հոգ տանի, սիրի: Բացի դրանից, երեխան բերում է պաշտպանվածության զգացում, ստեղծում նրա վաղը»,- ասում է հոգեբանը: 

«Երեխա ունենալը ցանկացած կնոջ համար հերոսություն է» 

«ժպտերես բալիկ է՝ ինձ նման, մի քիչ մնաք՝ կհամոզվեք»,- ասում է Մերին։ Երբ մոր հետ զրույցով ենք ընկնում՝ մի քանի վայրկյան նրան անուշադրության մատնելով, ձայներով սթափեցնում է, կարծես ասելով՝ ես էլ եմ այստեղ։ 

Մերիին շատերը «հերոս մամա» են ասում, իրեն այդպես զգո՞ւմ է։ 

«Չէ՛, ծիծաղս գալիս է, որ այդպես են ասում: Երեխա ունենալն արդեն իսկ հերոսություն է, ես լինեմ, դու լինես, թե մեկ ուրիշը: Երբ 9 ամիս կրծքիդ տակ մեծ դժվարություններով կրում ես փոքրիկին, լույս աշխարհ բերում, հասկանում ես, որ այդ ամենը ոչինչ էր… Նրա մի հայացքը, ժպիտը, պարզապես գոյությունը… Նա կա, քո միսն ու արյունն է»։

Նելլի Միրզախանյան

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Նվեր Զելյա

Հոդվածը պատրաստվել է մինչ պատերազմը։

MediaLab.am

Հրապարակումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ինտերնյուսի ֆինանսական աջակցությամբ: