Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցը Հայաստան փաստեց, որ հայ հասարակությունը պետականության ու ղեկավարման նոր մոդելի պահանջ ունի: Այս կարծիքին է «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, ով նկատում է, որ Հռոմի պապը լիդերության նոր չափանիշներ բերեց Հայաստան:
Հունիսի 24-26-ը այց կատարելով Հայաստան՝ պապը մի շարք ուղերձներ հղեց հայ հասարակությանն ու իշխանություններին: Բուռն քննարկման թեմա դարձավ այն, որ Հռոմի պապը Հայաստանում գտնվելու օրերին գերադասեց ոչ թանկարժեք ու հասարակ ավտոմեքենայով երթևեկել, նկատողություն արեց իրեն մոտենալ ցանկացողներին հրող անվտանգության աշխատակիցներին:
Հասարակությունը զուգահեռներ անցկացրեց հայաստանյան հոգևորականների ու իշխանությունների շքեղ ու Հռոմի պապի ժուժկալ ապրելակերպի միջև:
«Բոլորի համար նկատելի էր, որ Հռոմի պապը բացարձակ այլ լիդերության չափանիշեր բերեց իր հետ, և պատահական չէր, որ բուռն քննարկման առարկա էր դարձել պապի ժուժկալ կենցաղավարումը, համեստությունը, մարդասիրությունը: Եվ բավականին հաճախ էին զուգահեռները մեր հոգևոր որոշ առաջնորդների և պապի միջև: Բայց դա չէր սահմանափակվում միայն հոգևոր առաջնորդների հետ զուգահեռներով, այն նաև տարածվում էր աշխարհիկ ղեկավարների վրա: Այսինքն՝ կարող ենք ասել, որ պապն իր հետ բերեց, այսպես կոչված, լիդերության մի նոր չափանիշ ու մոդել, որը չափազանց պահանջված է հայ հասարակության կողմից»,- «Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը:
Նա նկատում է, որ Հայաստանում Հռոմի պապի հետ հաղորդակցվում էին ոչ միայն Կաթոլիկ եկեղեցու, այլև Առաքելական եկեղեցու հետևորդները: Դա ցույց տվեց, թե սիրո ինչ մեծ դեֆիցիտ ու պահանջ կա Հայաստանում նման ղեկավար ունենալու նկատմամբ: Եվ այս կտրվածքով, ըստ Սաֆարյանի, հասարակության ու Հռոմի պապի միջև կոնտակտը թերևս ստացված էր ու լավագույններից մեկը:
«Ես ուզում եմ առանձնացնել երկու միջոցառում, որոնք ցույց տվեցին, թե ինչ պահանջներ կան հայ հասարակության մեջ: Մեկն «Ավրորա» մրցանակաբաշխությունն էր, որը բացարձակ այլ մթնոլորտ ստեղծեց երկրում, երկրորդը՝ Հռոմի պապի այցը: Հայ հասարակությունը, ի պատիվ իրեն, ցույց տվեց, որ շատ բարձր պահանջներ ունի և ամենևին էլ մեզ առաջարկվող չափանիշների սպառողը չէ»,- նկատում է Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ հայ հասարակությունը փաստորեն պահանջ ունի պետականության ու ղեկավարման նոր մոդելի, և Հռոմի պապի այցը, թեև չի բերել լուրջ համակարգային փոփոխությունների, բայց նման ներուժ է բերել:
«Ցավ եմ ապրում, որ այսօր քաղաքական ուժերը, հատկապես ընդդիմադիր, չեն դառնում այդ նոր օրակարգի, պետականության ու ղեկավարման նոր մոդելի ձևակերպողը, և ամեն ինչ մնում է հասարակական պահանջարկի մակարդակում, ոչ ավելին: Իսկ հասարակությունն ինքնաբուխ չի կարող այդ մոդելը կյանքի կոչել կամ այնպես պարտադրել իշխանություններին, որ իշխանությունը փոխի երկրի ղեկավարման մոդելն ու ձևը»,- «Մեդիալաբին» ասում է Սաֆարյանը:
«Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» ղեկավար Աղասի Ենոքյանը կարծում է, որ Հռոմի պապի այցի ընթացքում կարևոր մեսիջ էր այն, որ նա առաջինը հայ ժողովրդին արդարություն մաղթեց:
«Եթե թարգմանենք ամերիկյան ժամանակակից քաղաքական լեզվով, դա նշանակում է՝ Հայաստանում այլևս չլինի կոռուպցիա՝ ոչ ֆինանսական, ոչ քաղաքական տեսանկյունից»,- «Մեդիալաբին» ասում է Աղասի Ենոքյանը: Հաջորդ մեսիջն, իհարկե, խաղաղությունն էր:
Ենոքյանի խոսքով՝ այս երկու մեսիջներն էին, որոնք Հռոմի պապի կողմից ուղղված էին հայ ժողովրդին: Այն, որ Հռոմի պապը Հայաստանում իշխանություններին ճոխ կյանքից զերծ մնալու «դասեր տվեց», Աղասի Ենոքյանի խոսքով, դա նրա ապրելակերպն է, սովորական քրիստոնեական ապրելակերպ է:
Նա նաև նկատում է՝ այն, որ Հռոմի պապը Հայաստանում արտասանեց Ցեղասպանություն բառը, խոսեց Ղարաբաղի մասին, Թուրքիայում հիստերիկ արձագանք ունեցավ: Այդ երկիրը համարեց, որ Հռոմի պապը կամ ապատեղեկացված է, կամ հայկական լոբբիի ազդեցության տակ է: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, Աղասի Ենոքյանը նկատում է, որ ադրբեջանցիները պապի խոսքերն ամբողջովին շուռ են տվել` ասելով, որ խաղաղության մասին խոսելով Հայաստանում՝ նա այդ խոսքերն ուղղել է հենց Հայաստանին: Այսինքն՝ Հայաստանից է պահանջել խաղաղություն:
Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ Վատիկանն ակնհայտ քաղաքականություն է վարում, և լավ իմաստով է քաղաքականություն վարում: Բայց քանի որ Վատիկանն ինքը քաղաքականության գործիք չէ, նրան որքան էլ մեղադրեն, «հանցանքի» վրա չեն կարող բռնել:
«Բայց այն, որ Հռոմի պապի այցելությունն ավելացրեց Հայաստանի քաղաքական անվտանգության ռեսուրսները, կաթոլիկ երկրների աջակցությունը բերեց, հատկապես այն երկրների, որտեղ հավատը մեծ դեր ունի, փաստ է: Այս կտրվածքով Հայաստանի անվտանգության խնդիրներով նրան քաղաքական աջակցություն ցուցաբերելը չափազանց մեծ միտք ստացավ, և ես կարծում եմ, որ մենք պետք է սպասենք Ցեղասպանության ճանաչման շարունակությանը հատկապես այնպիսի երկրների կողմից, որտեղ կաթոլիկ հավատքի դիրքերն ամուր են»,- ասում է Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ Հռոմի պապի այցը չափազանց կարևոր էր այն համատեքստում, որ անցնող ամիսներին Թուրքիան ակնհայտորեն աջակցում էր Հայաստանի և Արցախի դեմ ադրբեջանական ոտնձգություները: Եվ այս առումով կրկին ասպարեզ բերել Ցեղասպանության փաստը և Թուրքիային ստիպել, որ կամ ապացուցի, որ ցեղասպան պետություն է, կամ հրաժարվի իր անցյալից, անգնահատելի է:
«Ի վերջո չմոռնանաք Իսլամական կազմակերպության վերջին կոնֆերանսում ընդունված բանաձևը, երբ անգամ Ադրբեջանի կողմից փորձ արվեց Ղարաբաղյան հիմնախնդիրը կրոնական երանգի տակ ներկայացնել, և բանաձև ընդունվեց Թուրքիայում: Սրան ի հակադրություն ուղղակի Աստծուն աղոթք հղելն ու Ղարաբաղում խաղաղություն աղերսելն ինքնին քաղաքական քայլ է: Այս կտրվածքով, իհարկե, նաև տարածաշրջանային առումներով Հռոմի պապի այցելությունն ազդեցության առումով շատ մեծ է»,- ասում է Սաֆարյանը։
Էմմա Մանուկյան
MediaLab.am