Հայաստանում ամուսնալուծություններն ավելացել են, ամուսնությունները՝ նվազել. մասնագետները՝ պատճառների և իրավիճակի մասին 

Նախորդող տարիներին Հայաստանում ամուսնալուծություններն աճել են, ամուսնությունները՝ նվազել: Դա է վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները: 

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ Հայաստանում ամուսնալուծություններն աճել են 2․5 տոկոսով, ամուսնությունները՝ նվազել 4 տոկոսով։ 

2022 հունվար-սեպտեմբերին՝ 9 ամսվա ընթացքում, Հայաստանում ամուսնալուծության 3379 դեպք է գրանցվել, որը 2․5 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած։ 

«Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Լուսինե Գրիգորյանի խոսքով՝ ի թիվս այլ պատճառների 2022-ին նախորդած սթրեսային իրավիճակը՝ համավարակն ու պատերազմը, իրենց ազդեցությունն են ունեցել ամուսնալուծությունների թվի աճի վրա:

«Համավարակն ու պատերազմը, թվում է, համընդհանուր երևույթներ էին, բայց նաև դիտարկվեցին յուրաքանչյուր ընտանիքում։ Համավարակը ստեղծեց իրավիճակ, որ մնացինք տանը, և շատ ընտանիքներում, որտեղ մինչ այդ խնդիրները շրջանցվել էին, ավելի ցայտուն դրսևորվեցին։

Պատերազմն էլ սթրես էր բոլոր ընտանիքներում, որտեղ կարող էին գլուխ բարձրացնել ամենատարբեր խնդիրները։ Չմարսած պատերազմը, անարդարության զգացումը կարող են տրանսֆորմացվել դեպի ընտանիք, և ներքին կոնֆլիկտը անդրադառնալ ընտանիքի վրա»։

7 տարվա ամուսնական կյանքից հետո վերջերս ամուսնալուծված Երևանի բնակիչ Անահիտ Վարդանյանն ասում է, որ ընտանիքում խնդիրներ միշտ են եղել, սակայն սրվել են վերջին տարիներին: 

«7 տարի միասին ապրելուց հետո որոշեցի ամուսնալուծվել, սկզբում անտարբերություն ու վիրավորանքներ էին, իսկ վերջերս նաև ինչ ասես գլխիս բերում էր՝ էլ բռնություն, էլ դավաճանություն։ Այլևս չէի կարող տանել։ Պահ էր լինում, որ մտածում էի՝ գուցե հարմարվեմ հանուն երեխայի, հետո սթափվում էի ու հասկանում, որ երեխաս չի կարող անառողջ մթնոլորտում երջանիկ մեծանալ: Իրավիճակը բարդացավ քովիդի ժամանակ, երբ ամբողջ օրը տանն էինք, լարումը հասավ վերջին գծին»,- «Մեդիալաբին» պատմում է է 32-ամյա Անահիտը: 

Երևանը ամուսնալուծությունների սանդղակում ամենաբարձր ցուցանիշներն ունի: Այս մասին «Մեդիալաբին» ասում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: 

«Վիճակագրական տվյալների համաձայն՝ ամուսնալուծության բարձր ցուցանիշներով աչքի է ընկնում Երևանը, Երևան քաղաքի յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով ավելի քան 2 ամուսնալուծության դեպք է գրանցվել»,- նշում է Կույումջյանը։

Ամուսնալուծությունների բարձր ցուցանիշով Երևանին հաջորդում է Լոռու մարզը։

Այս առումով, հարաբերականորեն ամենացածր ցուցանիշը Գեղարքունիքում է, այս մարզում գրանցված ամուսնությունների համեմատ գրեթե մեկ ամուսնալուծության դեպք չի եղել: 

Հետաքրքրական է, որ ամուսնալուծությունների աճին զուգահեռ մոտ 50 տոկոսով նաև ավելացել են բռնության ենթարկված կանանց դիմումները Կանանց աջակցման կենտրոն։ 

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը այս հանգամանքը ևս պայմանավորում է համավարակի և պատերազմի հետևանքներով։

«Ընտանեկան բռնության հետևանքով դիմողները կրկնապատկվել են, դրանք ապացուցում են թվերը, ավելի քան 900 շահառու է դիմել ընտանեկան բռնության ենթարկված կանանց աջակցման կենտրոն։

Ազդել են և՛ համավարակը, և՛ պատերազմը, համավարակի օրերին մարդիկ երկար ժամանակ փակ մնացին միևնույն տարածության մեջ, բոլոր թաքնված կոնֆլիկտները, որոնք առկա էին, ցցուն դարձան։ Պատերազմն էլ իր հետևանքները թողեց ոչ միայն այն պարագայում, որ մարդիկ ընդհանուր սթրեսային վիճակում էին, այլև տղամարդիկ մեկնեցին ռազմաճակատ, և դրանից հետո նրանց հետ որևէ վերականգնողական աշխատանք չկատարվեց»,- ընդգծում է Հովհաննիսյանը։

Համավարակի և պատերազմի թողած ազդեցությունից բացի, հոգեբան Լուսինե Գրիգորյանն առանձնացնում է նաև այն հիմնական պատճառները, որոնք դառնում են ամուսնալուծությունների հիմք։

Պատճառներից մեկն այն է, թե ամուսնությունը որքանով է գիտակցված եղել երկու կողմից։

«Կա կարծրատիպային մտածողություն, թե տարիքդ արդեն անցնում է, պետք է ամուսնանաս, հոգեբանական ճնշումները բերում են նրան, որ մարդիկ կարող են իրար երկար չճանաչել և շատ կարճ ժամանակահատվածում ամուսնանալ։ 

Ամուսնությունից հետո յուրաքանչյուր կողմը ձեռք է բերում նոր դեր, դառնում է կին և տղամարդ, հետագայում՝ մայր և հայր: Պատրաստ չլինելով կյանքի, կենցաղային շատ դժվարությունների՝ զույգը չի կարողանում դրանք միասին հաղթահարել։ Եվ հետագայում հասկանում են, որ ստեղծված չեն իրար համար։

Ուստի շատ կարևոր է, որ ամուսնությունները տեղի ունենան գիտակցաբար, մարդիկ կարողանան երկար ժամանակ տրամադրել միմյանց ճանաչելու համար, ինչպես նաև այն կարևոր արժեքները, որոնց համար ընտրում են իրար»։ 

Ամուսնալուծության մյուս պատճառներից է, երբ զույգերն ամուսնանում են ոչ թե իրենց, այլ ծնողների նախաձեռնությամբ, կամ երբ ամուսնությունը տեղի է ունենում ֆինանսական հիմքերով, կողմերից մեկը կամ մյուսը հաշվի է առնում ֆինանսական կողմը, ապա հետագայում այդ նույն ֆինանսի բացակայությունը կարող է հանգեցնել ամուսնալուծության։

Հոգեբանի խոսքով՝ ամուսնալուծությունների պատճառ է նաև կնոջ, հարսի վերաբերյալ ավանդական և ժամանակակից պատկերացումների տարբերությունը։

«Ինչպե՞ս էին մեր ծնողները, տատիկ-պապիկները իգական սեռի ներկայացուցիչներին նախապատրաստում ընտանեկան կյանքին, որ ամեն ինչ պետք է հանդուրժել, ամեն ինչի հետ հաշտ լինել, հետ գալու տեղ չունես։ Այսօրվա իգական սեռի ներկայացուցչի ծնողը մեծ մասամբ այդ պատկերացումներով չի ամուսնացնում իր աղջկան, այլ ասում է՝ եթե լավ չլինի, մենք քո կողքին ենք: Այսօրվա կինը ավելի կայացած է, ավելի նախաձեռնող է, ինչու չէ, նաև իր կանոնները թելադրող է։ 

Շատ հաճախ կնոջ, հարսի մասին պատկերացումների փոփոխություններն էլ բերում են նրան, որ այսօր հայ կինը չի ուզում  շատ բան հանդուրժել, այն, ինչ հանդուրժել է նախկինում: Իհարկե, կան իրավիճակներ, որոնք չպետք է հանդուրժել, օրինակ՝ ամուսնու կախվածություններ կարող են լինել, բռնություն ընտանիքում, բայց մյուս ծայրահեղ դրսևորումը կա, որ շատ հաճախ հենց այդ նույն կայացած լինելու արդյունքում կողմը թեթև խնդիրներին էլ պատրաստ չի լինում, այսինքն՝ ինձ ինչ-որ բան դուր չեկավ, ամուսնալուծվեցի»։

Մասնագետի խոսքով՝ գոյություն ունեն նաև ընտանեկան ճգնաժամային փուլեր, որոնք ևս պետք է ճիշտ անցնել, յուրաքանչյուր ընտանեկան ճգնաժամի ճիշտ հաղթահարումը կտանի զարգացման, իսկ չհաղթահարելը կհանգեցնի ամուսնալուծության։

«Մենք պետք է գիտակցենք, որ մեր հարաբերությունները և մեր ընտանիքը բույսի նման են, որոնց մասին պետք է անընդհատ հոգ տանել, որ արդյունքը կարողանանք տեսնել։

Կենցաղային խնդիրներ, ինչ-որ իրավիճակներում իրար չհասկանալ՝ սրանք հաղթահարելի խնդիրներ են, բայց մենք շատ հաճախ ամուսնալուծության պատճառների մեջ ունենք նաև ծայրահեղ դրսևորումներ՝ ինչ-որ բան ինձ հարմար չէր, չհարմարվեցի, որոշեցի ամուսնալուծվել։ Այստեղ պետք է գանք պատասխանատվությանը, մենք պատասխանատու ենք մեր ստեղծած ընտանիքի, մեր երեխաների համար»,-նշում է հոգեբանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am