Մտավախություն կա, որ Ադրբեջանը կարող է հայկական ԶՈՒ համազգեստ հագցնել ահաբեկիչների դիակներին և հանձնել հայկական կողմին. ռազմական փորձագետ

Լուսանկարը՝ «SputnikArmenia»

Ադրբեջանի զինծառայողների կողմից հայկական զինված ուժերի համազգեստով հարձակում իրականացնելը մեր զորքերին շեղելու նպատակ է հետապնդում։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։

«Փորձ է կատարվում այդ մարտավարությունն ընտրել։ Դա պրակտիկ մարտավարություն է ընդհանրապես հակամարտությունների, պատերազմների պատմության մեջ՝ հակառակորդի համազգեստ օգտագործելով՝ մտնել հակառակորդի թիկունք։ Մենք դրա ականատեսը եղել ենք նաև 2016 թվականին, երբ փորձ կատարվեց Սարսանգի ջրամբարի մոտ դիվերսիոն ներթափանցման փորձ կատարել»,- ասում է Կարեն Հովհաննիսյանը։

Նշենք, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն այսօր տեղեկացրել է, որ արդեն մի քանի ուղղություններից ու զինծառայողներից տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար հարձակման փորձեր են կատարում նաև հայկական ԶՈՒ համազգեստով:

«Ի՞նչ նպատակ է դա հետապնդում.

• Նախ՝ ադրբեջանական կողմը հավանաբար նպատակ ունի շփոթեցնել հայ զինծառայողներին և դրա հաշվին հաջողությունների հասնել:

• Երկրորդ՝ նպատակ ունեն մի կողմից արհեստականորեն նվազեցնել ու թաքցնել իրենց զոհերը, իսկ մյուս կողմից՝ դիակների փոխանակման ժամանակ փորձել դրանք ներկայացնել որպես հայկական զոհեր: Ըստ ականատես զինծառայողներից մեկի՝ օրինակ, մոտ երկու շաբաթ առաջ Մատաղիսի ուղղությամբ այդպիսի մի հարձակման փորձի ժամանակ ադրբեջանական կողմը թողել է շուրջ 40 դիակ հայկական համազգեստով և հետ շպրտվել:

Հաշվի առնելով տարբեր ուղղություններում ու ժամանակահատվածներում արձանագրված այդ գործելաոճը՝ չի բացառվում, որ նման զոհերի թիվը նշանակալիորեն մեծ կլինի: Ավելին, հավանական է, որ նրանց մի մասը վարձկան ահաբեկիչներ լինեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարձկանների դիակների հետևից դժվար թե եկողներ լինեն: Ամեն դեպքում, համոզված եմ, որ երբ դիակների փոխանակման ժամանակը գա, հնարավոր է լինելու պրոֆեսիոնալ մեթոդաբանությամբ ապացուցել այդ դիակների ծագումնաբանությունը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել էր Արտակ Բեգլարյանը։

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը նշում է, որ հակառակորդի այդ քայլը դիակները հանձնելու գործընթացի հետ ևս կապ ունի։

«Երբ Բաքվի բռնապետը կոչ է անում դիակները հանձնել, այդ ժամանակ արդեն մտավախությունը մեծ է, որ դիակների հանձնման ժամանակ կարող են հայկական զինված ուժերի համազգեստը հագցնել ահաբեկիչների դիակներին և հանձնել հայկական կողմին՝ այդկերպ ազատվելով ահաբեկիչների մասին խոսակցություններից»,- ասում է Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ այս իրավիճակում հայկական կողմի անելիքները հետևյալը պետք է լինեն։

«Եթե դիակների մասին է խոսքը, հայկական կողմը հրաժարվեց փոխանակումից ու պաշտոնապես հայտարարեց, որ միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի օգնությամբ ու միջնորդությամբ կարող է գործողություններ իրականացնել։

Իսկ ինչ վերաբերում է այդ մարտավարությանը, որ հայկական համազգեստով են հարձակվում, դա արդեն կախված է տվյալ բնագծի կամ ճակատի հրամանատարական կազմի պրոֆեսիոնալիզմից, որպեսզի չտրվեն սադրանքի, ճիշտ ժամանակին կարողանան կողմնորոշվել և իրականացնել համապատասխան գործողություն»,- նշում է Կարեն Հովհաննիսյանը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am