«Թուրքիան ամեն անգամ կարողանում է խուսափել Եվրամիության պատժամիջոցներից, քանի որ նրա տարբեր անդամները տարբեր շահեր ունեն». թուրքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

Պարո՛ն Սաֆրաստյան, ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինն ասել է, որ թուրքական հետախուզությունը մասնակցում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին։ Սա Թուրքիայի մասնակցության հերթական ապացույցն է, ի՞նչ գործողություններ կարող են հետևել այս բացահայտումներին։

– Սա ցույց է տալիս, որ Թուրքիան ներգրավված է այս պատերազմի մեջ։ Թուրքիան ոչ միայն ղեկավարում է այս պատերազմը, այլև մատակարարում է, Ադրբեջան է տեղափոխում մերձավորարևելյան երկրներից իր կողմից հավաքագրված տարբեր տեսակի ահաբեկիչների։ Այնպես որ, սա նոր փաստ չէ մեզ համար։ Իսկ թե ի՛նչ միջոցներ կձեռնարկի Ռուսաստանը, դժվար է ասել։

– Օրերս տեղեկություն եղավ, որ թուրքական կողմի միջամտությամբ աշխատանքից ազատվել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը։ Արդյոք ի՞նչ են ցույց տալիս զարգացումները՝ Թուրքիայի ղեկավարությունը դժգո՞հ է Ադրբեջանի ղեկավարության գործողություններից։

– Ես դա չեմ կարող հստակ մեկնաբանել, որովհետև դրա մասին պաշտոնական հաղորդագրություն չկա։ Չեմ կարող ասել՝ մամուլի հաղորդագրությունները հավաստի՞ են, թե՞ ոչ։ Բայց ամեն դեպքում մենք կարող ենք պնդել, որ թուրք սպաների ներկայությունը Ադրբեջանում արդեն հայտնի փաստ է։ Ակնհայտ է, որ նրանք կարողանում են որոշիչ դեր ստանձնել ռազմաճակատում Ադրբեջանի գործողություններում։ 

Ամեն դեպքում՝ ադրբեջանական բանակի գործողությունները գոհացնո՞ւմ են Թուրքիայի իշխանություններին։

– Եթե ընդհանուր վերլուծություն անենք, ապա պարզ է, որ սա առաջին հարձակումն է, որը նախապատրաստվեց ու տեղի ունեցավ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից։ Սա կայծակնային պատերազմի մոդելով էր կազմակերպված, այսինքն՝ նպատակ ունեին շատ արագ հաջողության հասնել, բայց մեր զինվորի քաջության շնորհիվ այդ ծրագրերը տապալվեցին, և պատերազմը մտավ ավելի երկար փուլ։ 

Ես կարծում եմ, որ դա չի բխել այն ծրագրերից, որը նրանք նախապես պատրաստել էին։ Մեր զինված ուժերի հերոսության ու վարպետության շնորհիվ այդ ծրագրերը հօդս ցնդեցին։

– Եվրոպական երկրները ինչո՞ւ են հապաղում Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցում։

– Ես համոզված եմ, որ եվրոպական երկրները պետք է շատ վաղուց սկսեին Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել։ Եվ դա ոչ միայն կապված է Արցախի դեմ պատերազմում Թուրքիայի այս խայտառակ դերակատարության հետ, այլ նաև այն քաղաքականության հետ, որը Թուրքիան որդեգրել է Միջերկրական ծովի արևելյան շրջաններում, որն ուղղակի վտանգ է ներկայացնում Կիպրոսի և Հունաստանի ազգային շահին։ 

Եվ այն հակասությունները, որոնք այստեղ ի հայտ եկան Թուրքիայի և Ֆրանսիայի միջև, սրանք, իմ կարծիքով, պետք է արժանանային Եվրամիության հստակ պատժամիջոցների։ Բայց մենք տեսանք, որ հերթական անգամ դա տեղի չունեցավ։ 

Այսինքն՝ սա նշանակում է, որ Թուրքիան կարողանում է օգտագործել այն հանգամանքը, որ Եվրամիության անդամ տարբեր երկրներ տարբեր շահեր ունեն։ Մի մասը Թուրքիայի հետ որոշակի հարաբերություններ ունի, չի ուզում դրանցից հրաժարվել։ Եվ Թուրքիան ամեն անգամ կարողանում է Եվրամիության պատժամիջոցներից խուսափել։

– Առաջիկայում և՞ս չսպասել այդ պատժամիջոցներին։

– Դեկտեմբեր են տեղափոխել այդ հարցի քննարկումը, դեկտեմբերին պետք է տեղի ունենա Եվրամիության գագաթնաժողովը։ Ես, ճիշտն ասած, հույս չունեմ, որ դեկտեմբերին էլ որոշակի պատժամիջոցներ կսահմանեն Թուրքիայի նկատմամբ։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am