Ադրբեջանը պատրաստվում է խստացնել համացանցի վերահսկողությունը` օգտատերերի ինքնությունը բացահայտելու համար

Ադրբեջանը պատրաստվում է խստացնել համացանցի վերահսկողությունը` օգտատերերի ինքնությունը բացահայտելու համար
Ադրբեջանը պատրաստվում է խստացնել համացանցի վերահսկողությունը` օգտատերերի ինքնությունը բացահայտելու համար

Իշխանությունները ձգտում են ավելի խիստ վերահսկողութուն սահմանել համացանցում, սակայն բյուրոկրատական մեթոդներով դրան հասնելու դեպքում, երկիրը հետ կմնա առաջավոր տեխնոլոգիաներից:

Ադրբեջանի կառավարությունը նոր օրինագիծ է մշակում, որը թույլ կտա խստացնել համացանցի վերահսկողությունը, ինչը հնարավորության կտա բացահայտել համացանցից օգտվողների եւ հատկապես սոցիալական մեդիայի օգտատերերի ինքնությունը:  

Օրինագծի մշակման մասին ակնարկեց նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիեւը օգոստոսի 29-ին լրատվամիջոցների ղեկավարների հետ կայացած հանդիպման ժամանակ:

Մատնանշելով օգոստոսին հայ-ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղյան զինված ուժերի հետ շփման գծում արձանագրված աննախադեպ լարվածությունը`Մեհդիեւը հայտարարել էր, որ տեղի ունեցածը որոշակի ահազանգ էր, որը ցույց էր տալիս «ոչ պրոֆեսիոնալ եւ անօրինական» լուսաբանումներին վերջ տալու անհրաժեշտությունը:

«Ադրբեջանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության կամ սահմանադրական համակարգի դեմ ցանկացած ոտնձգությունը, ինչպիսի դրսեւորում էլ որ այն ստանա, ներառյալ տեղեկատվական անվտանգության եւ ազգային շահերի դեմ սպառնալիքները, պետք է համապատասխան իրավական գործողությունների արժանանա: Նախազգուշացնում եմ, որ այդ գործողություները կշարունակեն իրականացվել», – նշել է պաշտոնյան:

Ադրբեջանի խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության ներկայացուցիչ Սիյավուշ Նովրուզովը, բացատրելով օրինագծի էությունը, նշում է, որ խոսքն առավելապես վերաբերում է լրատվամիջոցներում հրապարակված նյութերի տակ հայտնվող մեկնաբանությունների բովանդակությանը, որոնք հաճախ վիրավորական բնույթ են կրում, քան տեղեկատվական անվտանգության տեսանկյունից սպառնալիք պարունակում:

«Այսօր կայքերը լի են վիրավորական արտահայտություններով ու զազրախոսություններ պարունակող մեկնաբանություններով: Եվ այդ ամենի հեղինակները հիմնականում մտացածին անունների տակ հանդես եկող օգտատերերն են: Սա էթիկայի նորմերի խախտում է այլ օգտատերերի նկատմամբ», – պնդում է Նովրուզովը:   

Նրա խոսքով, միակ լուծումը կլինի այն, որ օգտատերերը ստիպված լինեն գրանցվել սոցիալական մեդիայի կայքերում իրենց իրական անուններով:

Այսպես, ըստ Նովրուզովի, մեկնաբանություններ թողնելու համար օգտատերերը ստիպված կլինեն կայքում իրենց անձնագրերի սերիան մուտքագրել: Չնշելով, թե ինչպես է այդ համակարգն աշխատելու եւ ինչպես է ողջ գործընթացը վերահսկվելու`պատգամավորը հավատացնում է, որ այն արդեն իսկ գործում է մի շարք այլ երկրներում:  

Իրավաբան Ջաբիր Ալիեւի կարծիքով, սակայն, նման սահմանափակումները հակասում են խոսքի ազատության սկզբունքներին:

«Խոսքի ազատությունը ճշմարտությունը բացահայտելու միջոց է, եւ եթե դա տեղի է ունենում վեճերի կամ կարծիքների բախման միջոցով, ապա այն դիտավորյալ սահմանափակելը`նման պայմաններ դնելով, հաստատապես բացասական ազդեցություն կունենա բազմակարծության եւ ճշմարտության բացահայտման վրա… Քաղաքական ակտիվությանը եւս վնաս կհասցվի: Առանց անունը բացահայտելու անհրաժեշտության սեփական կարծիքն արտահայտելու հնարավորությունը խոսքի ազատության անքակտելի մասն է կազմում», – ասում է իրավաբանը:

Մի շարք ադրբեջանցի բլոգերներ եւ կայքերի պատասխանատուներ իրենց լրատվական գործունեության պատճառով այս պահին անազատության մեջ են: Նրանց շարքում է Աբդուլ Աբիլովը, որը ղեկավարում էր «Ո’չ շողոքորթներին» անվանումը կրող կայքը, «Հատվածներ ադրբեջանական հեռուստաեթերից» երգիծական կայքի հիմնադիր Օմար Մամեդլին, «Հրաժարական» կայքի ղեկավար Ֆարաջ Քարիմիովը եւ բազում այլ գործիչներ, այդ թվում`Ջամիլ Հասանլին, Էլսեվեր Մուրսալին, Ռաշադ Ռամազանովը, Օրհան Էյուբզադեն, Իլկին Ռուստամզադեն եւ Մամեդ Ազիզովը: 

Համացանցի օգտատերերն իրենց հերթին պնդում են, որ իշխանությունների կողմից առաջավոր տեխնոլոգիաների օգտագործումը սեփական նպատակների համար գործնականում անիմաստ է: Սոցիալական մեդիայի կայքերը սեփական օրենքներն են սահմանում իրենց օգտատերերի համար եւ դժվար թե վերափոխեն դրանք`Ադրբեջանի կառավարության նախաձեռնած հատուկ կարգավորումներին համապատասխանելու համար:

«Անհնար է սեփական օրենքներով հակազդել կայքերի սահմանած օրենքներին: Ֆեյսբուքն օգտատերեր ունի ոչ միայն Ադրբեջանում: Իսկ էլեկտրոնային լրատվական կայքերի մեկնաբանությունների համակարգը կարգավորելու համար մոդերատորներ կան: Նրանք իրենց սեփական օրենքներն ունեն: Կարծում եմ`խոսելով համացանցի բովանդակության զտումների եւ այլ երկրների փորձի մասին, Սիյավուշ Նովրուզովը նկատի ունի Չինաստանի, Հյուսիսային Կորեայի, Իրանի եւ Թուրքիայի նման պետությունները: Այս երկրների կառավարությունները լիակատար վերահսկողություն են սահմանել վիրտուալ տիրույթում մարդկանց անձնական կյանքի վրա: Գաղտնիության սկզբունքը ոչ ոք չի հարգում այնտեղ», – ասում է տարբեր սոցիալական մեդիա հարթակների ակտիվ մասնակից Ջավիդ Ագան:

Իրավաբան Ջաբիր Ալիեւն իր հերթին նշում է, որ իշխանությունների կողմից համացանցը վերահսկելու փորձերը գրաքննության նոր դրսեւորումներ են, որոնք դժվար թե երբեւէ իրենց արդարացնեն:

«Մարդիկ միշտ էլ խախտելու են արգելքները», – կարծում է նա`հավելելով, որ միակ իրատեսական մեթոդն այս դեպքում կլինի «համացանց  հիշեցնող կատարյալ ներքին ցանցի» ստեղծումը:  

«Անգամ Չինաստանը չկարողացավ հասնել դրան, որովհետեւ համացանցը միայն Ֆեյսբուքն ու Թվիթերը չէ: Ողջ բանկային համակարգը եւ բիզնես ոլորտը կախում են համացանցից: Նման կարգի վերահսկողություն սահմանելու համար պետք է պատրաստ լինել աշխարհից լիակատար մեկուսացման հեռանկարին», – եզրակացնում է Ալիեւը:

Դուրնա Սաֆարլի

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից։ (iwpr.net)