Մինչ իրավապաշտպանները եւ ոլորտում դիտարկումներ իրականացնող կազմակերպությունները շարունակում են ահազանգ հնչեցնել նույնասեռականների հանդեպ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում խտրական վերաբերմունքի եւ բռնությունների մասին, պատկան մարմինները պնդում են` «մտահոգությունն անառարկայական է»:
Ինչպես նշված է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի տեղակալ Արսեն Համբարձումյանի՝ «Մեդիալաբին» հուլիսի 16-ին թվագրված գրավոր նամակում, ՀՀ քրեակատարողական վարչությունն իր աշխատանքում հիմնվում է «մարդասիրության, օրինականության եւ օրենքի առջեւ դատապարտյալների հավասարության սկզբունքների վրա»:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին «Մեդիալաբի» ` «Սեռական շահագործում եւ «կեղտոտ աշխատանք». նույնասեռական դատապարտյալները «դժոխքում» են ապրում» հոդվածը պատմում էր քրեակատարողական հիմնարկներում նույնասեռական դատապարտյալների նկատմամբ առկա անմարդկային դաժան վերաբերմունքի մասին:
Նախկին դատապարտյալ Գոռը (անունը փոխված է) պատմում էր, թե նույնասեռականները ինչպես են շահագործվում ՔԿՀ-ներում, ինչ վերաբերմունքի արժանանում:
«Զոնի «լավ տղերքը» կալանավայրի աշխատողին 1000-2000 դրամ են տալիս, որ նույնասեռականներից մեկին բերեն իրենց խուց, եթե չի էլ ուզում, զոռով են տանում, էդ տղուն ոնց ասես օգտագործում են, հետո նույն աշխատողը հետ ա տանում իրենց խուց: Աշխատողներն են դաբրո տալիս կալանավորներին, ասում են՝ ոնց ուզում եք, ըտենց էլ շարժվեք»:
Նույնասեռականների նկատմամբ խտրական եւ անմարդակային վերաբերմունքի մասին «Մեդիալաբին» պատմել էին նաեւ քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամներն ու փորձագետը:
Նախքան հոդվածի հրապարակումը «Մեդիալաբը» առնվազն երկու անգամ գրավոր դիմել էր ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանին` խնդրելով թույլ տալ թեմայի շուրջ հարցազրույց անցկացնել վարչության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի ներկայացուցչի հետ:
Երբ հարցազրույցից հրաժարվեցին՝ պատճառաբանելով, թե նշված բաժինը ողջ անձնակազմով գործուղման մեջ է, «Մեդիալաբը» ՔԿՀ վարչություն դիմեց երկրորդ անգամ, երբ նախկին դատապարտյալից եւ դիտորդական խմբի անդամներից տեղեկություններ ստացանք, որ նույնասեռականների նկատմամբ անմարդակյին վերաբերմունքը հովանավորվում է հենց ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից: Իրավասու մարմնի ներկայացուցիչներըը թեեւ կրկին անգամ հրաժարվեցին դեմ առ դեմ պատասխանել մեր հարցերին, սակայն գրավոր պատասխան ստացվեց:
Չնայած նախկին դատապարտյալի եւ իրավապաշտպանների պնդումներին՝ ՔԿՀ վարչության պետի տեղակալը կարծում է, որ «Մեդիալաբի» կողմից ներկայացված հակաօրինական դրսեւորումները «որեւէ աղերս չունեն իրականության հետ»:
«Թե՛ ՀՀ գլխավոր դատախազության՝ պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության, թե՛ դատական մարմինների, թե՛ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, թե՛ քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի, թե այլ միջազգային կառույցների կողմից երբեւէ չի արձանագրվել սեռական կողմնորոշման կապակցությամբ կալանավորված անձանց կամ դատապարտյալների նկատմամբ այլ դատապարտյալների, առավել եւս՝ քրեակատարողական ծառայողների հակաօրինական կամ ոչ ադեկվատ վերաբերմունքի որեւէ դեպք, ինչը եւս խոսուն փաստ է Ձեր մտահոգության անառարկայական լինելու մասին»,- գրել է վարչության պետի տեղակալ Արսեն Համբարձումյանը:
Հայտնի իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի համար Համբարձումյանի նման պատասխանն առնվազն տարօրինակ է:
«Սա պատասխան է մի մարդու, ով կամ ընդհանրապես կապ չունի Հայաստանի քրեակատարողական համակարգի հետ կամ առնվազն մեկ անգամ չի այցելել քրեակատարողական հիմնարկներ կամ եթե նույնիսկ այցելել է, ապա չի հասկացել, թե ինչ է այնտեղ կատարվում»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:
Որպես քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի փորձագետ Սաքունցը նշում է, որ ակնհայտ սուտ է այն պնդումը, թե դիտորդական խումբը երբեւէ չի արձանագրել նույնասեռական դատապարտյալների նկատմամբ ոչ ադեկվատ վերաբերմունք՝ ինչպես պնդում է ՔԿՀ վարչության պետի տեղակալը:
«Մեր զեկույցներում անդրադարձ եղել է այդ խնդրին: Իսկ այն, որ նույնասեռական դատապարտյալը բողոք չի ներկայացնում իր նկատմամբ անմարդակային վերաբերմունքի վերաբերյալ, դա ապացուցում է, որ քրեակատարողական համակարգում տիրում է վախի այն մթնոլորտը, որ մարդիկ իրենց երաշխավորված չեն զգում, որ որեւէ հարց բարձրացնելուց հետո կարող են անվտանգ մնալ»,- պնդում է Արթուր Սաքունցը:
Թեեւ Արսեն Համբարձումյանը իր պատասխանում վստահեցնում է, թե «բարեփոխումների ուղին ընտրած քրեակատարողական ծառայությունը գործում է թափանցիկությանը եւ օրենքի գերակայության հրամայականով», այնուամենայնիվ, իրավապաշտպանը նշում է, որ «խորը հիասթափություն» է ապրել նրա պատասխանը ընթերցելիս:
«Ես իսկապես հիասթափված եմ, քանի որ անընդունելի եմ համարում նման մոտեցումը այնպիսի խնդրին, որը օբյեկտիվորեն գոյություն ունի»,- նշում է Սաքունցը եւ ՔԿՀ վարչության պետին հրավիրում է համատեղ այց կազմակերպել քրեակատարողական ցանկացած հիմնարկ եւ տեղում համոզվել, թե ինչ է կատարվում այնտեղ:
Իսկ թե ինչ է կատարվում, «Մեդիալաբին» պատմել է ականատեսը՝ նախկին դատապարտյալը. «Զոնի հայաթում 12 տեղանոց զուգարան կա, ըտեղ ամեն օր սեքս էին անում, նույնասեռականներին զոռով մտցնում էին զուգարան ու …»:
2013 թվականից ի վեր ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խմբի անդամ, «Նոր սերունդ» ՀԿ-ի նախագահ Սերգեյ Գաբրիելյանը նշում է, որ միանշանակ սպասելի էր, որ քրեակատարողական վարչությունը քննադատորեն կմոտենա իր կառույցի բացերին և իրավիճակին։
Նա նշում է, որ որպես իրավապաշտպաններ, մշտապես արձանագրում և արձագանքում ենք մարդու հիմհարար իրավունքների պաշտպանությանը խոչնդոտող բոլոր թերությունների մասին։ Եւ թեեւ ունենք շատ օրենքներ, որոնք համապատասխանում են թե ժողովրդավարության սկզբունքներին, և թե մարդասիրության գաղափարախոսությանը, այնուամենայնիվ «այդ օրենքների կիրարկումը դեռ բացակայում է»։
Սահակյանը վստահեցնում է, որ ՔԿՀ-ներում նույնասեռական անձանց իրավունքների ոտնահարման մասին են վկայում ՀՀ Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական դիտորդական խմբի կողմից հրապարակված զեկույցները:
«Առաջարկում եմ մտահոգությունները «ոչ առարկայական» որակելու փոխարեն, ընդունել այդ մտահոգությունների հիմքում ընկած ՔԿՀ-երում նույնասեռական անձանց նկատմամբ դրսևորվող խտրական վերաբերմունքի առկայության փաստը և շտկել սխալները՝ ապահովելով հավասար իրավունքներ բոլոր դատապարտյալների համար,-«Մեդիալաբին» ասում է Գաբրիելյանը,-Քրեակատարողական վարչության աշխատակազմին առաջարկում եմ նաև ծանոթանալ 2011-2012թթ-ի (էջ 29) եւ 2013թ-ի (էջ 15) զեկույցներին: Շուտով կհրապարակվի 2014թ-ի զեկույցը, որտեղ նույնպես անդրադարձ կա այս հիմնախնդրին»։
Տեղեկացնենք, որ հոդվածի հրապարակումը բուռն քննարկումների առիթ էր հանդիսացել` ուղղակիորեն արտացոլելով հասարակության խտրական վերաբերմունքը նույնասեռականների հանդեպ:
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի տասնյակ օգտատերեր հոդվածի հերոսին` Գոռին հայհոյանքներ ու սպառնալիքներ էին ուղղել. «Էդ քեզ քիչ ա, հլը բողոքում եք, այ գոմիկներ», «նույնասեռականներն առհասարակ իրավունք չունեն ապրելու», «տո լավ են արել, այ …. տղա, ես քո լավը …», «ձեզ վառելն էլ քիչ ա»:
«Նոր սերունդ» ՀԿ-ի բազմազանության խթանման բաժնի համակարգող Արման Սահակյանը կարծում է, որ երբ հասարակությունը նման բացասական եւ ագրեսիվ վերաբերմունք է դրսեւորում նույնասեռականների նկատմամբ, պարզապես անհնար է, որ կալանավայրերում նրանց նկատմամբ «ոչ ադեկվատ վերաբերմունք» չդրսեւորեն, ինչպես պնդում է ՔԿՀ վարչության պետի տեղակալը.
«Խոցելի խմբերի նկատմամբ սոցիալական ցանցերում դրսեւորվող ագրեսիան ուղիղ համեմատական է նույն անձանց նկատմամբ փակ հաստատություններում ապրող դատապարտյալների վերաբերմունքին: Բացասական եւ խտրական վերաբերմունքը համակարգային խնդիր է»,- «Մեդիալաբին» ասաց Արման Սահակյանը:
Բացասական վերաբերմունքի մասին խոսում է նաեւ Արժեքների համաշխարհային հետազոտությունը, որի համաձայն (World Value Survey Database 2010-2014), Հայաստանում ամենաբարձր անհանդուրժողականության մակարդակը նույնասեռականների հանդեպ է ` 92.7%:
Այդուհանդերձ, ՔԿՀ վարչության պետի տեղակալը «Մեդիալաբին» հայտնել է, որ ՀՀ քրեակատարողական օրենսդրությունը հիմնվում է մարդասիրության, օրինականության, օրենքի առջեւ դատապարտյալների հավասարության եւ այլ սկզբունքների վրա:
«Հիշատակված սկզբունքները զուտ դեկլարատիվ բնույթի ձեւակերպումներ չեն, այլ հանդիսանալով քրեակատարողական ծառայության իրավական անկյունաքարեր՝ անվերապահորեն պահպանվում են բոլոր ծառայությունների եւ հիմնարկների կողմից»,- նշել է Արսեն Համբարձումյանը:
Արման Ղարիբյան
© MediaLab.am