«Այս իշխանությունը հասունացնում է ևս մեկ 2018-ի ցնցում, որը մեր երկրի համար բավական ծանր հետևանքներ կարող է ունենալ». իրավապաշտպան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը

Տիկի՛ն Հովհաննիսյան, ավագանու արտահերթ նիստի շրջանակներում անցկացված փակ, գաղտնի քվեարկության՝ կողմ 44, դեմ՝ 10, արդյունքներով երեկ պաշտոնանկ արվեց Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը: Տեղի ունեցածն ինչպե՞ս եք բնորոշում:

– Բնականաբար բացասական եմ գնահատում կատարվածը, որովհետև իրականում տեսնում ենք իրավիճակ, երբ կուսակցական, խմբային մոտեցումները գերակշռում են նաև մարդու աշխատանքային գործընթացում արձանագրված առաջընթացներին: Չի դիտարկվում այդ մարդու աշխատանքային թերություններն ու առավելությունները, այլ դիտարկվում է, թե այդ անձը տվյալ խմբակի անդա՞մ է, թե՞ ոչ և այդ խմբակային շահում իրեն ինչպե՞ս է դրսևորում:

Ասվածի վառ ապացույցն է նաև այն հանգամանքը, որ Մարությանի քննադատությունը, կապված միջոցների չարաշահման հետ, երբ երկիրը գտնվում է ծանր վիճակում, իսկ պաշտոնյաները մեքենաների գնման ու այլ նպատակով գումարներ են օգտագործում, սվիններով ընդունվեցին, ու ամենացավալի, տխուր ու տհաճ իրավիճակն այն էր, որ պետական պաշտոնյաները փորձում են բոլոր տիպի քննադատությունները բերել ֆեյսբուքյան տարածք ու այդտեղ բավական վիրավորական ձևով հակահարվածներ ու պատասխաններ հնչեցնել:

Սա հասարակության համար ևս վատ նախադեպեր ստեղծող, հանրային դիսկուրսները բավականին ցածր որակի իջեցնող գործընթաց է, ինչը չի կարող դրական ազդեցություն ունենալ թե՛ հասարակության պատկերացումների, թե՛ քաղաքական համակարգերի, թե՛ պետական ինստիտուտների կայացման ճանապարհին:

Հայկ Մարությանի եզրափակիչ ելույթը ձեզ համար համոզի՞չ էր, որովհետև իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները հերքեցին նրա հնչեցրած գրեթե բոլոր հայտարարությունները:

– Այն հատվածով, որով մատնանշվում էր հանրային գործընթացները խմբի շահին սպասարկելուն, պետք է ասեմ, որ հեղափոխությունից առնվազն կես տարի հետո մենք արդեն իսկ բարձրաձայնում էինք, որ հեղափոխությունն արվել է հանրության միջոցով՝ հանրային շատ մեծ մոբիլիզացիայի ու տարբեր խմբերի մասնակցության միջոցով, իսկ դա դիտարկել որպես մեկ կուսակցության մենաշնորհ՝ անընդունելի է:

Ամբողջ գործընթացը եղել է համազգային, իսկ դա հետո ուզուրպացնել, դարձնել մեկ կուսակցության մենաշնորհ, ոչ միայն անարդար է, այլ նաև կործանարար այն առումով, որ այն, ինչը հանրային է, չպետք է մասնավորեցնել, դա խորացնելու է ներքին պառակտումը, որն էլ հերթական անգամ հարվածելու է պետականությանը:

Տիկի՛ն Հովհաննիսյան, կարծում եք, որ իշխանությունը հեղափոխության հաջողությունները սեփականաշնորհո՞ւմ է:

– Մենաշնորհում է, և դա, իհարկե, կործանարար է, որովհետև հանրության տարբեր շերտերի մասնակցությունը այդ գործընթացում բացառելով՝ բերում է մի վիճակի, որը կոչվում է մեկ խմբի կամ մեկ անձի կողմից ուզուրպացիա: Դա զավթման գործընթաց է, որ մենք տեսել ենք նախկին իշխանության ժամանակ, որը բերեց-հանգեցրեց պայթյունի:

Երբ հասարակության տարբեր շերտեր չեն մասնակցում պետությանն առնչվող այս կամ այն գործընթացներին ու չեն կարողանում իրենց նպաստը բերել նույնիսկ դրական գործընթացներին, դա հանգեցնում է պայթյունի:

Տեսանք, թե 25 տարվա ընթացքում ինչպիսի հետընթաց ապրեց պետական ինստիտուտը հենց այն ձգտմամբ, որ մեկ կուսակցություն փորձի ամբողջը կառավարել, կամ մեկ անձ փորձի ամբողջ գործընթացը մանիպուլացնել, նույնիսկ ըստ իր քմահաճույքի փոփոխի Սահմանադրությունը, որպեսզի կարողանա երրորդ ժամկետում վերարտադրվել, իսկ դա, ի վերջո, հանգեցրեց պայթյունի:

Հիմա այս իշխանությունը հասունացնում է ևս մեկ այդպիսի ցնցում, որը մեր երկրի համար բավական ծանր հետևանքներ կարող է ունենալ, հատկապես հիմա, երբ արտաքին վտանգն այդքան մեծ է:

Իսկ ձեր տպավորությամբ՝ այդ պայթյունը շո՞ւտ է տեղի ունենալու:

– Տեսանելի է, որ գործընթացները շատ ավելի արագացված տեմպերով են ընթանում, նույնիսկ հեղափոխությունից հետո ձևավորված նորընտիր խորհրդարանը երկու տարի չդիմացավ: Իսկ նման գործընթացները, որոնք շատ ցցուն կերպով բևեռացնում են հասարակությունը, բերում են ցնցումային գործընթացների արագացման:

Նկատի ունեք, որ գործող իշխանությունը բևեռացնո՞ւմ է հասարակությանը:

– Այսօր մենք ունենք ազգային միաբանության կարիք, որովհետև հետպատերազմյան գործընթացում, երբ հասարակությունը լրջագույն ցնցում է ապրել ու դեռևս չի ապաքինվել դրանից, աջակցության կարիք ունի, իսկ դրա համար պետք է նաև ներքին մոբիլիզացիա:

Ունենք արտաքին սարսափելի մարտահրավերներ, ու այս իրավիճակում, երբ ողջ հասարակությունն ուղղակի սպասման մեջ է, դարձյալ սեպ խրել հասարակության տարբեր խմբերի միջև ու ստեղծել կրկին բևեռացված իրավիճակ, կարծում եմ՝ լրջագույն հետևանքներով է հղի, ու մենք կունենանք առնվազն բազմաթիվ այսպիսի չկայացած գործընթացներ:

Ցավոք սրտի, այսօր իշխանության ղեկին կանգնած խումբը բացարձակապես չի կարողանում գիտակցել ու գործել՝ պետական ու հանրային շահի սկզբունքներից բխելով: Այդ սկզբունքները ոչ միայն չեն պաշտպանվում, այլև, շատ հաճախ, դրանց դեմ որոշումներ ու գործողություններ են իրականացվում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am