Ժավելի բուդկայի Մանոն

Ժավելի բուդկայի Մանոն
Ժավելի բուդկայի Մանոն

Մեր կողքի բակում ժավելի վաճառքի մի ավտոտնակ կար։ Մեր մանկության տարիներին ամեն ինչ դեֆիցիտ էր, նույնիսկ եթե արդյունաբերական քաղաք էր, ու քիմիական հսկայական գործարաններ կային, ժավելը, միևնույն է՝ դեֆիցիտ էր։ Ժավելը կանիստրներով էին վաճառում, որոնց կափարիչները վատ էին փակվում ու ամրացնելու համար մոմլաթե կտոր էին դնում կափարիչի տակ, որ փակվի։ 

Մեր կողքի բակից մինչև մեր տուն մի քանի մետր էր, բայց ժավելը եթե սկսեց կաթել, մետր չէր հարցնում՝ ավերում էր հագուստդ։ Եթե ժավելը ստացել էին՝ չգնալը մեղք էր, մեկ էլ ե՞րբ էր լինելու, իսկ սպիտակեղենն այն ժամանակ մշակույթի ազդակ ու ցուցանիշ էր՝ լվացքի պարանի վրա երևում էր կնոջ ինչ լինելը, ու ամեն կին լվացքի պարանի ժավելով սպիտակեցրած ու օսլայով ողողած սպիտակեղենի ստուգարքից հետո միայն կարող էր ասել՝ «մշակույթը ես եմ»։

Մեր տան ժավել բերողը ես էի։ Երբ ժավելի կանիստրով բակ էի մտնում, ինձ թվում էր՝ մեր բակի ճարտարապետության երեք էպոխաները (Կոնդից մնացած սեփական տներ, թամանյանական շրջանի տներ ու սովետական նորակառույցներ) ներկայացնող տներից նայում են իմ հակաէսթետիկ վիճակին։

Հետո, ֆրանսերեն պարապելիս, իմացա, որ «ժավելը» ֆրանսերեն բառ է ու նույնիսկ կա eau de Javele արտահայտություն, իսկ մենք գիտեինք միայն eau de parfum-ի մասին։ Ժավելը Փարիզից քիչ հեռու արվարձան է։ Ֆրանսերենի դասագրքերում “Javel”-ը սիրուն պիտակ էր՝ սպիտակ պլաստիկե շշերի վրա, իսկ գովազդ անող աղջիկը հիսունականների զվարթ շորով մի ֆրանսուհի էր։ Ինչպես միշտ՝ մերի հետ ոչ մի աղերս։

Մեր ժավելի բուդկան միջին տարիքի մի կին էր աշխատեցնում, երևի սիրուն կին էր. փոքր ժամանակ սիրունի չափանիշները շատ պրիմիտիվ են լինում, ու այն ժամանակ սիրուն չէր թվում, բայց մինչև ինքը ժավելը լցնում էր, ես պատկերացնում էի, որ եթե մազերը ներկվի, սարքվի, կրունկ հագնի, մատները ժավելից հեռու պահի ու եղունգները ներկի, շորերը ուրիշ լինեն՝ հաստատ սիրուն կլինի, դիմագծերը լավն էին, մարմինը՝ փոքր ու համաչափ։ Չէ՛, ինքը հաստատ սիրուն կին էր, որովհետև երեք աղջիկ ուներ, որոնցից երկուսը շատ սիրուն էին։ Իսկ երրորդը…

Մինչև հիմա գրածս ոչ մի կապ չուներ ասելիքիս հետ, կներե՛ք, ուղղակի անցյալի աննշան մարդկանց շատ եմ սիրում հիշել, իրենք կարևոր են շատ։

Ժավել վաճառողի երրորդ աղջիկը հորմոնալ խնդիրներ ուներ, տեսքն անհասկանալի էր, գեր, կոպիտ ու շատ բարի։ Մենք դաժան էինք ու տհաճ, տհաճ էին անգամ մեր սարքովի բարությունն ու ցուցադրական ապրումակցումը։ Մենք վատն էինք։ Ասում էինք՝ « բայց Մանոն աղջիկ ա, թե՞ տղա», ու շատ գոհ էինք, որ էդքանին հասու էինք։ Մանոն կյանքում որևէ մեկին վատ բան չէր անում։ Առավոտյան հագնում էր իր անփոփոխ սպորտային սովետական հագուստը ու օրվա մեջ իր քլորահոտ բակից հեռու աշխատում էր չգնալ, որովհետև մարդիկ վատն էին։ Այդքանը Մանոն հասկացել էր։

Միայն թաղումների ժամանակ էր Մանոն շատ անկաշկանդ ու պարտաճանաչ հայտնվում ուրիշ բակերում։ Հայտնվում էր դուդուկի առաջին կեղեքիչ հնչյունների հետ, բակ մտնող առաջին սև ժապավենով բարուրած ծաղկեպսակի ու սպիտակ կալաներով հրաժեշտի եկած այցելուների հետ։

Մանոն սկզբում կանգնում էր բակի մուտքի մոտ՝ անկյունում, անկաշկանդ նայում էր եկող-գնացողին, պատասխանում էր մոտակա տների բնակիչների «ով ա մահացել» հարցին, շատ բարյացակամ ու պարտաճանաչ պատասխանում էր բոլորի նույն հարցին, որին հաջորդում էր «ինչից ա մահացել» հարցը։ Մանոն գիտեր նաև դրա պատասխանը։

Այդ օրերինՄանոն ուրախ էր լինում։ Մոռացա ասել, որ այդպիսի օրերի համար նա ուներ «տոնական» սպորտային հագուստ։ Թաղման օրերին Մանոն ուրախ էր։ Գիտե՞ք ինչու։ Չէ՛, Մանոն դաժան չէր, ոչ էլ աննորմալ էր։ Պարզապես տարվա մնացած օրերին Մանոն գիտեր, որ իր բարևին ոչ ոք չէր պատասխանելու, որ իր հետ ոչ ոք չէր խաղալու, որ իր հարցին ոչ ոք չէր պատասխանելու, որ իր հետ զրուցող չէր լինելու, որ իրենք աղքատ են, մնացածը՝ հարուստ, թեև այդպես չէր, որ մնացածը հարուստ էին, ուղղակի ժավել չէին ծախում։

Մանոն էս ամեն ինչը գիտեր ու …գիտեր։ Ինքը հո չէր բողոքելու, թե իմ բարևին ինչի՛ չեք պատասխանում, ինձ ինչո՛ւ հարց չեք տալիս, իմ հարցին ինչո՛ւ չեք պատասխանում։ Աղքատությունն ու հիվանդությունը Մանոյի ուղեղի մեջ էին, ինչ խոսք։ Դրա համար թաղման բոլոր օրերը Մանոյի օրն էր։ Մանոն գիտեր, որ թաղումը մարդկանց հետաքրքրում է շատ, այսօրվա պես չի, նախ թաղում քիչ էր լինում ավելի, ու թաղումը իրադարձություն էր, հետո՝ մարդիկ անպայման ուզում էին իմանալ ՝ով է մեռնողը ու՝ ինչից։

Բացի դրանից, դուդուկի կեղեքիչ հնչյունների տակ ու բակում վերջին անգամ դագաղը պտտելու պահին մարդիկ բարիանում էին շատ, թաղումից հետո բակի այն բնակիչները, որոնք մեկը մյուսի տանը երբեք չէին եղել ու չէին լինի, քիթները սրբելով ու անկեղծ արցունքները չորացնելով ասում էին. «արի գնանք մի հատ կոֆե խմենք, հեչ լավ չեմ»:

Այդ օրը մարդիկ պատասխանում էին Մանոյի հարցերին ու կարող էին նույնիսկ «Մանո ջան» ասել, կամ՝ «ա՛յ բալա, դո՛ւ ինչի ես էկել» ու մի հատ էլ լացել Մանոյի անբախտ գոյության առթիվ, այն նույն գոյության, որը հաջորդ օրվանից չէին նկատելու, ինչպես թաղման նախորդ օրը։ Մանոն վայելում էր ուրիշի մահով իրեն ընձեռված «հասարակության անդամ» լինելու օրը։ Իսկ վերջում հավաքում էր թափորից հետո ասֆալտին թափված կարմիր մեխակների ու սպիտակ կալաների գլխիկները ու գոհ հեռանում դեպի ժավելի բուդկան։

Եթե աղքատությունը գլխի մեջ է, ինչը չի բացառվում, ուրեմն աղքատությունը հիվանդություն է, աղքատ ու հիվանդ մարդիկ վախենում են մյուսներից, որոնք աղքատ ու հիվանդ չեն։ Չեն վախենում միայն այն օրերին, երբ նրանք՝ հարուստ ու առողջ մարդիկ, բարի են։ Այդ օրերին աղքատությունը գլխի մեջ մարդիկ նույնիսկ կարող են համարձակվել հարցնել. « ո՞նց եք անում, որ աղքատ չեք լինում»։

Լուսինե Հովհաննիսյան

MediaLab.am