Ճաշկերույթ մեռած դատական համակարգի ոսկորների վրա

Արեգ Քոչինյանը

Օրերս շատերիս համար անչափ տհաճ ու դժվարամարս մի դեպք գրանցվեց. խոսքը, բնականաբար, Ջհանգիրյան-Վարդազարյան զրույցի գաղտնի արված ձայնագրության հանրայնացման մասին է։ Ընդհանրապես նման միջադեպերում ամենակարևորը ձևը բովանդակությունից տարանջատելն է, քանի որ, որպես կանոն, հենց ձևի վրա է կառուցվում ծածկադմփոց անել ցանկացողների ամբողջ մարտավարությունը։ 

Մեկընդմիշտ ֆիքսում ենք, որ Վարդազարյանի արարքը անհամատեղելի է հայ տղամարդու ավանդական պատվի պատկերացումների հետ, ու տալիս ենք դրա բարոյական գնահատականը՝ օրինակի համար՝ իր հետ երբևիցե սեղանի շուրջը չնստել, մարդ ես, կարող է մարդկանց ձայնագրելը իր մոտ բնավորություն է։ 

Ձևի մասին խոսելիս պետք է արձանագրել նաև անհավասար պայմանները՝ խոսողներից մեկը գիտի ձայնագրման մասին ու խոսում է չափազանց զգույշ, իսկ մյուսը՝ ոչ, և խոսում է բաց, բայց դա չի նշանակում, որ նրանք տարբեր են, տարբեր դաշտերից են կամ տարբեր կարծիքներ ունեն շատ հարցերի շուրջ։ 

Բարոյական գնահատականից առավել սակայն անհրաժեշտ է խոսել բովանդակության մասին։ Իհարկե սկսենք մի քանի մեջբերումներից նախ Ջհանգիրյանի խոսքից. «չեմ թողել երկրորդ կամ երրորդ քրեական գործ հարուցեն», «քրեական գործ հարուցողի մերը ք․․․մ», «մի հատ գործ կա, որը սիքիմա ա», «կանգնեցված ա, ես գարանտն եմ դրա»:

Մասնագետ չլինելով հանդերձ՝ ինձ համար առնվազն ակնհայտ է, որ այստեղ խոսքը արդարադատությանը խոչընդոտելու մասին է, ու սա պետք է ունենա հետևանքներ։ 

Նույն զրուցակցի խոսքից այլ ավելի ընդհանրական մտքեր՝ «ես Ջհանգիրյանն եմ, իմ համար մեկն էլ է հազար, հազարն էլ է մեկ», «ապեր, ես պրեզիդենտ էլ եմ կառավարել», «սա ինչ խ․․․ս հիմնարկն ա կամ ինչ պաշտոն ա», «իմ հըմար սանասար-բաղդասար կրեն չկրեն», «ինչ պետք ա՝ ես հըմի էլ եմ անում»:

Սա արդեն վերաբերմունք է ԲԴԽ-ի, արդարադատության և ընդհանրապես երկրի հանդեպ ու որոշակի մակարդակի ցուցիչ։ 

Որոշակի մակարդակի ցուցիչ են նաև ԲԴԽ մյուս անդամի՝ Ստեփան Միքայելյանի խոսքից առկա հատվածները՝ «ասում ա՝ չկա՛, արա՛ (միջամտում է՝ նկատի ունենալով նոր քրեական գործերը.- հեղ.)», «հըմի ես ուզում եմ մի հատ խմեմ, ստե մենք հարազատներով ենք, չէ՞» և այլն։

Ամենաառաջին ու ամենացավալի արձանագրումը ընտրանուն հարիր և անհրաժեշտ ինտելեկտուալ, կրթական, բարոյական մակարդակի իսպառ բացակայությունն է, նույն խոսակցությունը կարող էր լինել ամենավերջին դատապարտյալների միջև, և թերևս զրույցի ընդհանուր մակարդակը, ապելյացիաները, բառամթերքը, հիմնարար արժեքները կլինեին նույնը։ 

Այստեղից հետևություն, որ Հայաստանում առաջինները վերջիններից տարբերվում են միայն պաշտոնով, ոչ ներքին մշակույթով, կրթությամբ, խելքով, բարոյականությամբ, մտածողությամբ, այլ միայն պաշտոնով։

Խնդիրը՝ Հայաստանի բոլոր խնդիրների հիմքերի հիմքը ազգային քաղաքական ընտրանու (էլիտայի) բացակայությունն է։ Տվյալ դեպքում խոսքը դրա մի թևի՝ դատական էլիտայի մասին է։ 

Հացի սեղանի շուրջ հավաքված և զրուցող մարդիկ Հայաստանի դատական իշխանության առաջին դեմքերն են, դրա վերին օղակները, սակայն նրանց խոսույթը, բառամթերքը, մտածողությունը, հեղինակությունների ու «ճշտի» մասին պատկերացումներն ծայրաստիճան այլասերված են։

Հնարավոր չէ նման դատական էլիտա ունենալով՝ արդյունավետ ու անկախ դատական համակարգ ունենալ․ պարզապես չի լինում այդպես։

Ընդհանրապես պետությունը պետություն է այնքանով, որքանով կայացած է նրա անկախ ու արդյունավետ դատական համակարգը։ Անկախ դատական համակարգն է ցանկացած պետական կառավարման համակարգի օրինական, արդար, ժողովրդավարական ու թափանցիկ լինելու հիմնական երաշխավորը։

Անկախ դատական համակարգն է մեր առջև ծառացած գորդյան հանգույցը քանդելու հիմնական լուծումներից մեկը։ Բայց խոսք անգամ չի կարող լինել անկախ կամ կայացած դատական համակարգի մասին, քանի դեռ այնտեղ առկա է այս վիճակը։ Իսկ վիճակը նույնն է վերից վար, ձայնագրողների ու ձայնագրվողների մոտ էլ է նույնը, պարզապես այստեղ մեկն ավելի խորամանկ է գտնվել ու մյուսին դեմ է տվել պատին։

Ձայնագրության հիման վրա գուցե քրեական գործեր հարուցվեն, սակայն եթե անգամ քրեական գործեր էլ հարուցվեն, կասկածում եմ, թե մի լուրջ բան դուրս գա դրանցից։ Այստեղ կարևոր է արձանագրել, որ հայկական արդարադատությունը մեռած է, չգիտեմ՝ երբևիցե կենդանի եղե՞լ է, թե՞ ոչ, բայց այդ դիակի նեխման պատճառով ամբողջ երկրից է այլևս դիակի հոտ գալիս։

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանում պետությունը իր բոլոր գործառույթները տապալում է՝ անվտանգություն, ենթակառուցվածքներ, արդարադատություն և այլն։ Այս իրողությունը փոխելու համար մեզ անհրաժեշտ են շրջադարձային փոփոխություններ, կամք և ոչ ստանդարտ լուծումներ։ Գուցե փոփոխությունները սկսելու լավագույն դաշտը հենց դատական համակարգն է։ 

Գոյություն ունեցող դատական համակարգը չի կարող վերափոխվել, բարեփոխվել, կամաց-կամաց խելքի բերվել, այն պետք է հիմնահատակ քանդվի։ Գոյություն ունեցողի վրա հնարավոր չէ նոր և առողջ որևէ բան կառուցել, գոյություն ունեցողը նեխած է։ Նոր համակարգի կառուցումը կարող է տասնամյակներ տևել, իսկ այդ ընթացքում մենք կարող ենք դիմել մի լուծման, որին մեզնից առաջ դիմել են այլ անցումային հասարակություններ։ 

Գիտակցել և ընդունել, որ այսօր, պայմանավորված սոցիալական, մշակութային, ինքնաընկալման, կրթական համակարգի, աշխատանքային միջավայրի և մի շարք այլ էլեմենտների յուրահատուկ համադրությամբ, մենք ի վիճակի չենք սեփական ներուժով իրացնելու անկախ ու արդյունավետ արդարադատություն ու դատական գործ։

Իսկ այդ փաստի ընդունումից հետո, որպես միջանկյալ ժամանակավոր լուծում՝ դիտարկել այլազգի, օտարերկրացի դատավորների ներգրավելու պրակտիկան։

Արեգ Քոչինյան

MediaLab.am