«Ճգնաժամին գումարվում է ճգնաժամ, դեռահասի համար ստեղծվում է շոկ»․ հոգեբանը՝ դեռահասների վրա պատերազմի ազդեցության մասին

44-օրյա պատերազմից հետո Արմինեն ասում է՝ աղջիկը՝ 14-ամյա Աննան, սկսեց տարօրինակ վարք դրսևորել. «Կարող էր սենյակ մտնել եւ խուճապ արտահայտող հայացքով, հուսահատ ձայնով խոսել նոր պատերազմի մասին ֆեյսբուքում կարդացած լուրերից: Անընդհատ մտահոգված էր, մտածում էր, որ պատերազմ սկսի, տատիկ-պապիկներին քաղաքի տարբեր ծայրերից ոնց պիտի արագ օգնության հասնի, սկսեց մեքենա վարելու մասին մտածել, որ փրկի հարազատներին: Ես երբեք նրան այդ վիճակում չէի տեսել: Ամեն շաբաթ պատերազմի մասին երազներ էր տեսնում, մինչև խոստացավ լուրերին ավելի քիչ հետևել»,- «Մեդիալաբին» պատմում է կինը։

Հոգեբան Անի Սարգսյանի խոսքով՝ պատերազմի հետևանքով դեռահասները կրկնակի ճգնաժամային փուլում են հայտնվում։ Մի կողմից՝ դեռահասությունը ինքնին բարդ և ճգնաժամային փուլ է, մյուս կողմից էլ՝ այս ամենին գումարվում է պատերազմը՝ որպես երկրորդ ճգնաժամային իրավիճակ։

«Դեռահասների մեջ բազմաթիվ ֆիզիկական և հոգեբանական փոփոխություններ են տեղի ունենում, և մի ճգնաժամին գումարվում է երկրորդ ճգնաժամը՝ պատերազմը, յուրաքանչյուր փոփոխություն, առավել ևս՝ այսպիսի մեծ փոփոխություն, ճգնաժամային փուլ է»,- նշում է հոգեբանը։

Հատկապես այն դեռահասների պարագայում, որոնք իրենց կողքին չունեն այն մեծահասակին, որի հետ կարող են խոսել, կիսվել, պատմել իրենց վախերի և անհանգստությունների մասին, հոգեբանի խոսքով, ամեն ինչ կարող է ավելի բարդանալ և սրվել։

«Դեռահասի յուրաքանչյուր հարց պետք է պատասխան ստանա։ Ծնողները դեռահասի հետ պետք է գնան երկխոսության հարցուպատասխանի միջոցով, իրենք ևս պետք է խոսեն իրենց զգացմունքների մասին, լսեն՝ դեռահասն ինչ է զգում, ինչ է մտածում, ինչ ակնկալիքներ և սպասումներ ունի այս ամենից»։ 

Հոգեբանն ասում է՝ դեռահասը ծնողից կամ շուրջը գտնվող մեծահասակներից իր հարցերին պատասխաններ չստանալով՝ դրանք փնտրելու է համացանցում, ինչն իր հերթին կարող է մեծ վնաս հասցնել դեռահասի հոգեկան աշխարհին։

«Մենք գիտենք՝ մեդիադաշտը ինչ սարսափելի, նաև սուտ նկարներով, ինֆորմացիայով է լցված, պետք է առավելագույնս զգույշ լինել, կարողանալ մաքսիմալ ապահովել, որ դեռահասը ոչ թե սկսի ինֆորմացիա փնտրել, ենթադրենք՝ Տիկտոկում, Տելեգրամում, որտեղ հիմա ուղղակի սարսափելի կադրեր են լցված, այլ այդ ամենը ցանկանա քննարկել ծնողի հետ և ստանալ իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները, թեկուզ մինիմալ, բայց ինքը այդ ամենը ստանա»,- ընդգծում է Սարգսյանը։

Հոգեբանի խոսքով՝ այս իրավիճակում նպատակահարմար կլինի, որ ծնողները դեռահասների հետ համաձայնության գան և Տիկտոկի, Տելեգրամի հավելվածները հեռացնեն՝ բացատրելով, որ դրանցում կան սուտ տեղեկություններ, ոչ ճիշտ նկարներ և տեսանյութեր։ 

«Բացի այս ամենից, կարևոր է, որ ծնողը վստահություն ներշնչի, որ անկախ նրանից, թե դեռահասը ինչ է քննարկում իր ընկերների հետ, որովհետև նրանց համար շատ զգայուն շրջան է իրենց ընկերների հետ շփման առումով, իրենք միանշանակ խոսելու են, քննարկելու են, տեղեկատվությամբ փոխանակվելու են, որ եթե ինչ-որ բան իրեն անհանգստացնի, վախ կամ տագնապ առաջացնի, ինքը գա ծնողի մոտ և խոսի։ 

Այդ վստահությունն է, որ մենք պետք է տանք դեռահասին, չթողնենք այս ամենը բարձիթողի, որովհետև չաշխատելով, չխոսելով, թողնելով՝ որտեղ ինքը ուզի, տեսնի, կարդա, լսի, մենք կարող ենք շատ վատ հետևանքներ ունենալ»,- հավելում է մասնագետը։

Հոգեբանի խոսքով՝ դեռահասների հետ զրույցները, քննարկումները ևս պետք է շատ զգուշորեն տարվեն, ծնողները պետք է հավասարակշռված, զուսպ լինեն իրենց խոսքում։

«Որովհետև հատկապես դեռահաս տղաների մեջ, որոնք մի քանի տարի հետո պետք է զորակոչվեն բանակ, առաջացնել սուր վախեր, ենթադրենք՝ հեսա մեզ կկոտորեն, կսպանեն, նրանք չեն կարող առողջ հոգեբանությամբ գնալ բանակ»։

Հոգեբան Սարգսյանը նշում է, որ հատկապես այն դեռահասները, որոնք մարտական գործողությունների գոտում են եղել, այնուհետև փոխել են իրենց բնակության վայրը, հայտնվել նոր շրջապատում, և այդ ամենին գումարվել է հարազատի կորուստը, շատ բարդ փուլի առաջ են կանգնում։

«Դեռահասի կյանքը մենք բաժանում ենք երկու մասի՝ մինչև պատերազմը և պատերազմից հետո։

Ճգնաժամին գումարվում է ճգնաժամ, մի հատ էլ է գումարվում ճգնաժամ, դեռահասի համար ստեղծվում է շոկային իրավիճակ, հարցերի տեղատարափ՝ ինչպե՞ս, ո՞նց, ի՞նչ է լինելու, և եթե ընտանիքը էն հոգեբանական վիճակում չէ, որ սկսի աշխատել դեռահասի հետ, ապա շատ ճիշտ որոշում է այդ ամենը խոսել, քննարկել մասնագետի հետ՝ հասկանալու համար՝ հոգեբանական ինչ վիճակում է դեռահասը, և ինչ կարելի է անել»,- նշում է մասնագետը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am