«Ամեն անգամ Եռաբլուր գնալիս կամ իր նկարին նայելիս մի հարց եմ տալիս՝ «ինչի՞ սենց եղավ, Սերժո ջան». որդեկորույս մայր

Որդու մասին խոսելիս մայրը ամեն անգամ հուզվում է, ասում է՝ ամեն ինչ Սերժին է հիշեցնում: 

«Նոր տարուն աղցաններ էի պատրաստում, ասում էր՝ մա՛մ, ես քեզ կօգնեմ, հիշում եմ՝ «Ստալիչնի» էի պատրաստում, ինչքան սիրուն կտրտեց, զարմացա, անընդհատ հիշում եմ դա։ Չեմ մոռանում, թե ինչքան շնորհակալ էր, որ ինչ-որ բան էինք անում իր համար: Բանակում էր, քարտին գումար էինք գցում, ինքը չէր ուզում, ասում էր՝ մա՛մ, ամեն ինչ արել եք իմ համար, իր գոհունակությունը որ արտահայտեց, ոնց որ մինչև հիմա սրտիս մեջ խրված լինի»,- պատմում է ու հուզվում Լուսինե Ասլանյանը՝ Սերժի մայրը։

44-օրյայի մասնակից Սերժը պատերազմի դաշտից տուն չդարձավ։ Մայրը՝ 41-ամյա Լուսինեն, պատմում է՝ որդին շատ հոգատար էր, սիրով լի: Բազմաթիվ երազանքներ ու նպատակներ ուներ, որ մնացին անկատար:

19-ամյա Սերժ Մարգարյանը մեկ ուսումնական կիսամյակ հասցրեց սովորել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, մայրն ասում է՝ իր նպատակասլացության շնորհիվ ինքնուրույն, առանց կրկնուսույցի մոտ պարապելու է համալսարան ընդունվել։ 

«Սերժը ցանկանում էր թուրքագետ դառնալ, իր գիտելիքները ի նպաստ հայրենիքի գործածել»,- ասում է մայրը։ Նրա խոսքով՝ որդին որոշել էր լավ մասնագետ դառնալ, ու դրա համար ջանք չէր խնայում, սովորում էր, կարդում էր, դպրոցահասակ տարիքում բազմաթիվ օլիմպիադաների է մասնակցել, առաջին տեղեր զբաղեցրել։ 

«Սակայն Սերժի բոլոր երազանքներն ու ապագայի հետ կապված պլանները կիսատ մնացին 44-օրյա պատերազմի պատճառով»,- կրկին հուզվում է մայրը։

Մայրը պատմում է՝ որդին՝ Սերժ Մարգարյանը, Ագարակում է ծառայել, ծնողները հասցրել էին այդ ընթացքում շնորհակալության արժանանալ որդու կազմակերպված և գերազանց ծառայության համար։

«Իր երդման արարողության ժամանակ հատուկ շնորհակալության արժանացանք Սերժիս համար, ինքն ամեն տեղ սիրված էր»,- պատմում է Լուսինեն:

Սերժ Մարգարյանը պատերազմի ժամանակ Ագարակից տեղափոխվել է Ջրական, որտեղ մինչև հոկտեմբերի 5-ը մասնակցել է թեժ մարտերի: 

Զոհվել է Ջրականում ականանետի հարվածից։

Ծնողները որդու զոհվելու մասին իմացել են օրեր անց՝ հոկտեմբերի 8-ին, երբ լուրերը հաղորդել են զոհվածների անունները: 

«Այդ լուրից 8 ամիս անց նոր ԴՆԹ-ն հաստատվեց՝ 2021-ի մայիսի 28-ին»,- հիշում է ու հուզվում մայրը։

Սերժ Մարգարյանին հուղարկավորել են «Եռաբլուր» պանթեոնում։ Հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։

Սերժն ընտանիքի ավագ որդին էր, մայրը որդու մասին խոսելիս ասում է՝ բառերը չեն բավարարում, կիսաձայն հուզված ասում է՝ իր նմանը չկար։

Ապա հավելում է. «Եթե անգամ 20 կամ 500 հոգի կա իմ կողքին, մեկ է՝ դատարկ եմ: Մխիթարվում եմ Աստծով, որ իմ տղես լավ տեղում ա»։

Մայրը հիշում է որդու դպրոցական տարիները և նշում՝ խելացի էր, աշխույժ, հոգատար: 

«Ինքը դպրոցում գերազանց էր սովորում, շատ էր սիրում պատմությունը, ուսուցիչները պատմում են՝ որ ժամին Սերժին քնից հանեիր, բոլոր տարեթվերը, ամեն ինչը շատ մանրամասն կասեր, չէր մոռանում։ Գերունակություն ուներ»,- մտքով անցյալ է գնում մայրը։

Որդեկորույս մայրն ասում է, որ ամեն վայրկյանն ապրում է որդու հիշողություններով, կյանքի տարբեր դրվագներով: Հիշում է, որ վերջին անգամ խոսելիս որդուն խնդրել էր զգույշ լինել և որ ժամին հարմար լինի՝ զանգել: 

«Բայց չզանգեց, հոկտեմբերի 3-ին էր վերջին զանգը, մեզ չասեց, որ տեղափոխվել է Ջրական, բայց ես ձայներ լսեցի։ Ասեցի՝ Սերժո՛ ջան, էդ ինչ աղմուկ ա, ասեց՝ նորմալ ա, սաղ տոչնի ա, մա՛մ ջան, «Ուրալի» մեջ ենք, հետո հասկացա՝ կրակոցների ձայներ էին։ Ասեցի՝ զգույշ կլինեք, հնարավոր ա՝ ձեր կողմից էլ կարող ա հարձակում լինել, ասեց՝ բա մենք ինչի՞ համար ենք, մա՛մ ջան, արխայի՛ն եղեք… Ասեց՝ լավ, մա՛մ ջան, հետո կզանգեմ ու չզանգեց»,- կրկին հուզվում է մայրը։

«Ամեն անգամ Եռաբլուր գնալիս կամ իր նկարին նայելիս մի հարց եմ տալիս՝ «ինչի՞ սենց եղավ, Սերժո՛ ջան»։

Արփինե Արզումանյան

MediaLab.am