Ռոբերտ Քոչարյան. Անապատի արևը

Ռոբերտ Քոչարյան. Անապատի արևը
Ռոբերտ Քոչարյան. Անապատի արևը

Հետաքրքիր է, «Գոլոսի» հարցերին պատասխանելիս Ռոբերտ Քոչարյանը մտածե՞լ է գոնե մեկ ակնթարթ, որ իր նախագահության ժամանակ նման բան հնարավոր չէր։ Թե ինքն իրեն մխիթարել է նրանով, որ իր օրոք ձերբակալված նախագահ չկար։ 

Ավելի վատ, որ նման փաստարկով է մխիթարվել։ Որովհետև դա նշանակում է, որ հիմա էլ է իշխանությունը պատկերացնում այդպես՝ նախագահը մենախցից կարող է պատասխանել լրատվամիջոցի հարցերին, իսկ մյուսները չեն կարող։ Ու ի՞նչ է ասել։ Դիցուք՝ մեկ տարվա հետապնդումների ընթացքում իմ իրավունքների կոպիտ խախտումների թիվը շոկ է առաջացնում նույնիսկ ամեն բան տեսած փաստաբանների մոտ։ 

Ա՛յ էս «ամեն բան տեսած»-ը շքեղ է հնչում։ Տեսնես՝ ե՞րբ են հասցրել տեսնել։ Հուշելու կարիք կա՞։ 

Ընդհանրապես ինձ հաճելի չէ գրոհել մարդկանց վրա, որոնք փակի տակ են։ Քոչարյանն էդ մարդկանցից է։ Բայց երբ կարդում եմ, թե ինչպես է նա ասում՝ «ես Ղարաբաղում ու Հայաստանում նախագահելու 10 տարվա հաջողված փորձ ունեմ», ինձ թվում է՝ մի ամբողջ ժողովրդի դնում է անապատի տեղ։ 

Իսկ ինքն արև է, որը մեզ լուսավորելու խնդիր ունի։ Լավ, ենթադրենք, մնացած բաները ճիշտ է ասում, այսինքն՝ իր անձին վերաբերող մեղադրանքների մասին է խոսքը՝ վենդետա և այլն։ Բայց տեղյա՞կ է էս մարդը, որ երբ իր օրոք մարդկանց բանտերում ծեծում էին իր իշխանությունը քննադատելու համար, ոչ մեկը, ոչ մի ընդդիմադիր չէր ասում, որ դա Քոչարյանի վենդետան է։ 

Ընդունել էինք ի գիտություն՝ խոշտանգելուց ու ծեծելուց զատ այլ բան չի լինելու, պետք է պատրաստ լինել։ Փաստաբան Վահե Գրիգորյանին առանց որևէ մեղադրանքի մի քանի ամիս պահեցիք բանտում։ 

Չէի ասի, թե զվարճանում էինք էդ փաստից, բայց գիտեինք, որ ձեռագիրն անփոփոխ է, եթե բռնել է մարդուն, պետք է միայն հուսալ, որ նրան ողջ հետ կստանանք։ Սա է եղել իշխանությունը։ Ու էդ իշխանությունը ո՞ւմ կամ ինչի՞ անունից էր, իր բառերով, «մասշտաբային բարեփոխումներ» անում։ 

Ես ամբաստանյալին հասկանում եմ։ Նա իրավունք ունի պաշտպանվելու՝ մտքովն անցածն ասելով, հորինելով։ Հասկանում եմ նաև, որ իր դրության մարդն իրավունք ունի ինձ խոտի տեղ դնելու կամ գոնե հուսալու, որ երբ խաբում է, ես իրականությունը չեմ հիշի։ 

Անկասկած որևէ տեղ գրված չէ, որ 10 հոգու սպանության պատճառ դարձած մարդու մտքերը պետք է մարդակենտրոն լինեն։ Իսկապես նման պարտավորություն չունի Ռոբերտ Քոչարյանը։ Բայց, ախր, խնդիր կա, երբ նա խոսում է։ 

Թերևս միայն 10 հոգի (գումարած հոկտեմբերի 27-ի զոհերը, Պողոս Պողոսյանը ու մի քանի քաղաքական զոհերը) չեն կարող հիշել, թե ինչ զրկանքների ժամանակներ են եղել նրա իշխանության տարիները, մենք ի վերջո գրեթե անկախություն ենք կորցրել, մեր արժանապատվությունն է դրվել հարցականի տակ («գերակա հանրային շահ» հասկացությունն ինչ ասես արժե)։ 

Պաշտպանվելու համար ինչ-որ նոր բան պիտի սովորեցնեն այս մարդուն։ Նրա մտքերի «ֆունկցիոնալ իմպոտենցիան» պետք է փոխհատուցվի։ Ի վերջո, ենթադրում եմ, դրա համար շատերին է վճարում ինքը։ Իսկ պաշտպանվելու իրավունք նա ունի։ Փառք Աստծո, մեկուսարանից կարողանում է հարցազրույց տալ։ 

Ի դեպ, տարօրինակ են նաև փողոցով իշխանություն փոխելու մասին նրա պատկերացումները։ Փողոցը հասունանում է, երբ արտահայտվելու բոլոր ամբիոնները փակվում են։ 

Բայց ոնց նայում եմ, ինքն ավելի շատ ամբիոն ունի, քան այս իշխանությունը, որը կարծես թե իմ աչքի լույսն էլ չէ։

Մհեր Արշակյան

MediaLab.am