«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է APRI Armenia վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող, ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը
– Պարո՛ն Ներսիսյան, որոշ փորձագետներ խոսում են ռուս-ուկրաինական պատերազմում նոր, ավելի լարված փուլի մասին, համակարծի՞ք եք ու ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում։
– Բնականաբար, մինչև Թրամփի գալը հունվարին պատերազմը հաստատ չի վերջանալու, հիմա եղանակային պայմանների փոփոխման պատճառով առաջիկա մի քանի շաբաթներին կարող է ավելի քիչ առաջխաղացումներ լինեն, որովհետև հիմա այնտեղ ցեխի ժամանակներն են, երբ ճանապարհները, կարելի է ասել, կիրառելի չեն։ Այդ պայմաններում, սովորաբար, ռազմական գործողությունների տեմպն իջնում է։
Իմ ակնկալիքն այն է, որ մինչև հունվարի 20-ը մեծ տարբերություններ չեն լինի․ Ռուսաստանը կփորձի գրավել այնքան տարածք, ինչքան կարող է, Ուկրաինան կփորձի դրան դիմադրել։ Ռուսաստանը կփորձի Կուրսկի մարզի իր տարածքները, եթե կարող է, մեծ մասը հետ բերել, Ուկրաինան կփորձի դա թույլ չտալ, որովհետև այն պահին, երբ նրանք նստեն բանակցությունների սեղանի շուրջ, կարևոր կլինի, թե առաջնագիծն ինչ վիճակում կլինի։
Մենք գալիս ենք մի քանի տարբեր սցենարների, երբ այդ բանակցությունները լինեն, ինչով կարող են ավարտվել։ Մի ձևն այն է, որ կողմերը կարող են պայմանավորվել սառեցնել կոնֆլիկտը, բայց հարցն ամբողջությամբ չլուծվի, նկատի ունեմ, որ Ուկրաինան չի ճանաչի այդ օկուպացված տարածքները, բայց ռազմական գործողությունները կկանգնեն։ Ուկրաինան կարող է համաձայնել, որ մի քանի տարի ՆԱՏՕ-ին չանդամակցի ու մի քանի այլ պայման ընդունի։
Սցենարներից մյուսը շատ ավելի քիչ հավանական է, որ կողմերն ինչ-որ ավելի լուրջ ու գլոբալ պայմանավորվածության կգան, օրինակ՝ ավելի մեծ հետխորհրդային տարածաշրջանի մաս լինեն նաև։
Մյուս սցենարը այն է, որ կողմերը չեն կարող պայմանավորվել, ու այստեղ մենք երկու ճյուղ կունենանք․ առաջինը՝ ԱՄՆ-ն ինչպես օգնում էր Ուկրաինային, այնպես էլ կշարունակի կամ ավելի շատ կփորձի օգնել, ու պատերազմն էլի կձգձգվի։ Մյուսն էլ այն է, որ ԱՄՆ-ն, միևնույն է, չի շարունակի օգնել, ու այդ ժամանակ կա՛մ ԵՄ երկրները պետք է կարողանան ավելի շատ գումար ծախսել, օրինակ՝ փորձեն ԱՄՆ-ից զենք գնել, տալ ուկրաինացիներին, եթե դա էլ ձախողվի՝ Ուկրաինայի վիճակը բավականին կծանրանա։
– Ձեր գնահատմամբ՝ Թրամփի վարչակարգն ավելի շատ հակված կլինի օգնե՞լ Ուկրաինային, թե՞ ոչ։
– Եթե նայենք իրենց խոսույթին, ապա չեն ուզում օգնել, գոնե գումար չեն ուզում ծախսել, մյուս կողմից՝ պետք է հասկանալ, որ եթե իրենք ուկրաինական կողմի հետ գնան ու առաջարկեն ինչ-որ ադեկվատ լուծում, խնդրեն, ու դա չընդունվի, ապա այդ ժամանակ այդ օգնել-չօգնելու կարծիքը կարող է փոխվել։ Այստեղ շատ հարցականներ կան, որոնց պատասխաններն այս պահին, կարծում եմ, որևէ մեկը չգիտի։
– Պարո՛ն Ներսիսյան, շատ է խոսվում նաև, որ եթե Ռուսաստանն ուկրաինական ճակատում հաղթի, ապա դա Հայաստանի համար վատ է լինելու։ Այդպե՞ս է, ի՞նչ առումով է վատ լինելու։
– Հայաստանի ինքնիշխանության ու որևէ հետխորհրդային պետության համար դժվար թե լավ լինի։ Դա նշանակելու է, որ Հայաստանին դիվերսիֆիկացման համար մանևրելու շատ քիչ տարածք կմնա, ու նույն Միութենական պետության թեման կարող է կրկին օրակարգ գալ, փորձեն Հայաստանին ստիպել մտնել այդ կազմի մեջ, ու Հայաստանի չհամաձայնելու ռեսուրսը շատ ավելի քիչ կլինի։
Մյուս վտանգն էլ կարող է լինել ռեգիոնալ բաշխումը, օրինակ՝այդ նույն միջանցքի հետ կապված կփորձեն շատ ավելի ուժեղ ճնշել, որ Հայաստանն իրենց ուզած տարբերակին համաձայնի։
– Նույն «Զանգեզուրի միջանցքի» համատեքստում չեն բացառում, որ COP29-ից հետո Ադրբեջանը պատրաստվում է ռազմական գործողությունների Հայաստանի դեմ։ Ձեր գնահատմամբ՝ այդ մասով մենք զարգացումներ կտեսնե՞նք մինչև Թրամփի գալը, թե՞ ամեն բան կլինի նրա գալուց հետո։ Ռազմական գործողությունը Ադրբեջանի կողմից որքանո՞վ եք հավանական համարում։
– Հավանականությունը զրոյական չէ, ու մի բան է, որ մինչև Թրամփի գալը կարող է չթողնի Ադրբեջանին գնալ այդ ճանապարհով, էլի նույն եղանակային պայմաններն են, այս պահին լեռնային շրջաններում արդեն համարյա ձմեռ է։ Իսկ եթե մինչև Թրամփի գալը նրանք ուզում են լուրջ պատերազմի գնալ, ապա ոնց էլ լինի պետք է դրան շատ լուրջ պատրաստվել, իսկ մենք այս պահին չենք տեսնում այդ պատրաստության շատ բարձր ակտիվություն։
Այդ ակտիվությունը նրանք կարող են սկսել վաղը կամ մեկ շաբաթից, բայց այս պահին մենք չենք կարող արձանագրել, որ նրանք սկսել են դրան պատրաստվել։ Իսկ թե ինչ կլինի Թրամփի գալուց հետո, մենք այս պահին էլի այդքան լավ չգիտենք, բայց պետք է հասկանալ, որ պատերազմի ռիսկը զրոյական չէ ու չի էլ լինելու առաջիկա ամիսներին ու մյուս տարի, եթե Ադրբեջանի մոտեցումներում ինչ-որ գլոբալ փոփոխություններ չլինեն։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















