Կաթողիկոսը. Չկրակած փամփուշտ ՝ Ռոբերտ Քոչարյանի համար

Մհեր Արշակյան

Ամենայն Հայոց կաթողիկոսը «կարևոր է համարել» Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը՝ «համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»։

Մայր Աթոռի ֆեյսբուքյան էջում անգամ կարելի է գտնել Վեհափառի՝ կայքերից մեկին Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին հարցման պատասխանը։

Կաթողիկոսը հավատում է բժիշկների հավաստիացումներին, որ Քոչարյանի առողջական վիճակը մտահոգիչ է։ 

Սակայն մեկ հիմնական խնդիր կա այստեղ՝ ինչու՞ է Վեհափառը միջնորդում Քոչարյանի համար, ինչու՞ է դարձել Քոչարյանի չկրակված փամփուշտը ազատություն գտնելու համար։ 

Կաթողիկոսին Քոչարյանի հետ կապում է 2008-ի մարտի 1-ի դեպքերի առիթով նրա «համեստ» լռությունը։

Մինչդեռ սպանվել էին առաքելական հավատքի ներկայացուցիչներ, սպանողն էլ ընդհանրապես որևէ հավատ չուներ։ 

Ինչու՞ դրա գնահատականը չտվեց կաթողիկոսը, լռեց ամենակարևոր պահին, երբ նրա մտահոգությունը կարող էր թևավորել գնդակահարված ժողովրդին, թևավորել գոնե այն իմաստով, որ եկեղեցին իր դեմ չէ։ 

Կաթողիկոսը լռել է բոլոր դեպքերում, երբ իշխանությունը սվիններ է ցույց տվել։ Երբ ընտրություններ են կեղծվել, նա օրհնել է Քոչարյանի մեկ կեղծված ընտրություն (առաջինի ժամանակ կաթողիկոս չէր)։ 

Մինչդեռ, եթե չեմ սխալվում, Քոչարյանը ձեռքը Վեհամոր Ավետարանի վրա է երդվել։ Ահա այսքան հարված է հասցրել Քոչարյանը։

Իսկ ինքը լռել է։ Ինչու՞։

Որովհետև այս ամենի հետ ի՞նչ կապ ուներ եկեղեցու հեղինակությունն ու «Աստծո ձայնը»՝ ժողովրդի քվեն։

Հոգևորականի տեսանկյունից կաթողիկոսի «կարևոր համարելը» հասկանալի է։

Աստծո աշխարհում հանցագործներ չկան, քանի որ «նրանք չգիտեն, թե ինչ են անում»։ Կաթողիկոսի մտահոգությունը հայեցողական է, ոչ ոք պարտավոր չէ հաշվի նստել նրա մտահոգության հետ։ 

Սակայն այստեղ տեղի է ունենալու խնդիրների բարդացում՝ չընդառաջել նրան, նշանակում է կասկածի տակ դնել նրա հեղինակությունը հավատավոր հոտի առաջ՝ իշխանությունը բանի տեղ չդրեց կաթողիկոսի առաջարկությունը։

Ընդառաջել նրան պակաս վտանգավոր չէ՝ ո՞վ ասաց, որ Քոչարյանը միակ կալանավորն է, որով արժի մտահոգվել։ 

Ի՞նչ է իրենից ներկայացնում Ռոբերտ Քոչարյանը՝ երբեք չի ընտրվել ՀՀ նախագահ, ընդդիմության հետ ցանկացած շփում իրականացրել է դագանակներով, հաստավիզ թիկնազորի բռունցքներով, զենքով, իսկ Պողոս Պողոսյանի սպանությունն ընդհանրապես առանձին հակափաստարկ է նրա ազատության դեմ։

Կրկնում ենք՝ կաթողիկոսը հայեցողական մտահոգության իրավունք ունի, սակայն դա ամբողջն է, ինչ նա կարող է անել։ Ընդ որում, ինքը վտանգավոր քայլի է գնացել, որովհետև վարչապետի արձագանքից հստակ է դառնում, որ մերժելու են նրա «միջնորդությունը»։

Իշխանությունը չի ողջունում Քոչարյանի ազատությունը, որովհետև վերջինիս մտերիմ օլիգարխ Սամվել Մայրապետյանի խափանման միջոցը փոխելու համար միջնորդել էր Վեհափառի խոսնակը։ Ո՞ւր է հիմա Մայրապետյանը։ Փախած է։ 

Իհարկե, վերջին խոսքը դատարանինն է, իշխանությունները պիտի որ դրա հետ կապ չունենան։ Բայց սա այն դեպքն է, երբ կաթողիկոսը կարող է միանձնյա արտահայտել իր մտահոգությունը մեկ առանձին մարդու առողջական վիճակի և այդ մարդու հետագա ճակատագրի մասին։

Սակայն ևս մեկ փոքրիկ խնդիր կա կաթողիկոսի գնահատականում։ Բանն այն է, որ ինքը միջնորդում է մեկի համար, որի հետ հասարակության խնդիրը այդ մարդու զղջման զրոյական զգացման հետ է։

Կաթողիկոսը, իհարկե, Քոչարյանի այդ որակին չի անդրադառնում, որովհետև նրա թեման մարդու կյանքն է, ոչ թե մարդու էությունը։

Որովհետև էության տեսանկյունից նա միջնորդում է մարդու համար, որն Աստված չունի, ու մարդ չի հասկանում՝ կաթողիկոսը գիտի՞ ինչ է անում, այդ մարդը քայլող աթեիստ էր, որը իր թիկնազորի ձեռամբ սպանվածի մասին մասին ասում էր՝ եթե ողջ մնար, ես նրա մասին ասելու այլ բաներ կունենայի։ 

Կաթողիկոսը վրիպել է ընդհանրապես իր միջնորդությամբ, որովհետև նրա միջնորդությունը հատվել է պետության ճակատագրում այդ մարդու՝ Ռոբերտ Քոչարյանի ունեցած դերի մասին մեր հասարակության գնահատականի հետ։

Այդ գնահատականը այնքան դաժան է, որ Քոչարյանի համար ընդհանրապես տեղ ու դեր չի պատկերացնում Հայաստանի հողի վրա։ Եվ հետո՝ ո՞վ ասաց, որ միայն ազատությունն է երաշխավորում նրա չվարակվելը։

Ամենադասական ինքնամեկուսացումը հենց կալանավայրերում է, այլ հարց է, որ մեր կալանավայրերը հենց վարակվելուն են պիտանի։ Բայց այդ մասին կաթողիկոսը չի կարող խոսել, դա նրա թեման չէ։

Փաստն այն է, որ վարչապետի գրասենյակից նրան պատասխանել են մի ոճով, որից հետո Հայաստանում հարցականի տակ է դրվում կաթողիկոսի, ընդհանրապես հոգևոր առաջնորդի ինստիտուտի անհրաժեշտությունը։ 

Մեծ հաշվով, ի՞նչ գործ ուներ Վեհափառի մամուլի քարտուղարը Մայրապետյանի խափանման միջոցը փոխելու հարցով միջնորդելու հետ։

Մհեր Արշակյան

MediaLab.am