Հանրակրթության անտեղյակները. Ուղեցույց

Վահրամ Թոքմաջյան

Պարետատունը հրապարակել է կորոնավիրուսային հիվանդության  պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը:

Ուղեցույցի առաջին ընթերցումից ակնհայտ է, որ դրա մի շարք կետեր անիրականանալի են, որևէ աղերս չունեն այն դրսևորումների հետ, որոնք մենք այսօր տեսնում ենք:

Սեպտեմբերի 15-ից սկսած մենք հայտնվելու ենք մի քաոսային իրավիճակում, սկսվելու է անվերահսկելի մի գործընթաց՝ փոխադարձ մեղադրանքներով, օբյեկտիվ քննադատություններով, էժան ձեռնածություններով ուղեկցվող: Այն արդեն իսկ մեկնարկել է: Ի հետևանս՝ տուժելու է սովորողի լավագույն շահը:

Հասկանալի է, որ անցնող ամիսների պատուհասած՝ կորոնավիրուսային աղետի պատճառով այսօր հասարակությունը դարձել է գերզգայուն:

Այն ամենը, ինչը կփոխի կյանքի որևէ ոլորտ, կմտցնի սահմանափակումներ կամ կխախտի ընդունված նորմերը, առաջին դրվագում ընդունվում է փշերով:

Ուստի նման պայմաններում անհրաժեշտ է հասարակական լայն կոնսենսուս՝ սուր կողմերը հնարավորինս հարթելու համար: 

Իսկ այդ կոնսենսուսը չկա, քանի որ որոշումների մեջ չկա հասարակական լայն մասնակցայնություն: Առնվազն՝ թիրախային խմբերի և շահառուների:

Այն, որ հեռավար կրթությունը տապալվել է, պարզագույն ճշմարտություն է: Հուսամ՝ ԿԳՄՍ-ն կանի հետևություններ, եթե այդ հատկությունն ընդհանրապես չի կորցրել: Հայաստանի առանց այն էլ կրթական համակարգի աղետալի վիճակով պայմանավորված՝ առկա կրթությունն առայժմ այլընտրանք չունի: 

Սեպտեմբերից դպրոցները պետք է վերաբացվեին: Այս մասին խոսել ենք դեռ մայիսից: Բոլոր կողմերը համաձայն են եղել, որ այդ վերաբացումն անհրաժեշտ է:

Դա ուներ մի շարք հիմնավորող գործոններ՝ տնտեսական, քաղաքական, կրթական, հասարակական, սոցիալական բաղադրիչներով:

Մենք կարիք ունեինք ամառն արդյունավետ օգտագործելու՝ համավարակի հնարավոր բոլոր տոկոսային թվերի պարագայում համապատասխան սցենարներ մշակելու համար: Նորից եմ կրկնում՝ ոչ թե փակ աշխատասենյակներում, այլ՝ շահառուների լայն մասնակցայնությամբ:

Չարեցինք: Դանակը եկավ հասավ ոսկորին, ու պարետատունը հրապարակ բերեց մի ուղեցույց, որը, մեղմ ասած, սիրողականության և անտեղյակության գագաթնակետն է: Իսկ ինչո՞ւ է այդպես:

Տպավորություն է, որ այդ ուղեցույցը մշակողները երբեք դպրոց չեն մտել, տեղյակ չեն դպրոցի կարիքներից, սովորողի պահանջմունքներից, վարքագծից, ընդհանրապես մեր դպրոցների հնարավորություններից: Թղթի վրա գրվել են բաներ, որոնք իրականանալու որևէ հնարավորություն չունեն: 

Ես իհարկե չեմ մտնելու դիմակ կրել-չկրելու էժանագին քննարկումների դաշտ: Շան գլուխն այլ տեղ է թաղված:

Դպրոցների կարիքների պատշաճ գնահատում անցնող ամիսների ընթացքում տեղի չի ունեցել: Ըստ էության, լուրջ ջանքեր չեն ներդրվել հիգիենիկ վիճակը շատ տեղերում նվազագույնի բերելու համար:

Զուտ շենքային, ֆիզիկական պայմանների առումով շատ դպրոցներ պատրաստ չեն վերաբացման: Իսկ դա հնարավոր էր, եթե երկու կոպեկ ավելի փող ծախսվեր:

Պետությունը հանրակրթության պատվիրատուն է: Լինելով պատվիրատու՝ անհրաժեշտ է, որ հարկ եղած դեպքում հավելյալ միջոցներ ներառվեն: Իսկ այդ միջոցները կան:

Գանք հերթով. ավելի ֆինանսներ չունեցող դպրոցները, հատկապես՝ խոշորները, սովորողներին բաժանելու են խմբերի:

Առաջանալու է հավելյալ վարձատրության հարց: Իսկ ոչ բոլոր դպրոցներն են ի վիճակի հավելյալ վարձատրել ուսուցիչներին՝ ավելի աշխատաժամանակի համար: Իսկ նման դեպքերում ուղեցույցն ասում է, որ երեք օր կանչի սովորողին դպրոց: Ինչ է ստացվում:

Հանրապետության մի մասի սովորողները ստանալու են վեցօրյա լիարժեք ուսում, մյուս մասը՝ եռօրյա, թերի: Անունն էլ դնելու ենք ինքնուրույն աշխատանք ու հերթական աչքակապությամբ զբաղվենք: Բայց սովորողի լավագույն շահը դա չէր պահանջում:

Ախտահանիչ միջոցների և այլ պարագաների ծախսը թողած է դպրոցի վրա՝ ավելացնելով գնումների ընթացակարգի լրացուցիչ խոչընդոտներ: Մի քիչ ծիծաղելի է, բայց փաստ:

Դասերի վերաբացմանը մնացել է 20 օր, բայց «գերհեղափոխական» առողջապահության նախարարությունը դեռ չի հրապարակել ժամանակացույց, թե ինչպես են թեստ հանձնելու շուրջ 50000 մարդ: Հաշվի առնելով կրիային բնորոշ այս տեմպերը և նախորդ ամիսների թեստերի միջին քանակը՝ մի այլ խուժան կինո էլ սա է ստացվելու:

Երեխաներին դասասենյակներում բանտարկելն այլ ֆանտազիայի արդյունք է: Հենց սա է խոսում ուղեցույցը գրողների անտեղյակության և կրթական գործի հետ որևէ աղերս չունենալու մասին: Գետտո ռեժիմի կիրառումը որևէ լավ տեղ չի տանելու: Իսկ վերահսկող հաստատապես չի լինելու: Դե, կվերահսկենք մոտավորապես այնպես, ինչպես հիմա վերահսկում ենք քաղաքային տրանսպորտը:

Ես կարող եմ երկար շարունակել այդ ուղեցույցի յուրաքանչյուր էջին առնչվող խնդրահարույց կետերի շուրջ: Բայց եկեք սահմանափակվենք:

Մենք ուզում ենք, որ դպրոցները վերաբացվեն: Ուզում ենք, որ պաշտպանված լինի ուսուցչի, սովորողի առողջությունը, ուզում ենք, որ ունենանք նորմալ կրթություն և, ընդհանրապես, շատ բաներ ենք ուզում, որոնք ռացիոնալ, նորմալ պահանջմունքների դաշտից են:

Մենք ունակ ենք և պատրաստ ենք օգնելու: Բայց քանի դեռ այս փակ գործելաոճն է, որոշակի ֆանտազիաների արտացոլումը և շահառուների կարծիքը չհարցնելը, ամեն անգամ հայտնվելու ենք նույն կոտրած տաշտակի առաջ:

Վահրամ Թոքմաջյան

Medialab.am