Այս իրավիճակում նախկինները նույնիսկ վերադառնալու կարիք չունեն

Մհեր Արշակյան

Նոր Հայաստանն ակնհայտորեն Ռոբերտ Քոչարյանի հագով է։ Դեռ լավ է, որ իշխանությունները նրան պատճառած անհանգստությունների համար մեղքի զգացում չունեն։ Կամ գուցե ՍԴ երեք դատավորների ընտրությունը քավության գործընթա՞ց էր։ 

Ո՞վ իմանա։ 

Փաստն այն է, որ նույնիսկ Աննա Դանիբեկյանն է վճիռ առ վճիռ Քոչարյանին վերադարձնում կյանքի այն հարմարությունները, որոնցից զրկվեցին մարտի 1-ի 10 զոհերը։ 

Գուցե սա՞ է հեղափոխությունը։ 

Ինչքա՞ն սպասենք, որպեսզի մեկը մեզ կարողանա բացատրել, որ Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելն այն բանի համար էր, որ Քոչարյանը մարտի 1-ի հետ «կապ չունենա», հանգիստ, առանց կարմրելու հայերեն գրի տառասխալներով, Ծաղկաձորում երիտասարդներին սովորեցնի, որ «ազգայինը» կարևոր է ժողովրդավարությունից։ 

Ի՞նչն այնպես չենք արել, որ 10 մարդու սպանության մեջ մեղադրվողի կյանքն ավելի հարմարավետ է, քան մեկ մրջյուն անգամ չտրորածի կյանքը։ 

Արժի՞ այս հարցի պաասխանն իմանալու համար ևս մի հեղափոխություն անել։ Կդժվարանամ ասել։ Փաստն այն է, որ ինչ-որ մի բան այն չէ։ 

Երեկ Աննա Դանիբեկյանը Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը մասնակիորեն հանել է։ 

Սարերի հետևում չէ ամբողջական ազատագրումը, մի քանի փաստաթուղթ է պակասում։ 

Այս տեմպերով Ռոբերտ Քոչարյանը նույնիսկ կարող է հասնել այն բանին, որ քրեական գործ հարուցվի Փաշինյանի նկատմամբ մարտի 1-ը կազմակերպելու համար։ 

Այս Հայաստանում դա նույնքան հավանական է, որքան Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին։ 

Ինչո՞ւ այսպես ստացվեց։ Ամբողջ պատճառն այն է, որ հեղափոխությունը որոշեց նոր Հայաստան կառուցել այն գործիքներով, որոնցով այդ Հայաստանը հետևողականորեն հասցվել էր անդունդի եզրին՝ դատավորներով, սոցիալական վատ դրությամբ, առանց մտածողություն փոխելու։ Թվում էր, թե հեղափոխությունը շարքային քաղաքացուն դարձրել էր անվախ, իսկ կոռումպացվածին՝ վախկոտ։ 

Պարզվեց՝ այդպես է եղել հեղափոխության առաջին ամիսներին, հավանաբար մինչև խորհրդարանի արտահերթ ընտրությունները։ 

Այս իրավիճակում նախկինները նույնիսկ վերադառնալու կարիք չունեն։ Մնում է Ռուբեն Հայրապետյանին, Միհրան Պողոսյանին, Միքայել Հարությունյանին հրավիրել Հայաստան ու ներողություն խնդրել հանցագործությունների մեջ թաթախված այն անձանցից, որոնք մահացան ու հնարավորություն չունեցան տեսնելու, թե ինչպես են «մոխիրներից հառնում» իրենց արժեքները։ 

Խնդիրն, ախր, այն չէ, որ կարող է լինել նաև այսպիսի ժողովրդավարություն, այլ՝ այն, որ դեռ չի հնչել որևէ դատավճիռ, որով հնից Նոր Հայաստանի տարանջատումը կարող էր երևալ անդառնալի, այսինքն՝ որ հնին վերադառնալ չկա։ 

Հեղափոխությունից երկու և կես տարի հետո մարդ չգիտի, թե ուրիշ ի՞նչ սպասի, որ կյանքն այս չդառնա դեժավյու։ 

Եվ հավանաբար հենց այդ վտանգից ելնելով պետք է քաղաքական առումով ձևակերպվի դատական բարեփոխումների հրատապությունը։ Կարծես թե այլևս սպասելու տեղ չկա։ 

Կարծես թե կորցնելու բան էլ չկա։ 

Կարծես թե Քոչարյանը վերագտնում է այն, ինչ կորցրել էր հեղափոխության սկզբում։ Կամ էլ պիտի ասվի, որ մենք սխալ ենք հասկացել հեղափոխությունը։

Մհեր Արշակյան

MediaLab