«Եթե Թուրքիան հակահարված ստանա, միայն այդ դեպքում հույս կա, որ հետ կկանգնի իր ծրագրերի իրականացումից». Թուրքագետ

Հայաստանի զինված ուժերն այսօր իրենց գործողություններով կանխորոշում են նաև Թուրքիայի ապագան։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ հույս ունի՝ Ադրբեջանը կշարունակի Արցախի վրա հարձակումը։

Այս հայտարարությունը հաջորդում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարությանը։

Երեք երկրների նախագահները, հիշեցնենք, հակամարտող կողմերին կոչ էին արել անհապաղ դադարեցնել կրակն ու նստել բանակցությունների սեղանի շուրջ։

Թուրքագետն ասում է՝ այսպիսի հայտարարությունը սպասելի էր Թուրքիայից։

«Միանգամայն պարզ է, որ Էրդողանը չի նահանջի, կփորձի գնալ առաջ, որպեսզի իր ծրագրերն իրականացնի։ Եթե Թուրքիան հակահարված ստանա, միայն այդ դեպքում հույս կա, որ հետ կկանգնի իր ծրագրերի իրականացումից։ Մեր զինված ուժերը, ի թիվս այլ հարցերի, նաև Էրդողանի ապագան են կանխորոշում այսօր։

Հաղթանակ տանելով՝ ըստ էության մեր զինված ուժերը կանխորոշում են Էրդողանի ապագան։ Ամենակարևորը, իհարկե դա է, ամենակարևորը մեր զինված ուժերի մարտական գործողություններն են»,- ասում է Սաֆրաստյանը։

Միաժամանակ նա նշում է, որ եթե Թուրքիան շարունակի իր այս քաղաքականությունը, կարող է Ռուսաստանի կողմից լինել հստակ ու ուժեղ ճնշում։

Ըստ նրա՝ այսօր էլ Թուրքիայի վրա կան ճնշումներ, բայց դրանք թիրախավորված չեն: «Հիմնականում ընդհանուր բնույթի հայտարարություններ են, ուղղված չեն կոնրետ ագրեսորին»,- հավելում է նա։

Ինչ վերաբերում է Ֆրանսիայի նախագահի այն հայտարարությանը, որ և ինքը, համանախագահող մյուս երկրներն ունեն փաստեր, որ Ադրբեջանը վարձկան ահաբեկիչներ է տեղափոխել հակամարտության գոտի, Սաֆրաստյանն ասում է, որ դա կարևոր հայտարարություն է և արդեն թիրախավորված է։

«Երբ երկու օր առաջ արդեն տարբեր երկրներ սկսեցին խոսել վարձկան ահաբեկիչների մասին, կարելի է ասել՝ սա շրջադարձային էր, որովհետև ոչ միայն խոսվում էր ահաբեկիչների մասին, այլ նաև նշվում էր, որ չի կարելի տեղափոխել ահաբեկիչներին։

Սա միակ դեպքն է, որ առաջատար երկրների կողմից ոչ միայն եղան թիրախավորված հայտարարություններ, այլ նաև մենք տեսանք, որ և՛  Ռուսաստանը, և՛  Ֆրանսիան, և՛  ԱՄՆ-ն, ամեն մեկը հենվելով իրենց հետախուզական տվյալների վրա՝ հայտնեցին, որ Ադրբեջանը Հարավային Կովկաս է տեղափոխում ահաբեկիչ վարձկանների ստորաբաժանումներ»,- ասում է նա։

Ըստ Սաֆրաստյանի՝ ահաբեկիչների խնդիրը կարևոր է, քանի որ համաշխարհային նշանակություն ունի, ոչ միայն մեր տարածաշրջանում է խնդիր։

«Ես կարծում եմ՝ այդ հայտարարությունները կարող են դեր ունենալ։ Պատահական չէ, որ ասում եմ՝ շրջադարձ տեղի ունեցավ։ Ես կարծում եմ՝ սա այն դեպքն է, որ թիրախավորված հայտարություններին կարող են ավելի կոշտ հայտարարություններ հետևել»,- նշում է թուրքագետը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am