«Արնահոսող բազմաթիվ կանայք ենք ընդունել». Չնայած արգելքին, վիժում առաջացնող «Սայտոտեկի» ազատ վաճառքը շարունակվում է

«Արնահոսող բազմաթիվ կանայք ենք ընդունել». Չնայած արգելքին, վիժում առաջացնող «Սայտոտեկի» ազատ վաճառքը շարունակվում է
«Արնահոսող բազմաթիվ կանայք ենք ընդունել». Չնայած արգելքին, վիժում առաջացնող «Սայտոտեկի» ազատ վաճառքը շարունակվում է

Երեւանի բնակչուհի 36-ամյա Մանյա Հակոբյանը (անուն, ազգանունը փոխված է)  օգոստոսի 11-ին 6 շաբաթական հղիությունն ընդհատելու համար ընկերուհիների խորհրդով դեղատնից «Սայտոտեկի» (Cytotec misoprostol) 8 հաբ է գնել` տնային պայմաններում անցանկալի հղիությունից ազատվելու համար, սակայն մեկ օր անդադար արյունահոսությունից եւ վատ ինքնազգողությունից հետո հայտնվել է հիվանդանոցում:

«Թույլ էի, շատ վատ էի զգում ինձ, երեւի սխալ եմ դեղը օգտագործել,-«Մեդիալաբին» պատմում է Հակոբյանը,- մտածեցի` ամեն ինչ անցավ, բայց էնքան վատ էի, որ հիվանդանոցում մի հատ էլ «մաքրեցին»: Դեղատանը ասեցին, որ բարդություններ հնարավոր են, բայց չէի կարծում, թե կհասնեմ մահվան դուռը»:

Չնայած օգոստոսի 1-ից, հաշվի առնելով վերջին տարիներին Հայաստանում «Սայտոտեկի» ընդգրկուն տարածվածությունը եւ կանանց`դեղահաբերի միջոցով տնային պայմաններում անցանկալի հղիությունից ազատվելու բազում անհաջող եւ ողբերգական դեպքերը, դեղի ազատ վաճառքն արգելվել է, այնուամենայնիվ շատ դեղատներում առանց դեղատոմս հասանելի է ոչ միայն «Սայտոտեկը», այլեւ դրան համարժեք ռուսական արտադրության «Միրոլյուտը» «Mirolute» (Mirolute misoprostol) եւ «Միրոպրիստոնը» (Miropristone):

«Օգոստոսի 1-ից տվյալ դեղերը բժշկի նշանակմամբ, դեղատոմսով են բաց թողնվում»,- ի պատասխան «Մեդիալաբի» հարցման պատասխանել է ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Արմեն Կարապետյանը:

Սակայն, ի հակառակ Կարապետյանի, «Մեդիալաբին» հաջողվել է մայրաքաղաքի շուրջ երկու տասնյակ դեղատներից «Սայտոտեկ», «Միրոլյուտ» եւ «Միրոպրիստոն» ձեռք բերել:

«Մենք արգելքի մասին ոչ մի տեղեկություն չունենք»,- «Մեդիալաբին» ասում է մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա թաղամասի դեղատներից մեկի աշխատակիցը,-կ՞ա նման բան: Վաճառքում ունենք եւ «Սայտոտեկ», եւ համարժեք այլ դեղորայք, չնայած, երիտասարդ կանանց, ովքեր եւ հիմնական գնորդներն են մշտապես զգուշացնում ենք, որ դեղերի հետ պետք է զգույշ լինել»:

««Սայտոտեկ» այս պահին չունենք, բայց կարող ենք խորհուրդ տալ «Միրոլյուտ», որը նույն ազդեցությունն ունի»,-առաջարկել են այլ դեղատան աշխատակիցները:

«Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքի բժիշկ-գինեկոլոգ Նելլի Միրզոյանը նշում է, որ չնայած «Սայտոտեկի» ազատ վաճառքի արգելքին, դեղը վաճառվում է դեղատներում: Նա նշում է, որ միայն սեպտեմբերի առաջին շաբաթում բաժանմունք երեք արնահոսող կին են բերել, ովքեր փորձել են «Սայտոտեկի» օգնությամբ տնային պայմաններում ազատվել հղիությունից:

«Չնայած արգելքին, դեղը ազատ վաճառվում է դեղատներում,-«Մեդիալաբին» ասում է Միրզոյանը,-օգոստոս-սեպտեմբեր ամիսներին բազմաթիվ դեպքեր ենք ունեցել, երբ «Սայտոտեկ» օգտագործած հիղ կանանց են բերել բաժանմունք, ուր եւ արհեստական վիժում ենք իրականցրել: Ինքնուրույն, առանց բժշկի խորհրդի, հարեւաններին լսելով, առնում են հաբերը, քանի որ ավելի մատչելի է, խմում, վատանում եւ որպես հետեւանք  վատ վիճակում հայտնվում հիվանդանոցում»:

Երեւանի Կենտրոնի դեղատներից մեկի աշխատակիցը նշում է, որ սայտոտեկի հետքերով իրենց դիմում են տարբեր տարիքի եւ խավի կանայք: Եթե հիվանդանոցում ստացիոնար պայմաններում հղիության արհեստական ընդհատման համար պետք է վճարել մոտ 20,000 դրամ, ապա «Սայտոտեկի» մեկ հաբի գինն անհամեմատ մատչելի է` 200 դրամ:

2007 թվականից ի վեր Հայաստանում որպես հղիության արհեստական ընդհատման լայնորեն կիրառվող ստամոքսի համար նախատեսված, եւ հղիներին խիստ հակացուցված «Սայտոտեկի» ճանաչումը թեեւ տարեցտարի մեծանում է, այնուամենայնիվ, ըստ տարբեր դեղատների աշխատակիցների, «վիժում առաջացնող դեղի» գնորդները հիմնականում հաբեր գնում առանց տարրական իրազեկվածության:

«Տարբեր կանայք, տարբեր քանակի դեղեր են գնում, նայած, թե ում ինչ խորհուրդ են տվել, ոմանք դեղերը խմում են, ոմանք դնում են լեզվի տակ, կամ հեշտոցում, լինում են դեպքեր, երբ անհաջողությունից հետո վերադառնում են եւ էլի են գնում»,-«Մեդիալաբին» ասում է Երեւանի Արաբկիր թաղամասի դեղատներից մեկի աշխատակիցը:

ՀՀ առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը նշում է, որ խնդիրը ոչ թե «Սայտոտեկն» է, այլ դեղամիջոցի տնային պայմաններում առանց վերահսկողության կիրառելը:

«Եթե ստացիոնար պայմաններում, բժշկի հսկողության ներքո հղիության դեղորայքային ընդհատում լինի բոլոր ցուցումներով, այս մոտեցումը գործիքային աբորտից շատ ավելի ապահով է»,-նշում է նա:

Մինչդեռ ըստ մասնագետների, նախկին հեքիմական թուրմերի, հեշտոցի մեջ տարբեր առարկաներ մտցնելով հղիությունից ազատվելու, կամ էլ բարձր տեղերից թռնելու պրակտիկային հրաժեշտ տալով, հազարավոր կանայք վերջին տարիներին նախապատվությունը տալով առանց ցուցումների ինքնավիժեցմանը, կանգնած են լուրջ առողջական խնդիրներից, չբերությունից մինչեւ մահվան լուծման առաջ:

Թեեւ «Սայտոտեկի» ազդեցության մասին հետազոտություններ Հայաստանում գոյություն չունեն, այնուամենայնիվ, շատ մասնագետներ Հայաստանում  անպտղության բարձր ցուցանիշը հենց կապում են իրազեկման ցածր մակարդակի, գործիքային եւ նաեւ տնային պայմաններում դեղորայքային աբորտների հաճախության հետ:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության, Հայաստանում վերարտադրողական տարիքի կանանց թիվը շուրջ 1.32 միլիոն է: Անպտղության ցուցանիշը Հայաստանում բարձր է՝  16.8 տոկոս, ինչը գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած ճգնաժամային ցուցանիշը (15%): Սա նշանակում է, որ մոտավորապես յուրաքանչյուր վեց զույգից մեկը չի կարողանում երեխա ունենալ:

Մայրական մահացության ցուցանիշը (100.000 կենդանի ծնունդներին բաժին ընկնող մայրական մահացության դեպքերը) Հայաստանում գրեթե հինգ անգամ գերազանցում է եվրոպական միջինը` կազմելով 28.5:

Անցյալ երեք տարիների ընթացքում մայրական մահացության ցուցանիշն նվազել է. 2009 թվականին արձանագրված 12 մահվան դեպքի դիմաց, 2011 թվականին գրանցվել է  4, 2012-ին՝ 10, իսկ 2013-ին՝ 8 դեպք:

Որպես մայրական մահացության պատճառներ նշվում են էքստրագենիտալ հիվանդությունները` 31 % ( ոչ ինֆեկցիոն բնույթի սիրտ-անոթային հիվանդություն, արյան հիվանդություն, էնդոկրին հիվանդություններ), օբստետրիկ արյունահոսությունը 27 տոկոս  (հետծննդաբերական արյունահոսությունը), հիպերտենզիվ խախտումները (25 տոկոս), աբորտները (3 տոկոս), սեփսիսը (8 տոկոս) և այլ պատճառները (6 տոկոս):

ՀՀ ԱՆ Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական կենտրոնի տնօրեն,  ՀՀ Առողջապայության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը նշում է, որ չի հիշում մի շաբաթ, որ հիվանդանոց «Սայտոտեկի» կիրառման հետեւանքով բարդություններով իրենց մոտ հանգիստ վիճակ լինի: Նա նշում է, որ դեղորայքը օգտագործում են նույնիսկ շատ երիտասարդները:

«Մենք ունեցել ենք դեպքեր, երբ սայտոտեկը օգտագործած կանայք , ովքեր չգիտեն ինչ դոզայի չափով դա օգտագործեն , երկար ժամանակ բուժվել են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, կատարել ենք արյան փոխներակում և այլն,-«Մեդիալաբին» ասում է Աբրահամյանը,-Ստեղծված իրավիճակը հաշվի առնելով, նախարարությունը քայլեր ձեռնարկեց, որպիսի կարգավորի դեղորայքի վաճառքը, որպիսի այն օգտագործվի ըստ ցուցումների, վաճառքն իրականացվի միայն դեղատոմսով»:

Թեեւ տարիների շարունակ Առողջապահության նախարարությունը փաստում էր, որ վերջին տարիներին Հայաստանում աբորտների կտրուկ նվազում կա, այնուամենայնիվ,  UNFPA-ի հետազոտությունները, հրապարակումները, եւ բժիշկների հնչեցրած ահազանգերը փաստեցին, որ նվազման մեջ մեծ դերակատարություն ունի վերարտադրողական տարիքի կանանց մոտ մեծ ճանաչում վայելող ՄԹ Պիրամալ Հելթքեյր ՈւԿ Լիմիտեդ ընկերության արտադրած «Սայտոտեկը»:

Ըստ ԱՆ-ից «Մեդիալաբին» տրամադրած տվյալների, եթե, օրինակ, 2010-ին «Սայտոտեկ 200 մկգ» դեղամիջոցից պաշտոնապես Հայաստան է ներկրվել 2500 տուփ, ապա 2011-ին այդ ցուցանիշն աճել է ավելի քան 10 անգամ` հասնելով 26.655 տուփի, 2012-ին ներկրվել է 2500, իսկ 10570, իսկ 2014-ին շուրջ 10000 տուփ սայտոտեկ:

Ռազմիկ Աբրահամյանը նշում է, իրավիճակը ժամանակի հետ կկանոնակարգվի:

«Շատ դեղատները դեռ գրություններ չեն ստացել, կամ չեն կատարում, ժամանակ է պետք, եւ ժամանակ է պետք այդ վերահսկողությունն արդյունավետ իրականցնելու համար»,-նշում է նա:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը  հավելում է, որ «Սայտոտեկի» ազատ վաճառքի սահմանափակումը միանշանակ դրական գնահատականի է արժանի, եւ որ այդ քայլը դրականորեն կազդի կանանց վերարտադրողական առողջության եւ ժողովրդագրության վրա:

«Մենք առաջարկներ ենք ներկայացրել, եւ հույս ունենք, որ իրավիճակը առաջիկայում դրականորեն կփոխվի»,-«Մեդիալաբին» ասում է նա:

Մարիաննա Գրիգորյան

Լուսանկարը` «Մեդիալաբի»

© Medialab.am