Սիլվա Համբարձումյան. Հերո՞ս, թե՞ դավաճան

Սիլվա Համբարձումյան. Հերո՞ս, թե՞ դավաճան
Սիլվա Համբարձումյան. Հերո՞ս, թե՞ դավաճան

Սիլվա Համբարձումյանի ինքնախոստովանական եռանդի վրա իջել է Սիլվա Կապուտիկյանի ոգին՝ այս կինը աջ ու ձախ պատմում է, թե նախորդ երկու նախագահների պաշտոնավարման ժամանակ ի՜նչ բարձրաստիճան պաշտոնյաների է կաշառել, ներառյալ՝ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին։

Կաշառել է անձամբ, տվել է միլիոնավոր դոլարներ ու քնել հանգիստ։ Նրա կաշառքով անուղղակիորեն կերակրվել է նույնիսկ Մարտի 1-ը, այսինքն՝ այն հանցագործները, որոնք ներգրավվել են հենց այդ արյունոտ գործի մեջ։ Շատ ազնիվ կին է Սիլվա Համբարձումյանը, ինքնախոստովանական ցուցմունքի աստվածուհի, դասագրքերի երազանք, որով կարող են ապագայի գործարարներ մեծանալ բազում աղջիկներ։ Ամեն ինչ լավ է, մենք նաև նրա շնորհիվ այսօր գիտենք, թե ինչ Հայաստան էին ձևում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Բայց ինչո՞ւ է հիմա ասում։

Կաշառքներից մեկը, որում ներգրավված է Քոչարյանի սիրելի Սամվել Մայրապետյանը, ուղիղ 10 տարեկան է։ 10 տարի այս կինը լռել է, ոչ մի Վիկիլիքս այս մասին չի խոսել, ոչ մի տեղից չի սպրդել այս բազմահատոր կաշառքների պատմությունը, որ գոնե կարողանար հերքել։

Ուղղակի լռել է, և հիմա ջրվեժի նման խոստովանում է, նույնիսկ լռեցնել հնարավոր չէ այն ամենից հետո, երբ բոլոր մանրամասները գիտենք։ Լռել է նույնիսկ այն ժամանակ, երբ Սյունիքում նրա ունեցվածքը բոլորի աչքի առաջ խլում էր Սուրիկ Խաչատրյանը, մականունավոր մարզպետը։ Այսօր պատմում է այնպես, ինչպես հանրահավաքներին որևէ փաստ ձեռքի տակ չունենալով, միայն ներքին զգացողությամբ նախորդ իշխանություններին մեղադրում էին նախկին բոլոր ընդդիմադիրները։

Պատմում է այնքան համոզիչ, որ չի լսվում ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ էլ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի ծպտունը։

Կաշառք տալու պատմության շտեմարան է այս կինը։

Շուտով ավելի շատ մեզ կհետաքրքրի այն հարցը, թե ո՛ւմ չի կաշառել տիկին Սիլվան, քան կհետաքրքրի, թե էլ ո՛ւմ է կաշառել։ Կաշառք ասվածն էլ ավելի շատ նման է կամավոր տալուն, քանի որ այնպիսի փողերի մասին է խոսքը, որ կամ տալուց հետո պիտի ունենաս ավելին, կամ պիտի մահվան սպառնալիք հնչած լինի։ Այսօր տիկին Սիլվան հաստատ ավելին չունի, մահվան սպառնալիքի մասին էլ ինքը լռում է, այսինքն՝ չի եղել։

Սակայն հարց է ծագում. այսքան ինքնախոստովանություններից հետո տիկին Սիլվան որևէ գործում որպես մեղադրյալ կամ կասկածյալ ներգրավվա՞ծ է։ Մենք դեմ չենք, որ մարդը հոգին մինչև վերջին հանցանքը դատարկի։ Բայց չի զգացվում, որ ինքն այսօր գիտակցում է, թե ինչպե՛ս է իր հերթին ապականել այս պետությունը։

Այսօր նա հասարակությանը պատմում է, թե ինչպիսի՜ կոռումպացված կերպարներ են մեզ ղեկավարել, սակայն ումո՞վ էին նրանք կոռումպացված։ Տիկին Սիլվան կարևոր կերպար է այս Հայաստանում հենց այն պատճառով, որ նա ավելի «կարևոր» է եղել նախորդ Հայաստանում։

Նա մարդակերների անուններ է տալիս, նրա օրինակով մենք հասկանում ենք, թե ինչքան անզոր է եղել ՀՀ քաղաքացին, և, որ ավելի սարսափելի է, անզոր է եղել նույնիսկ հանցագործների խաղի կանոններով խաղալուց հետո։ Աջ ու ձախ փողեր է բաժանել, հետաքննող լրագրողներից մեկին պատմել է, թե ինչպե՛ս էին իրեն խանգարում շաքարավազ ներկրել, հանք շահագործել։ Եվ այդ ամենը միլիոնավոր դոլարների կաշառքներից հետո։ Երկաթե սիրտ է ունեցել։ Ու լռել է ու լռել է։ Լռել է ու համբերատար աշխատել։ Թերևս ամենալավն այս ամբողջ պատմության մեջ այն է, որ գլուխը չեն կերել։

Կարծես թե տիկին Սիլվան այլևս պատմելու բան չունի, քանի որ ուրիշ ի՞նչ պիտի ավելացնի Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին տրված կաշառքներից հետո։ Իրականում դաժան ճակատագրով կին է, անընդհատ փլուզվող հույսերի մեջ ապրած։ Նման է մարդու, որի բոլոր ձեռնարկների վրայով կեղտոտ ոտքերով քայլել է ով պատահի։

Նույնիսկ, ասում են, Սևանի հոգեբուժարանի տնօրենին է փող տվել։ Եվ կիրքը, որով նա պատմում է այդ ամենի մասին։ Այդ կրքի մեջ է հենց նա դառնում Սիլվա Կապուտիկյան։ Կարծես Արցախյան շարժման առաջին օրերի հանրահավաքների ամբիոնից խոսի։ Կարծես մանրամասն պատմում է ապագայի Հայաստանի իր տեսլականը։ Իսկ խոսում է կաշառքների անվերջ պատմությունից։ Ուղղակի խնամել է պետք այս կնոջը՝ որպես ամենայն անբարոյականության վկայի։ Որպեսզի նրա գլխից մազ չպակասի։ Մինչև հասկանանք՝ ապագա Հայաստանի համար ով էր նա՝ հերո՞ս, թե՞ դավաճան։

Մհեր Արշակյան

MediaLab.am