Կարեն Անդրեասյան․ Պատկերամարտիկը

Մհեր Արշակյան

Արդարադատության նախարար, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր ասել է, որ աշխատանքի մեջ «նայում եմ վարչապետի լուսանկարին և հիշում, որ պետք է լինել ազնիվ, անաչառ»։ Նիկոլը նրա Լենինն է։ Իսկական կոմեդիա։ 

Այսինքն՝ հիմա մեր բոլոր հաղթանակներն էդ լուսանկարի՞ց են կախված։ Լավ է, դեռ չեք ասում, որ եթե 44-օրյա պատերազմից առաջ Նիկոլի լուսանկարը լիներ բոլոր զինվորների կրծքին մոտ, մենք կհաղթեինք։

Կամ եթե Տոկիոյի օլիմպիադայում հայ երկրպագուները Նիկոլի նկարով երկրպագեին մեր մարզիկներին, մենք ամբողջ ոսկին կվերցնեինք։ Տղերք, թեման լրիվ ուրիշ տեղ է։

Խաբել եք հեղափոխության մասնակիցներին։ Իսկ խաբեբաները թանկ են վճարում։ Կարեն Անդրեասյանն ուղղակի գտել է իր կուռքին՝ մարդ լինի քծնեն։ Դրանից դատարաններն ավելի լա՞վն են դարձել, քրեակատարողական հիմնարկներն ավելի մարդկայի՞ն են դարձել։ Ո՛չ։ 

Իշխանության գալուց առաջ Նիկոլ Փաշինյանը ծաղրում էր Սերժ Սարգսյանի այդ կուռքացումը պաշտոնյաների աշխատասենյակում։ Իշխանության գալուց հետո մոտ երկու տարի նրա լուսանկարներն իսկապես ոչ մի պաշտոնյայի աշխատասենյակում չկային։

Իսկապես դրա կարիքը չկար, որովհետև, չվախենանք ասել, որ այդ մարդու պատկերը ժողովրդի սրտում էր։ Նա ոչ թե պետությունն էր ներկայացնում, այլ ավելի շոշափելի մի բան՝ ժողովրդին։ 

44-օրյա պատերազմում Հայաստանի կրած պարտությունից հետո ժողովուրդն իր սիրտն ազատեց այդ մարդու կերպարից, հիմա այդ սրտում ավելի շատ սև շրջանակի մեջ վերցված դեմքեր են։ Ահա այդ պահից Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ ժողովրդի սերն այլևս չկա։

Իսկ նա սիրո պահանջ ուներ, նա տեսել էր այդ սերը, նա ուզում էր, որ իրեն շարունակեն սիրել, ահա ինչու էր ընդամենը 8-րդ դասարանի կրթություն ստացած դեռահասի նման արդարանում՝ առանց պատերազմի եթե հողերը տայի, ինձ դավաճան էիք ասելու։ Հիմա միայն մի խնդիր է դրված նախարար Կարեն Անդրեասյանի առաջ՝ անդավաճան սիրել Նիկոլ Փաշինյանին, որը հենց սիրո կարիք ունի։ 

Երբ «Աստված» մեռնում է, նրան փոխարինում են իր նկարները։ Պատկերապաշտության ակունքներն այդտեղից են։ 

Արդարադատության նախարարը դրա անունը դնում է պետության խորհրդանշան` մոռանալով, որ վաղը, մյուս օրը կամ գուցե 5 տարի հետո այդ մարդը կանգնի արդարադատության առաջ այն պատճառով, որ մատը մատին չխփեց մոտ 4 հազար հոգու սպանությունը կանխելու համար։ 

Խնդիրը, ճիշտ հասկացեք, այն չէ, որ դատապարտելի է վարչապետի լուսանկարը պետական աշխատասենյակում կախելը, խնդիրն այն է, որ եթե վերադառնում ես այն կետին, որտեղից չէիր ուզում սկսել, ինչո՞ւ ասացիր՝ ես բանակցությունները սկսում եմ սեփական կետից։

Ինչո՞ւ ես ընդունում, որ պետության ղեկավարի լուսանկարի մասով սխալվել ես, ու դա պետք է լինի բոլոր աշխատասենյակներում, ինչպես Սերժ Սարգսյանի ու նրա նախորդների ժամանակ էր, բայց չես ընդունում, որ օդի մեջ բանակցությունները սեփական կետից սկսելը կոպիտ, հանցավոր և հակամարդկային սխալ էր։

Չէիր հանդուրժում, չէ՞, երբ Սերժ Սարգսյանի օրոք պետության շինարարության հետ կապ չունեցող ընկերությունները կեղծ «անաչառությամբ» մասնակցում էին պետական գնումների մրցույթների ու հաղթում, իսկ հիմա պարզվում է, որ Ալեն Սիմոնյանի եղբայրը, որի ընկերությունն անշարժ գույքով է զբաղվում, ուղղակի օդից կարող է վերցնել ու հաղթել Ապարանի ներհամայնքային ճանապարհներն ասֆալտապատելու մրցույթում։ Ու ոչ մի քրեական գործ, հատկապես որ սա ճանապարհաշինության մասով առաջին մրցույթը չէ, որում հաղթում է հենց Ալենի եղբայրը։ 

Կարեն Անդրեասյանը թքած ունի, որ իշխանությունն իր տեղում չէ, որ նույնիսկ Իլհամ Ալիևն է ի զորու այդ իշխանությանը թելադրել իր քայլերը, կարևորը, որ վարչապետի նկարը տեղում լինի, վարչապետը գա տեսնի, որ իր նկարը կախած է կաբինետի պատին ու հեռախոսի մեջ պտիչկա դնի՝ Կարենն էլ է ինձ սիրում։ 

Մհեր Արշակյան

MediaLab.am