Արարատ Միրզոյան․ Գլամուրը

Արարատ Միրզոյան․ Գլամուրը
Արարատ Միրզոյան․ Գլամուրը

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի առաջին «գլամուրային» բենեֆիսը վատն էր։ Խնջույքից դուրս գալուց հետո 39-ամյա մարդը ըստ «արարողակարգի» վերարկուն ոչ թե անձամբ է հագնում, այլ հագցնում են։

Բարձրացած աղմուկին նա արձագանքում է այսպես․ «Կարո՞ղ էի ինքնուրույն հագնել վերարկուն։ Իհարկե։ Բայց․․․ տեսախցիկների առջև վերարկուի մյուս թևքը շոշափելով որսալը և ապա ծռմռված օձիք ուղղելը ևս այնքան էլ հրապուրիչ հեռանկար չէ»։

Համաձայնեք, որ ավելի «գլամուրային» արձագանք երևի Լիլի Մորտոն էլ չէր տա։ Մարդը մտածել է «պոդիումի» մասին։ Հասարակությունը մարդուն գործուղել է «հեղափոխական արժեքներ», որպեսզի ինքը լինի իրենցից մեկը, ինքը մտածում է «պոդիումի» մասին՝ ինչպես երևալ ավելի լավը։ Ես իսկապես չգիտեմ, պե՞տք է, որ ԱԺ նախագահը լինի մեզնից մեկը։ Բայց հասարակությունը փոթորկվել է։ Ինքը պատրաստ չէ այդպիսի կայծակնային կերպարանափոխությունների, երբ «մեռելաճաշի կերակուրները պաղ մատուցվեցին հարսանեկան սեղաններին»։

Արարատ Միրզոյանը չպետք է քննարկի հասարակության մի մասի տարակուսանքը։ Էդ հասարակությունը ՀՀԿ է տեսել, Սերժ Սարգսյան է տեսել։ Էդ հասարակությունը զզվել է իշխանավորի քաղքենիությունից։ Իրեն հետաքրքիր չէ, որ արարողակարգով թիկնապահը պետք է վերարկու հագցնի ԱԺ նախագահին, ինքը մի տարի առաջ էդ ԱԺ նախագահին փողոցում տեսնում էր, մոտենում էր, ժպտում էր, կիսվում էր, երբեմն գրկում էր։ Հարազատ մարդ էր, մոտիկություն էր զգում։ Հեղափոխության օրերին նույնիսկ ընտանիքի անդամ էր։

Առաջին հայացքից նույնիսկ կարելի է զարմանալ՝ ի՞նչ է պատահել, արարողակարգային ի՞նչ դրույթ է խախտել Արարատ Միրզոյանը։ Ոչ մի։ Բայց մինչ այդ քո հասարակությանը պատրաստիր էնպիսի մի անհոգության, որն այլևս նման մանրուքներից հեղափոխություն չի սարքի։ Չէ՞ որ այդ ամբողջի միջով ինքն անցել է։ Անհոգությունը միայն քաղքենիական չի լինում, այն լինում է նաև ինտելեկտուալ։ Դուք նրան պետք է առաջարկեիք մի զբաղվածություն, որտեղ ինքը պակաս «ԱԺ նախագահ» չէ, որի կենցաղում նույնպես «վերարկուն» դեմքի այդպիսի արտահայտությամբ հագնելու արարողակարգը կա։ Բացարձակապես ոչ մի միջավայր ապահովված չէ, և դուք հանկարծ հեղափոխությանն առաջարկում եք ձեր շոկը։

Դուք զգաստ քայլերով և դեմքի մի արտահայտությամբ, որն այդպիսին ունենալու վաղեմի երազանք է հիշեցնում, հեռանում եք հասարակությունից, ընկերնե՛ր։ Հասարակությունը կորցնում է իր հարազատությունը։ Հասարակությունը գիտի, որ դուք այլևս փողոցի տղաները չեք, հենց այդպիսին չլինելու համար է ձեզ ապահովել հարմարավետությամբ և գործուղել իշխանություն, բայց չի ասել, որ իր խնդիրը իշխանության անպատկառության «ռեստարտն» էր։ Այո՛, իշխանությունը, ի տարբերություն վերարկուի, դեռ ձեր հագով չէ, բայց մարդամեջ դուրս գալու համար հատուկ էթիկական պայմանականություններ կան, և դրանցից առաջինը դուք եք սահմանել՝ ես ձեզանից մեկն եմ։

Ի՞նչն էր խանգարում երիտասարդ մարդուն, որ վերարկուն վերցնի թիկնապահի ձեռքից և անձամբ հագնի։ Սա բացատրություն ունի՞։ Ի՞նչն է խանգարում թիկնապահին նույնպես մասնակից դարձնել հեղափոխության հմայքին, որը ձեր դեպքում նախ էթիկական է։ Իշխանությունը փոխվել է, թիկնազորը՝ ոչ։ Նրանց էլ ներգրավեք մի «արարողակարգի» մեջ, որտեղ իրենք դառնում են բոլորից մեկը։ Եթե յուրաքանչյուրը պիտի լինի այն, ինչն արդեն մի անգամ տեսել է, հեղափոխությունը նույնպես կլինի այն, ինչը մի անգամ ժողովուրդն արել է։ Մտածե՛ք։

Մհեր Արշակյան

MediaLab.am