Ամեն սերնդի «Մանչեսթերն ու Լիվերպուլը»

Ամեն սերնդի «Մանչեսթերն ու Լիվերպուլը»
Ամեն սերնդի «Մանչեսթերն ու Լիվերպուլը»

«Վրեմյան» վերջանում էր, ավարտվում էին Բրեժնևի, Գրոմիկոյի, Գրիշինի, Սուսլովի մասնակցությամբ լուրերը, աֆրիկյան տարազով դիվանագետների աֆրիկյան լեզուներով կարդացած տեքստերն ամփոփվում էին Բուրկինա Ֆասոյի կամ Կոտ դ’Իվուարի առոգանությամբ ռուսերեն մի քանի բառով, կանադացի հոկեյիստների նկատմամբ ունեցած մեր առավելություններն ու մյուս սպորտային նորությունները ոգեշնչված թվարկվում էին, ու սենյակը զրնգուն ողողվում էր «Վրեմյայի» եղանակի տեսության մեղեդիով։

«Ողողել» բառն այս դեպքում տհաճորեն ծեծված «ողողելը» չէ, որովհետև «եղանակի տեսության» մեղեդին հենց ողողում էր սենյակը, մեղեդին շատ էր տարբերվում մինչ այդ պահը հնչած բառերից ու տեսարաններից, այն ուրիշ բանի մասին էր և ուրիշ կերպ։

Եթե տաք օր էր՝ վարագույրի սպիտակ փեշը գնում-գալիս էր մեղեդու հետ, արևի զվարթ մուտքի նման մեղեդին լցնում էր սենյակը տասն անց երեսունին, երբ արդեն արև չկար, ու քնելու ժամը մոտենում էր, արևի զգացումը երևի Մուրմանսկի նկարում ձյուների վրա փայլող արևի շողից է մնացել, սենյակը ողողվում էր մինչև այդ կես ժամ լսածի հետ ոչ մի ընդհանրություն չունեցող ձայնով, բառիս ուղիղ իմաստով ողողում էր ճաշասենյակի բոլոր անկյունները, հեռավոր ննջարանները, բաց պատուհաններից, ուրիշ բնակարաններից դուրս էր գալիս, մտնում մյուս բնակարանը, տարբեր բնակարաններից իրար հանդիպած «եղանակի տեսության մեղեդին»-երը իրար հետ զվարթություն էին անում ուշ ժամին, բաց պատուհաններից իջնում բակի «բեսեդկաների» գմբեթներին, բակերը լցվում էին պա- պա-պամ, պա-պա-պա-պամ, պապապապապապապամ-ի հնչեղ գործիքավորմամբ, զանգակ, զրնգուն մեղեդով։

Փոքր տարիքում զգացածը երբեք չի խաբում։ «Վրեմյան» ամենագորշ հաղորդումներից էր, թեև, ինչպես իմացանք հետո՝ հաղորդավարների վարպետությունն անզուգական էր։

«Վրեմյան» աշխարհի ամենագորշ բանն էր, որ կարելի էր տեսնել մանկության տարիներին։ Բայց դրա ավարտին հնչած մեղեդին, բոլոր գործիքների ձայնը առանձին-առանձին հուշում էին, որ ուրիշ կյանք կա Սուսլովից, Բրեժնևից, Կոսիգինից, աֆրիկյան տարազով դիվանագետներից, ռուս հոկեյիստներից, ի վերջո նաև հորս անվերջանալի հակասովետական դիտարկումներից․ «եղանակի տեսության մեջ չասեց, չէ՞, Երևան, ասեց Բաքու, Թիֆլիս, Երևան չասեց. անասուննե՛ր»։

Ու, իրոք, մեկ-մեկ ասում էին Երևան, մեկ-մեկ՝ չէ, երբեմն լղոզում էին «Զակավկազիե» ու անցնում, բայց Բաքվում, Երևանում, Թիֆլիսում նույն եղանակը չէր լինում։ Ու հենց եղանակի տեսության վերջում Երևանն առանձին ասում էին, ես ու եղբայրս գոռում էինք՝ ասե՜ց։ Հայրս, մեկ է, դժգոհ աղավաղում էր դեմքը։ Ու այս քաղաքական ու հակապետական դիրքորոշումներից հետո եղանակի տեսության նոտաները թռչկոտում էին բոլոր լուսամուտների գոգերին, բայց հատկապես հիշում եմ, որ երբ մի քիչ հով էր փչում, սպիտակ վարագույրի փեշը մեղեդու հետ թեթև վալսի մեջ էր մտնում։

Երևի մի տասնհինգ տարի ամեն երեկո «եղանակի տեսության» մեղեդին զնգում էր մեր տներում ու այդ մեղեդին մեզ համար «եղանակի տեսության» մեղեդի էր՝ «Վրեմյայի» վերջում։

Ու երբ պարզվեց, որ այս լուսավոր մեղեդին ոչ մի կապ չունի մեր իրականության հետ, այն Մարի Լաֆորեի երգած «Մանչեսթր և Լիվերպուլ» երգն էր, ու Սուսլովից, Կոսիգինից և աֆրիկյան տարազով դիվանագետներից հետո անբառ մեղեդու երգում, պարզվում է, ասվում էր, թե «Մանչեսթեր և Լիվերպուլ, ես նորից ինձ տեսնում եմ փողոցի երկայնքով թափառելիս, ամբոխի մեջտեղում, հազարավոր անծանոթ մարդկանց մեջ, այդ սիրուն սերը, որ իմացա քեզ հետ, փնտրել եմ բոլոր կորած անկյուններում, ոնց եմ սիրում քո ձայնը, որն ինձ ասում էր՝ «սիրում եմ քեզ», ինչքան էլ սիրուն լիներ՝ մի տեսակ խաբված զգացինք մեզ։

Մի կողմից պարզվում է՝ շատ սիրուն բան. սեր, կարոտ, չքնաղ ֆրանսերեն, Մարի Լաֆորե չքնաղ կին, բայց, մյուս կողմից, ախր դրանք Մանչեսթրն ու Լիվերպուլը չէին, այլ Արխանգելսկի ու Մուրմանսկի ձյուներն էին ցույց տալիս, Սվերդլովսկի արևի տակ փայլող ձյունը, Կարելիայի օդի խոնավությունը, Էստոնիայի անձրևը, Զակավկազիեի եղանակի լղոզած տեսությունը, շատ լղոզած, որովհետև Ղուկասյանում ու Բաքվում երբեք նույն ջերմաստիճանը չի լինում։

Այդ չքնաղ ֆրանսերենը՝ Je t’aime, je t’aime, que j’aime ta voix qui me disait “ Je t’aime..”, իսկ մանկության մեջ դա ուրիշ բան էր, հիմա՝ ո՞նց Մանչեսթր  ու Լիվերպուլ։ Այն վերջին տողի վրա՝ que j’aime ta voix qui me disait “ Je t’aime..” ասում կամ չէին ասում Երևանի եղանակը, ու մենք գոռում էինք մի ձայնով՝ պա՛պ, ասեց, փաստորեն Մանչեսթր ու Լիվերպուլ ու ոչ մի կապ չկար Երևանի ու «Զակավկազիեի» գլխին թափվող ու թափվելիք ձյուների ու անձրևների հետ։

Ամեն մեղեդի՝ ամեն օր նույն ժամին հնչած, նույն բանի մասին բան պատմած ամեն մեղեդի, ուղեղի մեջ հաստատվում է որպես այդ պահին, այդ կոնկրետ իրականության տիտղոսաթերթ, և եթե այն փոխում ես նույնիսկ ավելի լավով՝ խախտվում է մինչ այդ պատմածիդ մտքի ընթացքը։ Իսկ մտքի ընթացքը հարկ է որ փոխվի ինքնըստինքյան՝ կյանքի պատվերով, ինքն իրեն, առանց հատուկ որոշման։

Մեր գործող հիմնը բոլորովին ամենասիրելի մեղեդին ու տեքստը չունի շատերիս համար, բայց այն արդեն շատերիս կյանքի մի մասի, իսկ շատերի համար՝ նույնիսկ ամբողջ գիտակցական կյանքի պետության տիտղոսաթերթն է։ Թողնենք այն փոխելու որոշումը այն սերնդին, որը կյանքի տրամաբանության պահանջով, ինքնըստինքյան կանի դա՝ առանց հանձնաժողովի, որովհետև գտնված կլինեն այն մեղեդին ու տեքստը, որ անկասկած պիտի լինի հիմն՝ որպես տրամաբանական ավարտ տեղի ունեցածի։

Լուսինե Հովհաննիսյան

MediaLab.am