«Ո՞նց դիմանամ էս չարիքին, մի տնից՝ երկու հոգի, կյանքն ավերակ է»․ Անահիտը պատերազմում կորցրել է եղբորն ու եղբորորդուն

60-ամյա Անահիտ Սարգսյանը հուզմունքով ասում է՝ պատերազմը կյանքն ամբողջությամբ ավերակի վերածեց։ Անահիտը մեկ օրվա տարբերությամբ կորցրել է եղբորն ու եղբոր տղային, որոնք իր կյանքի ամենաթանկ մարդիկ էին։ 

«Կարենս 9 տարեկան էր, եղբայրս կնոջից բաժանվեց, միասին ենք ապրել, ես եմ մեծացրել Կարենիս։ Չարաբաստիկ պատերազմը երկուսին էլ տարավ։ Ես միանգամից կոտրվեցի»,- հուզվելով ասում է 60-ամյա կինը։

Անահիտի երկու եղբոր որդիները պատերազմն սկսվելուն պես ծանուցագիր են ստացել և մեկնել առաջնագիծ՝ տարբեր ուղղություններով։ Կարենի հայրը՝ 54-ամյա Տիգրանը, ունենալով հանդերձ առողջական խնդիրներ, որոշել է միանալ տղաներին և կամավորագրվել է։

Անահիտը հուզմունքով է հիշում, որ եղբորը խնդրել է չգնալ, եղբոր որդին էլ պատերազմի դաշտից է հորդորել՝ հանկարծ չմեկնի, բայց Տիգրանն անդրդվելի էր․ 

«Ասեց՝ չհամարձակվեք իմ ճանապարհին կանգնեք, ես իմ էրեխուն ուղարկել եմ, ես էլ բերելու եմ, առանց երեխու հետ չեմ գա, ու գնաց որպես վարորդ: Իրան տարան Ջրական, Կարենս Հադրութում էր, մյուս եղբորս տղան՝ Մարտունիում»։

Հոկտեմբերի 13-ին առավոտյան Անահիտը խոսել է եղբոր հետ, նույն օրն էլ դեպքը պատահել է։ 

«Տիգրանն առողջություն չուներ, սրտի վիրահատություն էր տարել, ինսուլտ էր տարել, միգրեն ուներ, բարձր ճնշում: Ամսի 13-ի առավոտյան զանգեց, ասեց՝ քուր ջան, ես հետ եմ գալիս, իմ վիճակը վատացել ա, ոտքերս այտուցվել են… Ասեցի՝ առանց Կարենի մի՛ արի, գնա, էրեխուս տես, նոր արի, երանի չասեի… Հաջորդ օրը առավոտը 12-ին Տիգրանի մահվան լուրը լսեցի, ասեցին՝ զոհվել ա ու Էջմիածնում ա»,- պատմում է Անահիտը ու ցավով ասում, որ այդ օրվանից չի կարողացել նաև եղբոր տղայի՝ Կարենի հետ կապ հաստատել:

«Ես խելագարվում էի, չգիտեի՝ ինչ անել, ամբողջ գյուղը իմ տունն էր լցվել, չէինք կարում Կարենին գտնեինք»,- հուզմունքով հիշում է Անահիտն ու ասում, որ եղբայրն ու եղբոր որդին ժամերի տարբերությամբ են զոհվել։

«Ո՞նց դիմանամ էս չարիքին, մի տնից՝ երկու հոգի։ Ցավս շատ մեծ ա, չեմ կարում հանգստանամ, թող մենակ Տիգրանը լիներ, էրեխես չլիներ, էդքան չէի ցավա, կհասկանայի, ըմբռնումով կմոտենայի, որ իրանից հետո էրեխա կա, բայց էրեխեն էլ զոհվեց»,- մորմոքով ասում է 60-ամյա կինը։

Անահիտն ասում է՝ Կարենի մարտական ընկերների մի մասը պատմել է, թե Կարենը զոհվել է Հադրութից Շուշի գնալու ճանապարհին, երբ ԱԹՍ-ն հարվածել է մեքենային, մյուս մասն էլ ասել է, թե Կարենը այդ մեքենայում չի եղել։ 

Այս հակասական պատմությունների հետևանքով և հոգու խորքում եղբոր որդու ողջ լինելու հույսով Անահիտը սպասում է, որ մի օր Կարենը տուն կմտնի։

«Մեկ ասեցին՝ Կարենս զոհվել ա Արա լեռ-Հադրութ հատվածում, հետո՝ Տող գյուղում, հետո՝ Կարմիր շուկայում։ Տարբեր բաներ ասեցին՝ մեքենայում ա եղել, չի եղել։ Հստակ բան չկար։ Տիգրանի մահը զգացի, հասկացա, բայց Կարենինս չզգացի ու մինչև հիմա չեմ զգում, տարօրինակ երազներ եմ տեսնում, երազներումս ասում ա՝ ես կամ, հետ եմ գալիս»,- պատմում է Անահիտը։

22-ամյա Կարեն Սարգսյանը Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող էր, սովորել է դեղագործության բաժնում, սակայն ցանկացել է փոխել բաժինը և վիրաբույժ դառնալ:

«Շատ խելացի էր Կարենը, դպրոցում բացարձակ գերազանցիկ էր, ես էի իր հետ պարապում, ընդունվեց համալսարան, բայց ուզում էր վիրաբուժական, որոշել էր փոխել բաժինը, բայց չարաբաստիկ պատերազմը չթողեց»,- ասում է ու հուզվում հորաքույրը։

Անահիտը պատմում է, որ Կարենը շատ կապված է եղել իր հետ, անգամ գաղտնիքներով ավելի շատ կիսվել է իր հետ, խնդիրներ ունենալու դեպքում ևս հորաքրոջն է ասել, քանի որ հայրը վատառողջ էր և չէր ուզում հորն անհանգստացնել։ 

Շատ նրբանկատ էր՝ ասում է հորաքույրը ու հուզմունքով հիշում՝ ինչպես էր Կարենը դասերից հետո տուն գալիս, ուտելիք պատրաստում ու սպասում հորաքրոջ աշխատանքից տուն գալուն։

«Ձեռքի լավ շնորհք ուներ, խոհանոցում համով ժարիտներ էր անում, շատ էր սիրում Կեսար աղցանը, ինքն էլ պատրաստում, ասում էր՝ երկրորդ մասնագիտությունս խոհարարությամբ կզբաղվեմ։

Դասից որ գալիս էր, ես աշխատանքի էի լինում, զանգում էր՝ հոք, ճաշ եմ էփել, ե՞րբ կգաս, դնեմ սեղանին։ Ես չէի ծնել Կարենին, բայց մորից առավել եմ եղել: Մի անգամ թեթևակի ասեցի՝ ես ինչքան սեր տամ, մայրական սիրո տեղը լրացնեմ, ասեց՝ չասես նման բան, կարևոր չի, որ դու չես ծնել, դու մորից առավել ես իմ համար»,- պատմում է հորաքույրը ու հուզմունքով ասում՝ մինչ պատերազմը անհոգ ապրում էին, սակայն ամեն ինչ միանգամից փոխվեց։

Այժմ Անահիտն սիրտ չունի տնից դուրս գալու, որևէ մեկին հյուր գնալու, ասում է՝ ուր գնացել է՝ միշտ եղբոր ու եղբոր որդու հետ է գնացել․ «Հիմա մենակ ո՞նց գնամ, շանթահար եմ լինում»։

Անահիտը կսկիծով ասում է, որ ցավին զուգահեռ նաև ֆինանսական և դատական խնդիրների է բախվել. եղբոր անունով վարկ է եղել, և չնայած եղբայրը զոհվել է, սակայն բանկն այդ հանգամանքը հաշվի չի առնում, և եղբոր դեմ դատական գործ են հարուցել։

«Տիգրանը զոհվել է, բայց իրան դատի են տվել, ասում են՝ կառավարությունը չի հստակեցրել, որ զոհվածներին զիջեն, թողել են բանկերի խղճին, ինչ որոշեն՝ որոշեն։

Իրանք ասում են՝ 3 երաշխավոր կա, էդ թվում մեկը ես եմ, ասում են՝ պիտի վճարեք։ 1 միլիոն 300 հազար դրամ պետք ա վճարենք, մենակ կորուստը չի, էս կարգի անտարբերություն կառավարության կողմից»,- ասում է Անահիտը։

Կարեն Սարգսյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով, Տիգրան Սարգսյանը՝ «Մարտական ծառայություն» մեդալով։

Արփինե Արզումանյան

MediaLab.am