Հայաստանը հեղեղված է թափուր աշխատատեղերով, գործատուները չեն կարողանում գտնել համապատասխան մասնագետների. Հրայր Հակոբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության գործատուների հետ համագործակցության և աշխատանքային միգրացիայի բաժնի պետ Հրայր Հակոբյանը

– Պարո՛ն Հակոբյան, Միասնական սոցիալական ծառայության աշխատանքի որոնման «Գտի՛ր աշխատանք» հարթակը որքա՞ն ժամանակ է գործում, ի՞նչ արդյունքներ եք հասցրել գրանցել այդ ընթացքում։

– Այս հարթակը երկու ամսից ավելի է՝ ինչ գործարկվել է, որի նախորդ աղբյուրը եղել է «Թափուր աշխատատեղեր» հարթակը, այսինքն՝ այնպես չէ, որ սա նոր է, ուղղակի Միասնական սոցիալական ծառայության կազմավորվելուց հետո կատարվեցին նմանօրինակ փոփոխություններ։ 

Ներկա պահին 3050 թափուր աշխատատեղ է տեղադրված, ու այդ թիվը մշտապես փոխվում է, այսինքն՝ նոր աշխատատեղերն անմիջապես մուտքագրվում են համակարգ ու դառնում բոլորի համար հասանելի, իսկ որ աշխատատեղերը համալրվում են՝ անմիջապես դուրս են գալիս հարթակից։ 

Ներկայիս թափուր աշխատատեղերից տոկոսային հարաբերությամբ, իհարկե խոսքը միայն մեր՝ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններից հավաքագրած թափուր աշխատատեղերի մասին է, Երևան քաղաքում գրանցված է 1776 թափուր աշխատատեղ, ինչը ամբողջ հանրապետության թափուր աշխատատեղերի 59%-ն է, որը բավականին մեծ թիվ է: 

Մնացած մոտ 40%-ը ու մի փոքր ավելին բաշխված է ըստ մարզերի․ հաջորդը թվաքանակով Շիրակի մարզն է՝ 225 թափուր աշխատատեղ՝ 7%, Կոտայքի մարզը՝ 186, այն է՝ 6%, նույնքան թափուր աշխատատեղ կա Տավուշի մարզում, Արագածոտնի մարզը՝ 149, այն է՝ 5%, Լոռու մարզը՝ 143, այն է՝ 5%, Սյունիքի մարզը՝ 102, այն է՝ 3%, Գեղարքունիքի մարզը՝ 97, այն է՝ 3%, Արարատի մարզը ևս 3%՝ 93 թափուր աշխատատեղ, Վայոց ձորը՝ 69, այն է՝ 2% ու Արմավիրի մարզը՝ 21, այն է՝ 1%։ 

Արմավիրի մարզում այս ցուցանիշը պայմանավորված է սեզոնային աշխատանքներով, չնայած մյուս մարզերում էլ այժմ գյուղատնտեսական աշխատանքների սեզոնն է, բայց Արմավիրում ավելի շատ են աշխատանքները հենց այս շրջանում։

– Ձեր առաջարկած աշխատանքային ոլորտները որո՞նք են, ի՞նչ աշխատանք եք առաջարկում դիմողներին։

– Այս պահին առավելապես պահանջված են կարուձև անող մարդիկ, այդ թվում՝ դերձակներ, այսինքն՝ այսօր ամենաշատ պահանջարկ կա թեթև արդյունաբերության ոլորտում, 3000-ից ավելի թափուր աշխատատեղերից միայն 250-ը հենց այդ ոլորտից են։ 

Հաջորդ պահանջարկ ունեցող աշխատակիցներն են հսկիչները, գանձապահներն ու վաճառողները, այսինքն՝ առևտրի ոլորտում ևս աշխատակիցների պահանջարկը մեծ է, հաջորդը՝ խոհարարներ, հացթուխներ։ 

Ոլորտները բազմաթիվ են, մեծ է նաև շինարարների, առաքիչների, փականագործների պահանջարկը, այսինքն՝ ոչ միայն առևտրի ու թեթև արդյունաբերության ոլորտում է մեծ պահանջարկ, այլ նաև սպասարկման, ընդհանուր արդյունաբերության ոլորտներում։

– Պարո՛ն Հակոբյան, այսինքն՝ այն տարածված կարծիքը, թե Հայաստանում աշխատատեղեր չկան, իրականությանը չի՞ համապատասխանում։

– Իհարկե ո՛չ, ես կասեի հակառակը՝ Հայաստանը հեղեղված է թափուր աշխատատեղերով, որովհետև եթե միայն համացանցում նայեք՝ կտեսնեք, որ աշխատողների պահանջը շատ-շատ է: Այսօր այնպիսի իրավիճակ է, որ գործատուները չեն կարողանում գտնել իրենց թափուր աշխատատեղի պահանջներին բավարարող տվյալներ ունեցող անձանց։ 

Մեր տարածքային կենտրոններում այժմ գրանցված է 77599 աշխատանք փնտրող, որոնցից 64%-ը՝ շուրջ 50000-ը, կանայք են։ Այսօր բավականին մեծ թվով թափուր աշխատատեղեր կան, բայց գործատուների մոտ ոչ բոլոր տեղերն են համալրվում։ 

Աշխատանք փնտրողներ կան հաշվառված Միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոններում, և 77000-ից ավելի աշխատանք փնտրողներին մշտապես առաջարկվում են այդ աշխատանքները, որոնք մենք են հավաքագրում, բայց, բացի մեր հավաքագրած թափուր աշխատատեղերից, կան նաև տնտեսության տարբեր ոլորտներում առկա ավելի շատ թափուր աշխատատեղեր։

– Պարո՛ն Հակոբյան, կոնկրետ այս հարթակի փորձն ի՞նչ է ցույց տալիս, աշխատատեղերը թափուր են մնում, որովհետև աշխատավա՞րձն է ցածր, թե՞ գործատուների պահանջներն են ավելի բարձր, և դիմողները չեն բավարարում այդ պահանջներին։

– Ե՛վ, և՛, եթե տոկոսային հարաբերությամբ ներկայացնեմ՝ թափուր աշխատատեղերի մեծ մասը պայմանավորված է մասնագետների ոչ բավարար որակավորմամբ։ Քիչ չեն նաև այն աշխատատեղերը, որոնց պայմանները չեն բավարարում աշխատանք փնտրողներին, օրինակ՝ աշխատավարձի չափն իրենց սպասածից ցածր է։ 

Կոնկրետ մենք աշխատանք առաջարկում ենք այն դեպքում, երբ տվյալ աշխատանքի համար սահմանված աշխատավարձը բարձր է հարմար աշխատանքի չափանիշներից: 

Օրենքով կան սահմանված հարմար աշխատանքի չափանիշներ, որոնցից մեկը աշխատավարձն է, որն առնվազն պետք է գերազանցի սահմանված նվազագույն աշխատավարձի չափը՝ եթե անձը մասնագիտություն չունի, եթե մասնագիտություն ունի՝ աշխատավարձը պետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 1,5 չափը։ 

– Այսինքն՝ դուք առաջարկում եք նվազագույն աշխատավարձի չափից բա՞րձր աշխատավարձով աշխատանք։ 

– Այո՛, այո՛, նվազագույն աշխատավարձից բարձր, իհարկե կան նաև դեպքեր, երբ նվազագույնից ցածր է, բայց այդ պարագայում գործատուն առաջարկում է կես հաստիքով աշխատանք: Եթե, օրինակ՝ հարթակում տեսնեք, որ աշխատավարձի չափը 50000 է, ինչը ցածր է նվազագույն աշխատավարձի չափից, դա չի նշանակում, որ այդ գումարը սահմանված է ամբողջ դրույքի համար։

– Աշխատանքի համար դիմողների մեծ մասը մարզերի՞ց է, թե՞ մայրաքաղաքից։

– Իմ նշած 77000-ից ավելի աշխատանք փնտրողները ամբողջ հանրապետությունում են հաշվառված, բայց մեծ մասը, իհարկե, հաշվառված է մայրաքաղաքում, բայց քիչ չեն նաև մարզերից դիմողները։ 8000-ից ավելին է Երևան քաղաքից, մոտավորապես նույնքան՝ Լոռու ու Կոտայքի մարզերում, 16000-ը՝ Շիրակի մարզում։ 

– Պարո՛ն Հակոբյան, իսկ տարիքային սահմանափակում կա՞։

– Մենք ունենք կարգավիճակներ՝ աշխատանք փնտրող, դրա մեջ որքա՞ն են կազմում գործազուրկի կարգավիճակ ունեցողները, իսկ դրանց մեջ որքա՞ն են կազմում աշխատաշուկայում անմրցունակ համարվող անձինք։ Շատ կարևոր եմ համարում ասել, որ 77000-ից ավելի աշխատանք փնտրողներից մոտավորապես 50000-ից ավելին համարվում են աշխատաշուկայում անմրցունակ անձինք։ Այսինքն՝ 77599 աշխատանք փնտրողներից 53000-ը գործազուրկի կարգավիճակ ունեցողներն են, իսկ 53186-ից 50376-ը աշխատաշուկայում անմրցունակ անձինք են։ 

Անմրցունակ համարվողների 19 խումբ կա, օրինակ՝ անձը ունի հաշմանդամություն կամ հաշմանդամություն ունեցող երեխա, կամ ընտանիքը ստանում է սոցիալական կամ ընտանեկան նպաստ, 16-30 տարիքային խմբում և 3 ամսից ավելի գործազուրկի կարգավիճակում գտնվողը, կամ 31-61 տարեկանը ու մեկ տարուց ավելի գործազուրկի կարգավիճակում գտնվող անձը, փախստականները, էմիգրանտները, որոնք մասնագիտություն չունեն կամ ազատազրկման վայրերից են վերադարձել։ Սա շեշտում եմ, որովհետև գործազուրկների ընդհանուր թվաքանակի շուրջ 95%-ը աշխատաշուկայում անմրցունակ անձինք են, սա այն խումբն է, որը շատ դժվար է աշխատաշուկայում ինտեգրվել։ 

– Այս հարթակի երկու ամսվա աշխատանքն արդյունավետ համարո՞ւմ եք, ու եթե կան թվային տվյալներ, կասեք՝ քանի՞ անձ է աշխատանքի տեղավորվել այս հարթակի միջոցով։

– Տարեսկզբից մեր 49 տարածքային կենտրոնների կողմից աշխատանքի են տեղավորվել 5159 աշխատանք փնտրողներ։ Առաջիկա օրերին մենք կամփոփենք նաև նախորդ ամսվա տվյալները, որովհետև այս թվերը թարմացվելու կարիք ունեն, բայց առայժմ այդ թիվը 5159 է, որից 1311-ը երիտասարդներ են, այսինքն՝ 16-29 տարեկան, իսկ աշխատաշուկայում անմրցունակ անձինք՝ 4251, այսինքն՝ բավականին մեծ թվով անմրցունակ անձանց մենք օգնել ենք աշխատանք գտնել։

– Պարո՛ն Հակոբյան, հարթակին դիմելու ընթացակարգը կհիշեցնե՞ք, որպեսզի մեր ընթերցողները ևս մեկ անգամ հիշեն։

– Հարթակը բաց է բոլորի համար, բայց եթե անձն ուզում է դիմել նախասիրած աշխատանքի համար, այնտեղ ինքը հուշում է ստանում համակարգից՝ խնդրում ենք այցելել ձեր բնակության տարածքը սպասարկող Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն, որպեսզի այնտեղ հաշվառեն, գնահատեն կարիքները, տան համապատասխան խորհրդատվություն ու այնուհետև համադրեն դիմողի անձնական ու առավելապես մասնագիտական տվյալները թափուր աշխատատեղի պահանջների հետ։ 

Այնուհետև տարածքային կենտրոնը տրամադրում է ուղեգիր, ու դրանով անձը գնում է գործատուի մոտ, և գործատուն հնգօրյա ժամկետում որոշում է ընդունում․ եթե ընդունում է աշխատանքի, պատասխանում նշում է, որ ընդունել է, եթե՝ ոչ, համապատասխան նշում է անում ու դա վերադարձնում տարածքային կենտրոն։ 

Փորձում ենք այնպես անել, որ հարթակում տեղադրված հայտարարությունները մի փոքր սահմանափակում ունենան այն առումով, որ երբ գործատուները դիմում են մեզ, խնդրում են, որ ֆիլտրենք իրենց ներկայացրած պահանջները։ Գործատուն մեզնից ակնկալում է, որ իր մոտ ուղեգրենք իրենց պահանջներին համապատասխանող անձանց։ 

– Դիմողների ակտիվությունը շարունակվո՞ւմ է, թե՞ նվազման միտում կա։

– Տարբեր ժամանակահատվածներում տարբեր ակտիվություն ենք գրանցել, ներկայումս այնքան էլ ակտիվ չէ, որովհետև ամառային սեզոն է, ու շատերը գյուղատնտեսական աշխատանքներ են անում։

– Իսկ դիմողները հիմնականում բարձրագույն կրթություն ունեցող անձի՞նք են, թե՞ ոչ։

– 77599-ից հետբուհական ու բարձրագույն կրթություն ունեն 12700-ը։ Միջին մասնագիտական ու նախնական մասնագիտական կրթություն ունեցողները ևս 12000 են, իսկ արհեստագործականը՝ 3590 է։ Ամենամեծ թիվը կազմում են մասնագիտական կրթություն չունեցողները, միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցողների թիվը 40000-ից ավելի է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am