Հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովն Ադրբեջանում է. «հերոսը» վերադառնում է հայրենիք

Հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովն Ադրբեջանում է. «հերոսը» վերադառնում է հայրենիք
Հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովն Ադրբեջանում է. «հերոսը» վերադառնում է հայրենիք

Ութ տարի առաջ` 2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում կացնի 16 հարվածով քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովը Հունգարիայից էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան:
Գուրգեն Մարգարյանն ու Ռամիլ Սաֆարովը միասին մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում կազմակերպված եռամսյա վարժանքին Հունգարական դատարանը Սաֆարովին դատապարտել է ցմահ ազատազրկման:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանական Trend-ը արդեն իսկ տեղեկացրել էր նման հնարավորության մասին:

«Հունգարիայի եւ Ադրբեջանի միջեւ համապատասխան համաձայնության դեպքում հնարավոր է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիան», – նշել էր Ադրբեջանի Գերագույն դատարանի նախագահ Ռամիզ Ռզաևը` շեշտելով, որ դա «միջպետական հարց է»:

Չնայած 80-ից ավելիՀԿ-ներ ստորագրահավաք էին նախաձեռնել, որով անընդունելի էին համարում վայրագ սպանություն կատարծ մարդասպան Սաֆարովի էքստրադիացիան, այնուամենայնիվ այն արդեն կայացած փաստ է: ՀԿ-ների մտահոգված էին, որ Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովի հանձնումը Ադրբեջանին կարող է անպատժելիության նախադեպ ստեղծել` նմանատիպ ողբերգությունների պատճառ հանդիսանալով:

«Ադրբեջանում որևէ մեկը չի ճանաչել Գուրգեն Մարգարյանի սպանությունը՝ որպես հանցագործություն կամ չի ճանաչվել Ռամիլ Սաֆարովի մեղավորությունը: Ութ տարի անց սա ևս մի ծանր փաստ է: Ադրբեջանը երբևէ այս ութ տարվա ընթացքում չի դադարեցրել իր ջանքերը և ջանասիրաբար հետևողական լինելով՝ հերոսացնում է Ռամիլ Սաֆարովին»,-երեկ Երեւանում տեղի ունեցած «Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիան անընդունելի է» թեմայով ասուլիսի ժամանակ ասել է Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի ընտանիքի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Նազելի Վարդանյանը:

Դեռեւս երեք տարի առաջ`2008-ին Հունգարիայի արտգործնախարար Կինգա Գենցը Երեւան կատարած այցի ժամանակ նշել էր, որ Սաֆարովի էքստրադիցիայի հնարավորությւն կա, սակայն Հունգարիան նման պարտավորություն չունի:

«Սաֆարովի արարքը հունգարական հասարակության համար շոկ էր: Սաֆարովին վերդարձնելու հնարավորություն կա, սակայն Հունգարիան նման պարտավորություն չունի: Սաֆարովին վերաբերող բոլոր հարցեը լրջորեն կքննարկվեն: Ամենագլխավոր հարցն այն է, արդյոք Ադրբեջանում Սաֆարովի նկատմամբ շարունակվելու է ցմահ ազատազրկում կիրառվել, թե ոչ»,-նշել էր նա:

Ակնհայտ է, որ Ադրբեջանում սկսելու են Սաֆարովի քաղցր օրերը, հաշվի առնելով այն, որ վերջինս իր երկրում հերոս է համարվում: Դրա վառ վկայությունը նրա ծննդյան օրվա կապակցությամբ հասարակական շնորհավորանքներն են իշխանությունների կողմից`«հերոս», «հայրենասեր» «իսկական մարտիկ», «Ադրբեջանի հերոս զավակ» որակումները:

Ադրբեջանական մամուլում Սաֆարովի գազանությունը արդարացնելու համար բազմիցս նշվել է այն մասին, թե նա ստիպված էր նման քայլի գնալ եւ պաշտպանել սեփական երկրի արժանապատվությունը, քանի որ հայ սպա Գուրգեն Մարգարյանը հասարակայնորեն ծաղրում եւ վիրավորական խոսքեր էր հնչեցնում Ադրբեջանի, ադրբեջանական ազգի հասցեին:

«Ադրբեջանը արդարացի է համարում Ռամիլ Սաֆարովի պատշաճ պահվածքը,-գրում են ադրբեջանակն լրատվամիջոցները,-հայ սպայի ոչ պատշաճ վարքագծի, սադրանքների եւ ազգայնամոլության հողի վրա»:

«2004 թվականի փետրվարի 19-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որտեղ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում դասընթացներ էին անցկացվում, տեղի ունեցավ ահասարսուռ մի իրադարձություն, որը լիովին ժխտեց այդ ծրագրի էությունն ու իմաստն: Ուշ գիշերով ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը ներխուժեց համակուրսեցիների ննջասենյակ և նախապես ձեռք բերված կացնով կացնահարեց քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Այս աննախադեպ հանցագործությունը ցնցեց ոչ միայն Հայաստանին ու Հունգարիային, այլև ողջ Եվրոպային,-նշված է մի քանի տասնյակ ՀԿ-ների` օրերս տարածած հայտարարության մեջ:

Սաֆարովի նկատմամբ դատական գործընթացը շարունակվեց ավելի քան երկու տարի, որի ընթացքում ադրբեջանական կողմը, հայ սպայի ներկայացնելով բազմաթիվ մեղադրանքներ, փորձեց անվանարկել նրա հիշատակը և հասնել հանցագործի համար հնարավորինս մեղմ պատժի: Դատաքննության ընթացքում սպանված սպայի հասցեին հնչած բոլոր մեղադրանքները համոզիչ կերպով մերժվեցին և ապացուցվեց դրանց անհիմն և մտացածին լինելը: Դատավոր Անդրաշ Վասկուտին և մեղադրող կողմը հիանալի քննություն անցկացրեցին` խիստ հավատարիմ մնալով հունգարական և եվրոպական օրենսդրության տառին և ոգին: Ռամիլ Սաֆարովը դատապարտվեց առավելագույն պատժաչափի` ցմահ ազատազրկման առանց առաջին 30 տարում ներման իրավունքի: Ադրբեջանական կողմի ներկայացրած բոլոր բողոքարկումները մերժվեցին: Կալանքի տակ եղած Սաֆարովը հարձակում էր գործել բանտապահի վրա, ինչը հիմք դարձավ նրա նկատմամբ ևս մեկ քրեական գործ հարուցելու և երկրորդ դատավճիռն ընդունելու համար:

Ադրբեջանական կողմը առաջին իսկ օրվանից Սաֆարովին հանձնելու անհաջող փորձեր էր ձեռնարկում: Պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչներն իրենց թույլ տվեցին արտահայտություններ, որոնցով արդարացնում էին հրեշավոր հանցագործությունը: Այսպես, Ադրբեջանի օմբուդսմեն Է. Սուլեյմանովան հայտարարեց, որ. «Սաֆարովը պետք է օրինակ դառնա երիտասարդության համար»: Ռամիլ Սաֆարովը իր երկրում հռչակեց ազգային հերոս:

Անցած 8 տարիների ընթացքում հունգարական կողմն ապացուցեց իր հավատարմությունը միջազգային իրավունքի նորմերին` մերժելով հանցագործին իր հայրենիքին հանձնելու (էքստրադիցիայի ենթարկելու) բոլոր փորձերը: Սակայն ադրբեջանական և թուրքական կողմերը Սաֆարովի հանձնման փորձերը չեն դադարեցնում: Այսպես, վերջերս տեղեկություն տարածվեց Թուրքիայում ստորագրահավաքի մասին, որի նախաձեռնողները, պահանջում են վերանայել Սաֆարովի դատավճիռը` միաժամանակ անցկացնելով անհիմն ու անընդունելի պատմական զուգահեռներ: Պարբերաբար նմանատիպ տեղեկություններ շրջանառվում են նաև ադրբեջանական ԶԼՄ-ներում:

Մենք մեր պարտքն ենք համարում դիմել հունգարական հասարակությանն ու պետական մարմիններին` կոչ անելով թույլ չտալ Սաֆարովի հանձնումը Ադրբեջանին, որտեղ նրան, անկասկած, սպասում է ոչ թե պատժի հետագա կրում, այլ` ազատություն, դափնիներ և ավելի մեծ հերոսացում: Որպես ապացույց՝ ներկայացնենք ընդամենը մեկ հայտարարություն. մեկ տարի առաջ ԱՀ նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծությունների և տեղեկատվական ապահովման բաժնի պետ Էլնուր Ասլանովը հայտարարեց, որ. «Ռամիլ Սաֆարովի նմանների քաջությունը ադրբեջանական հանրությանն ու ժողովրդին երկրորդ շնչառություն տվեց»:

Մենք չենք կասկածում, որ Հունգարիայում լավատեղյակ են, որ հայերի հանդեպ ատելությունն ու այլատյացությունն Ադրբեջանում բարձրացված է պետական քաղաքականության մակարդակ: Դա արձանագրվել է նաև «Անհանդուրժողականության և ռասիզմի դեմ եվրոպական հանձնաժողովի» 2011թ-ի զեկույցում: Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը իր վերջին ելույթներից մեկում հայությանն անվանել էր Ադրբեջանի թիվ մեկ թշնամին: Հիշեցնենք նաև, որ Բուդապեշտում կայացած դատաքննության ժամանակ Սաֆարովի փաստաբանը հայտարարել էր թե` «հայի սպանությունն Ադրբեջանում հանցագործություն չի համարվում»:

Վերը նշվածի համատեքստում դժվար է նույնիսկ պատկերացնել, թե ինչի կհանգեցնի Ռամիլ Սաֆարովի հանձնումը Ադրբեջանին: Դա առաջին հերթին անթույլատրելի է` հաշվի առնելով նրա կատարած հանցագործության ծանրության չափն ու այդ հանցագործության նկատմամբ Ադրբեջանում ձևավորված վերաբերմունքը: Սակայն էլ ավելի ծանր կարող են լինել հետևանքներն ամբողջ աշխարհում նման նախադեպերի կրկնության համատեքստում: Հայերի հանդեպ ատելության և մարդասպանի հերոսացման ոգով դաստիարակված ադրբեջանական երիտասարդության համար հանձնումը գործողությունների անցնելու ազդանշան կդառնա, քանի որ պատիժը հանցագործության համար կլինի շատ մեղմ, իսկ հայի «մարդասպան-հերոսի» կոչման դափնին չափազանց գրավիչ կթվա: Այդ պարագայում պոտենցիալ հանցագործության համար պատասխանատվությունն, անկասկած, կընկնի ոչ միայն Ադրբեջանի, այլև Հունգարիայի վրա: Հարկ է նաև հաշվի առնել, որ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների համատեքստում հանցագործի հանձնումը կարող է նաև վտանգավոր խթանիչ դառնալ արյունահեղ ռազմական գործողությունների վերսկսման համար:

Մենք կոչ ենք անում բարեկամական Հունգարիայի համապատասխան կառույցներին մտածել այս քայլի անխուսափելի հետևանքների մասին: Սաֆարովը հունգարական դատարանի կողմից սահմանված պատիժը պետք է կրի միայն հանցանքի իրականացման երկրում` խիստ ռեժիմի գաղութում: Դա է պահանջում ոչ միայն գազանաբար սպանված հայ երիտասարդի հիշատակը, այլ նաև Հունգարիայի` որպես մարդու իրավունքներին, բարոյականությանն և մարդասիրությանը հավատարիմ երկրի պարտավորությունները»:

© Medialab.am