«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը
– Տիկի՛ն Հայրապետյան, Ադրբեջանի պետական գործակալությունը՝ Ազերթաջը, օրերս լուր է հրապարակել «Թրամփի ուղու» մասին, որտեղ Երևան անունը ներկայացրել է ադրբեջանական ձևով՝ «Իրեվան»։ Ինչու՞: Արդյոք հայկական կողմից արձագանք պե՞տք էր, թե՞ ոչ:

– Իրականում ադրբեջանական պետական գործակալության ռուսերեն ու անգլերեն հատվածներում տեղադրվում է այդ թեմայով արվող քարոզչության ընդամենը 0,1%-ը: Այդ նույն աղբյուրի ադրբեջաներեն բաժնում, եթե որոնում տաք «Արևմտյան Ադրբեջան, մայրաքաղաք Իրեվան», ապա բազմաթիվ նյութեր կբերի: Նոյեմբերի 12-ին, 13-ին, 14-ին այդ թեմայով կոնֆերանսներ են անցկացվել, հրապարակումներ են արվել, ելույթներ են եղել, օրինակ՝ մի առանձին միջոցառում է եղել, որտեղ իբր ներկայացնում են մեր մայրաքաղաքի ինչ-որ ուտեստները՝ որպես ադրբեջանական ուտելիքներ:
Ես պետք է ասեմ, որ նոյեմբերի 3-ին, երբ Իլհամ Ալիևը բավականին ծավալուն ելույթ ունեցավ Գիտությունների ազգային ակադեմիայում, այն ժամանակ խոսեց Սևանի թեմայով, որը մեծ աղմուկ բարձրացրեց հանրային տիրույթում, բայց դրա հետ մեկտեղ հստակ հրահանգ էր իջեցրել բոլոր պետական կառույցներին՝ գնալ և «արդար ու տրամաբանական դարձնել ադրբեջանցիների վերադարձի թեման ներկայիս Հայաստանում»: Ընդ որում՝ ինքը շարունակ շեշտում է «ներկայիս Հայաստան» եզրույթը, այսինքն՝ չի ընդունում հայկական պետությունը և դա համար էլ կիրառում է «Արևմտյան Ադրբեջան» տերմինը:
Այս տրամաբանության մեջ եթե նայենք՝ Ադրբեջանի բոլոր պետական կառույցներին, ստրուկտուրաներին, լրատվականներին, պատգամավորներին հրահանգ է իջեցվել՝ շատ ակտիվ քարոզչությամբ զբաղվել այս թեմայով, ու վերջին երկու շաբաթվա ընթացքում ադրբեջանական մամուլը լի է նման քարոզչական նյութերով: Բնականաբար այդ ամենը եղել է նաև նախորդիվ, բայց պետք է նշեմ, որ օգոստոսի 8-ից հետո որոշակիորեն ավելի թաքնված ու քիչ էին այդ նյութերը:
– Հայկական կողմից պետական մակարդակով արձագանք պե՞տք է:
– Ես արդեն երեք տարի է՝ խոսում եմ այդ մասին այն օրվանից, երբ Ալիևն այդ վտանգավոր հայեցակարգը դրեց շրջանառության մեջ: Դրան պետք է տրվի հստակ գնահատական, որովհետև այն զավթողական ծրագիր է, ամբողջությամբ հակասում է խաղաղության, բարիդրացիության մասին բոլոր միջազգայինների հետ անցկացվող քննարկումներին:
Այս երեք տարվա ընթացքում Ադրբեջանում փոխվել են դասագրքեր, հինգերորդ դասարանից սկսած ադրբեջանցի երեխաները սովորում են, որ մեր պետությունը «իրենց պատմական հողն» է, այդ ամբողջը զուգորդվում է պատմական կեղծարարությամբ, քաղաքական հրահանգներով: Դրա հետ կապված գործում է հեռուստաընկերություն, գործում է այսպես կոչված համայնք, ու այդ ամենն արվում է ուղիղ պետության ղեկավարի հրահանգով, ուղիղ պետական ֆինանսավորմամբ:
Այսինքն՝ դա պետական զավթողական ծրագիր է, որը շրջանառության մեջ է դրվել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց երկու ամիս անց, ընդ որում՝ Իլհամ Ալիևը բաց տեքստով ասել է, որ քանի կար Լեռնային Ղարաբաղը, մենք այս մասին չէինք կարող խոսել, վերջերս էլ դա վերահաստատեց Ադրբեջանի իշխող ուժի պատգամավորներից մեկը: Այսինքն՝ մտայնությունը, թե հակամարտությունը Լեռային Ղարաբաղի մասին է, այդ թեման փակվեց, հիմա Ադրբեջանը բարեկամ, խաղաղասեր պետության է վերածվում, դա միամտություն է, եթե ոչ՝ տգիտություն, որովհետև դա նշանակում է չճանաչել այդ պետության իրական նպատակներն ու քաղաքականությունը:
– Տիկի՛ն Հայրապետյան, ՀՀ իշխանական պատգամավորներն էլ ասում են, որ չպետք է կենտրոնանալ, թե Ադրբեջանում ի՛նչ հայտարարություններ են հնչում ներքին լսարանի համար, պետք է կենտրոնանալ, թե ինչ է արվում հողի վրա խաղաղության օրակարգի համատեքստում, որ, օրինակ՝ Ադրբեջանը իր տարածքով թույլ է տվել բեռ մտնի Հայաստան, ավելին, նրանք մտահոգություն են հայտնում, որ հայկական լրատվամիջոցները ադրբեջանական խոսույթները ավելի են զարգացնում:
– Իրականում այդպիսով իշխանությունները ցույց են տալիս իրենց ամբողջ անզորությունն ու տգիտությունը, որովհետև երբ Ադրբեջանը հստակ դիրքավորում է, որ ինքը ՀՀ տարածքի նկատմամբ ունի զավթողական ծրագրեր, դա դառնում է կրթական համակարգի մաս, դառնում է քաղաքականություն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, ապա դա արդեն լուրջ հարց է: Եթե մի անգամ ղազախական ցորեն է անցել Ադրբեջանի տարածքով, դա չի նշանակում, թե այդ տրանզիտը մեկ ժամ հետո չի կարող փակվել, բայց այն, ինչ կրթական ծրագրերով դրվում է մարդկանց ուղեղներում՝ առաջիկա նպատակների համար, մեկ ժամում ի չիք չի դառնալու, դրանք շատ լուրջ ֆունդամենտալ կեղծ գիտելիքներ են դառնում, որոնք հետո վերածվում են ատելության, էթնիկ զտման, պատերազմի:
Նույն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում Ադրբեջանը ստեղծեց հստակ, վտանգավոր խոսույթներ, որոնք անընդհատ կրկնում էր: Ադրբեջանցիների մեջ սիստեմատիկ դրված է հայերի նկատմամբ ատելությունը, ու դա չհասկանալ, փորձել կոծկել՝ ոչինչ չի փոխում: Ադրբեջանի ներկայիս քարոզչությունը՝ պատմության կեղծմամբ, կոնկրետ, հստակ դրված զավթողական կոնցեպտ է՝ հղի պատերազմական վտանգներով:
Արցախի ժամանակ էլ էին ասում, թե Ալիևը ներքին լսարանի համար է ասում, հիմա էլ հաղթող կողմ է, ի՞նչ է ասում ներքին լսարանի համար: Նման բան գոյություն չունի, կոնկրետ պետական հրահանգ է իջեցվել, ու դա տեղի է ունենում օգոստոսի 8-ին հաստատված «խաղաղությունից» հետո: Ես շարունակ ասում եմ՝ մի՛ օգտագործեք այդ տերմինը, որովհետև երբ գնում եք ու միջազգային գործընկերներին նման բան եք ասում, հետո շատ դժվար է լինելու ցույց տալ, որ դա զավթողական ծրագիր է, որովհետև դա խաղաղության հետ աղերս չունի:
Այս իշխանությունը մեզ զրկում է և՛ ներքին, և՛ արտաքին պաշտպանությունից ու մեզ կանգնեցնում է շատ դաժան փաստի առաջ, ի վերջո, իրենք ինչ-որ մի պահի չեն լինելու, բայց այդ ռիսկերը հիմա չչեզոքացնելու դեպքում մեծանալու են ու մեծ խնդիր են դառնալու:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















