Ալիևը  Հայաստան վառելիքի մատակարարումն օգտագործում է որպես քաղաքական քարոզչության գործիք. Հրանտ Միքայելյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տնտեսագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը

– Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանից Հայաստան մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը կարևոր ներդրում ունեն Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում։ Որքանո՞վ է այն կարևոր, պարո՛ն Միքայելյան:

– Եթե ես չեմ սխալվում, ապա 10 տոկոսից ավելի քիչ բենզին է ներմուծվել Ադրբեջանից, գազն այնտեղից չի ներմուծվում, իսկ հոսանքը Հայաստանն արտադրում է սեփական կարիքներից: Այսպիսով, ամբողջ առաջնային էներգիայի մատակարարման մեջ Ադրբեջանի կշիռն առավելագույնը կարելի է դիտարկել 1-2 տոկոս, բայց սա չի կարելի վերագրել էներգետիկ անվտանգությանը, որովհետև դրա ապահովումը ենթադրում է կայուն մատակարարում, ենթադրում է, որ մատակարարողը չի կիրառում քաղաքական լծակ սպառողի նկատմամբ, և որ այդ մատակարարումը մշտապես հասանելի է, որովհետև, մեծ հաշվով, երկիրն իր համար էներգետիկ անվտանգությունն ապահովում է: Մեծ հաշվով, սա ինքնաբավություն է, իսկ անվտանգությունը ենթադրում է նաև ներմուծում, բայց ներմուծման պայմաններում առաջին հերթին պետք բացառվի քաղաքական լծակի կիրառումը, ու հոսքը պետք է մշտական լինի, իսկ այս պարագայում հոսքը եղել է հատվածական: Այսպիսով Ալիևի այս հայտարարությունը կեղծ է:

– Որո՞նք են Ադրբեջանի քաղաքական նպատակները, երբ նմանատիպ հայտարարություններ են հնչեցնում:

– Առաջինը՝ ընդգծել իր գերիշխող դիրքը Հայաստանի նկատմամբ, ու այս ամբողջ բանակցային գործընթացի շրջանակներում Ալիևի համար դա շատ կարևոր ուղղություն է: Երկրորդը՝ խաբել հայ ժողովրդին, ու այստեղ Ալիևը միայնակ չէ, կարող եմ հիշել ՀՀ էկոնոմիկայի նախարարի հայտարարությունը, որտեղ ժողովրդին սխալ ուղղորդումներ են անում՝ ապակողմնորոշելով նրանց: Ստեղծում են կեղծ պատկեր, թե ամեն ինչ կարգին է, խաղաղություն է հաստատվել, պետք չէ որևէ հարցում մտահոգություն ունենալ, այն պարագայում, երբ իրականությունը լրիվ հակառակն է: 

Երրորդ՝ Ալիևն այս ամբողջ գործընթացն օգտագործում է օտարերկրյա գործընկերների աչքին թոզ փչելու համար, այսինքն՝ նա գնում է ԱՄՆ Կոնգրես ու ասում, որ չեղարկեն Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանող 907 բանաձևը, ասում է, թե Հայաստանի հետ խաղաղություն է, ու այդ բանաձևի կարիքը չկա: Խաղաղության պայմանագիր չի ուզում ստորագրել, պատերազմով է սպառնում Հայաստանին, բայց խաղաղության կեղծ պատկեր է ստեղծում: Ալիևը նույնն ասում է նաև ԵՄ-ում ու Ադրբեջանի դեմ ցանկացած հայցի պարագայում ցույց է տալիս, թե Հայաստանին ապահովում է էներգիայով, ու որ երկրների միջև խաղաղություն է: Այսպիսով, նման գործողությունները փաստարկներ են, որ Ալիևը ցանկացած պրոհայկական քաղաքականության դեմն առնի հռետորական մակարդակով: Այսինքն՝ նա այս քաղաքականությունը երեք ուղղությամբ կիրառում է:

– Պարո՛ն Միքայելյան, իսկ Հայաստանի իշխանությունն ինչո՞ւ է աջակցում Ադրբեջանին կեղծ խաղաղության պատկերը ցույց տալու գործում, ինչպես ասացիք:

– Հայաստանի ներկայիս իշխանության համար Ադրբեջանի հետ ցանկացած գնով խաղաղության հասնելը ինքնանպատակ է: Փաշինյանը պատրաստ է դրա համար ցանկացած գին վճարելու և այնքան է ներդրվել դրա մեջ, որ Ալիևն էլ լավ գիտի, որ նա հետդարձի ճանապարհ չունի: Ալիևը շարունակում է ռազմական լծակ կիրառել, ու, այսպիսով, Փաշինյանը նաև զգալիորեն վախեցած լինելով այդ իրավիճակով, շարունակում է այդ քաղաքականությունը վարել: Երրորդ՝ կա դրսից ճնշում, այդ թվում՝ Արևմուտքից, որպեսզի Հայաստանը տա միջանցքը, որ այն սպասարկի Եվրոպայից դեպի Կենտրոնական Ասիա հոսքեր, այդ թվում՝ ռազմական, էներգետիկ: 

Ադրբեջանը սրա համար իր պայմաններն է առաջ քաշում, այսպիսով, այստեղ նրանց շահերը որոշակիորեն համընկել են, ու Հայաստանը ստիպված հաշվի է նստում նրանց կարծիքի հետ: Որպեսզի սա չանի, պետք է այլընտրանքային ռազմավարություն ունենա, որին այս իշխանությունն ունակ չէ: Ստացվում է, որ պատճառների կոմպլեկտ կա, որը դրդում է Հայաստանի իշխանությանը շարունակել խաղը: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am