«ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի հանդեպ տնտեսական պատժամիջոցներ սահմանելը չափազանց լուրջ խնդիրներ կարող են առաջացնել Թուրքիայում». թուրքագետ

«ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի հանդեպ տնտեսական պատժամիջոցներ սահմանելը չափազանց լուրջ խնդիրներ կարող են առաջացնել Թուրքիայում». թուրքագետ
«ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի հանդեպ տնտեսական պատժամիջոցներ սահմանելը չափազանց լուրջ խնդիրներ կարող են առաջացնել Թուրքիայում». թուրքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը

– Պարո՛ն Գաբրիելյան, ԱՄՆ Սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել։ Նախորդ անգամ Էրդողանի այցից հետո սենատորներից մեկը վետո կիրառեց, իսկ այս անգամ բոլորովին այլ պատկեր ունենք։ Ի՞նչն էր պատճառը, որ Սենատը միաձայն նման բանաձև ընդունեց։ Սրանո՞վ ԱՄՆ-ը ի՞նչ ուղերձ է հղում Թուրքիային։ 

– Բնականաբար, սրանով ԱՄՆ-ը ուղերձ է հղում Թուրքիային։ Այո՛, Էրդողանի այցի ֆոնին վետո դրվեց Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի վրա։ Իսկ թե ինչ տեղի ունեցավ այս մի քանի օրվա ընթացքում, որ բեկումնային եղավ բանաձևի ընդունման համար, կարծում եմ, այն է, որ Թուրքիան հատեց ԱՄՆ-ի սահմանած նոր կարմիր գիծը։ 

Նախ՝ գիտենք, որ ԱՄՆ-ը դեմ էր, որ Թուրքիան Ռուսաստանից գնի C-400 զենիթահրթիռային համակարգեր, իսկ գնելուց հետո ԱՄՆ-ն հնարավորություն տվեց Թուրքիային ձերբազատվել դրանցից, չծավալել այդ համակարգերը, բայց Թուրքիան այդ ուղղությամբ քայլ չարեց։

Հակառակը՝ Անկարան սկսեց փորձարկել այդ համակարգերը, ընդ որում՝ տարբեր բարձրությունների վրա թռչող ամերիկյան F-16 կործանիչների վրա։ Բնականաբար, սա Էրդողանին անհրաժեշտ էր հնարավոր ռազմական հեղաշրջման փորձերի ժամանակ C-400 համակարգերի միջոցով իր նախագահական նստավայրը կամ իր ինքնաթիռը պաշտպանելու համար այսպես կոչված դավադիրների ավիացիայից։ 

Ուշագրավ է, որ C-400 համակարգերն ամերիկյան ինքնաթիռները ճանաչում են օտար, մինչդեռ եթե Թուրքիան գներ ամերիկյան Patriot համակարգեր, ապա դրանք ամերիկյան ինքնաթիռները ճանաչում են յուրային (Էրդողանը չի վստահում ԱՄՆ-ին, կարծում է, որ հենց նա է 2016 թ. կազմակերպել ռազմական հեղաշրջման փորձը)։ 

Սակայն Էրդողանը հատեց այդ կարմիր գիծը, և արդյունքում մենք տեսանք, որ Սենատում ընդունվեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ 

– Թուրքիայի ԱԳՆ-ն նույնպես արձագանքել է։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Թվիթերում գրառում է կատարել առ այն, որ ԱՄՆ-ի Սենատի որոշումը քաղաքական բեմադրություն է և իրավական հենք և ուժ չունի. «Նրանք, ովքեր պատմությունն օգտագործում են քաղաքական նպատակներով, վախկոտներ են, որ չեն ցանկանում առերեսվել պատմությանը»: Առհասարակ, ի՞նչ է սպասում սրանից հետո թուրք-ամերիկյան հարաբերություններին։

– Այո՛, Թուրքիան ԱՄՆ-ին մեղադրում է քաղաքական նպատակներով պատմությունն օգտագործելու համար, սակայն հենց Էրդողանն ինքը մշտապես այդպես է վարվում ընթացիկ տասնամյակում։ Նկատի ունեմ նեոօսմանիզմի քաղաքականություն վարելը։ 

Չեմ բացառում, որ որպես պատասխան քայլ՝ Թուրքիայում ընդունեն նմանատիպ բանաձև, ասենք՝ «ամերիկացիների կողմից հնդկացիներին ցեղասպանելու» մասին։ Կարծում եմ, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները ժամանակի ընթացքում ավելի կսրվեն, քանի որ չեմ կարծում, թե Էրդողանը ԱՄՆ Սենատի կողմից այս բանաձևի ընդունումից հետո կհրաժարվի C-400 համակարգերից, որովհետև դրանք կենսական նշանակություն ունեն անձամբ իր համար։ Ի դեպ, այս հարցում նա առաջնորդվում է անձնական և ոչ թե Թուրքիայի պետական շահով, ինչը կարող է մեծ տհաճություններ պատճառել Թուրքիայում միլիոնավոր մարդկանց։ 

Նկատի ունեմ այն, որ ԱՄՆ-ը շուտով նոր պատժամիջոցներ կսահմանի Թուրքիայի նկատմամբ, որոնցից ամենասուրը կլինեն Թուրքիայի ֆինանսական սեկտորի հանդեպ պատժամիջոցները։ Այստեղ կա երկու կարևոր գործոն։ Առաջին՝ Թուրքիան ներկայումս շատ լուրջ տնտեսական խնդիրներ (ինֆլյացիա, գործազրկություն և այլն) ունի, երկրորդ՝ տնտեսությունը թերևս միակ ոլորտն է, ուր անգամ Էրդողանի հետ բավական ջերմացած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարող լրջորեն օգնել Թուրքիային (ռազմաքաղաքական ոլորտում Պուտինի հնարավորություններն անհամեմատելի են)։ 

Այնպես որ, ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի հանդեպ տնտեսական պատժամիջոցներ սահմանելը չափազանց լուրջ խնդիրներ կարող են առաջացնել Թուրքիայում։

– Բանաձևի ընդունմանն արձագանքել է նաև Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։ Նրա խոսքով՝ այս բանաձևը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ ռազմական, ոլորտում Թուրքիայի վճռական դիրքորոշման վրա ոչ մի կերպ չի կարող ազդեցություն ունենալ։ Այդ դեպքում ի՞նչ է տալիս բանաձևի ընդունումը։

– Թուրքիայի կողմից նմանատիպ արձագանքներին (սուր հայտարարություններ, տվյալ երկրների դեսպանների հրավիրում Թուրքիայի ԱԳՆ, տվյալ երկրներից Թուրքիայի դեսպանների հետկանչ և այլն) արդեն սովոր ենք։ Կարծում եմ, Էրդողանը վերոնշյալ պատճառներով ամենաշատը անզիջում է գտնվելու C-400 համակարգերի հարցում, իսկ մնացյալ հարցերում ավելի զիջող կլինի։ 

Թուրքիայի համար ներկայիս կտրվածքով ավելի վտանգավոր է պատժամիջոցների մասին բանաձևը, իսկ Հայոց ցեղասպանության բանաձևի ազդեցությունը Թուրքիան կզգա մոտ ապագայում։ 

– Ի վերջո, ի՞նչ ծրագրեր ունի Թուրքիան ԱՄՆ-ի և ԱՄՆ-ը՝ Թուրքիայի հարցում։

– Կարծում եմ, որ Էրդողանի Թուրքիան կշարունակի մանևրել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև փոխհարաբերություններում։ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարևոր են Թուրքիայի համար նաև այն տեսանկյունից, որ նա չզրկվի մանևրելու, Ռուսաստանին այլընտրանք ունենալու հնարավորությունը ցուցադրելու տեսանկյունից։ Հակառակ դեպքում նա լրջորեն կհայտնվի Ռուսաստանի ազդեցության գոտում։ 

Ինչ վերաբերում է Թուրքիայի հանդեպ ԱՄՆ-ի պլաններին, ապա կասեի, որ Թուրքիան տապալել է այն մեծ առաքելությունը, որը նրա վրա դրել էր ԱՄՆ-ը։ Որոշակի տվյալներով՝ Էրդողանի կուսակցությունը Թուրքիայում իշխանության է եկել ԱՄՆ-ի աջակցությամբ, և փոխարենը Թուրքիան պետք է դառնար որպես մոդել երկիր՝ որպես ժողովրդավարության ու իսլամի խառնուրդ։ 

Այսինքն՝ իսլամական աշխարհի երկրները պետք է Թուրքիայի օրինակով տեսնեին, որ իսլամն ու ժողովրդավարությունը համադրելի են, և նրանք էլ պետք է հետևեին Թուրքիայի օրինակին։ Սակայն ընթացիկ տասնամյակում Էրդողանն ամբողջովին տապալեց այդ առաքելությունը. ժամանակի ընթացքում նրա դիրքերը երկրի ներսում ու արտերկրում ամրապնդվեցին, ինչը հանգեցրեց նրան, որ Էրդողանը մեծապես կոշտացրեց թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը։ 

Արդյունքը եղավ այն, որ 2010-ականների Թուրքիան մեծապես տարբերվում է 2000-ականների Թուրքիայից և որևէ կերպ չի կարող ծառայել որպես ԱՄՆ-ի մտահղացած մոդել երկիր իսլամական աշխարհի երկրների համար։ 

Լուսանկարը՝ Բուն TV

Մանե Հարությունյան

MediaLab.am