Արմավիրի եւ Արարատի մարզերի գյուղացիները կրկին անելանելի վիճակում են հայտնվել: Եթե անցյալ տարի կարկուտը փչացրել էր գյուղացիների բերքի մեծ մասը եւ դժվարին կացության մեջ դրել հազարավոր ընտանիքների, ապա այս օրերին աննախադեպ ցուրտը կրկին անգամ մարտահրավեր է նետել գյուղացուն:
Երեկ գրանցված ցրտահարությունն ու տեղացած աատ ձյունը կրկին փաստի առաջ են կանգնեցրել գյուղացուն: Տուժել են հատկապես ծիրանի եւ կորիզավոր այլ պտղատու այգիները:
«Պատկերացրեք, որ ծաղկած ծառի վրա կարկուտն ու ձյունը գա, ինչ կլինի…Ես ունեմ յոթանասուն հատ կեռասենի, վաթսուն հատ դեղձենի, ծիրաներիներ, պոմիդորի , սմբուկի սածիլներ, որոնք արդեն պետք էր տեղափոխել: Ամբողջովին երեկվա քամին ու ցուրտը փչացրել ա: Բացի կեռասից, որը կոկոն վիճակում ա, բոլորը ծաղկած էին»-«Մեդիալաբին» ասում է Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ Ասատուր Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ մարտի 30-ի առավոտյան Հայաստանում ջերմաստիճանը կտրուկ անկում ապրեց: Հանրապետության մի քանի մարզերում կարկուտ, ուժեղ քամի ու ձյան առատ տեղումներ եղան: Գյուղնախարարության ցրտահարությունների դեմ պայքարի ծրագիրը՝ այգիները ծխահարելու ու ոռոգելու հորդորը, անզոր գտնվեցին : Ի դեպ, ցրտահարության կանխատեսումներն արվում էին մարտի 30 –ի լույս 31-ի գիշերվա համար:
«Գյուղնախարարը խոստացավ, որ Արաքսի ոռոգման ջրերը բաց կթողնե, որ տաքությունից ծառերը գոնե որոշ չափով փրկվեն, բայց դուրս եկավ մի հատ փուչիկ: Ի՞նչ ջրի մասին ա խոսքը, ջրատարերում մի գրամ ջուր գոյույթուն չունի: Ոչ մի օգնություն չկա, ի՞նչ գյուղնախարար, ի՞նչ մարզպետարան, մարդ չենք տեսել»,- «Մեդիալաբին» ասում Ասատուր Հայրապետյանը:
Այս գիշեր, ինչպես Հայրապետյանն այնպես էլ բազմաթիվ գյուղացիները կրկին այգիներում ու դաշտերում էին: Ասատուր Հայրապետյանը ասում էր, որ մարդիկ այգիները փրկելու վերջին հույսը չեն կորցրել, փորձում է ծխահարման միջոցով պաշտպանել, բայց մեծ ակնկալինքեր չունի:
«Միթե՞ այդքան դժվար ա մի արտադրամաս, մի փոքր ցեխ սարքել, չգիտեմ ինչ քիմիկատներով պատրաստել դիմշաշկաներ, այսինն ծխատուփեր եւ բաժանել գյուղացիներին, որ գյուղացին իր մեջքի վրա՝ շալակով գյուղից երեք- չորս կիլոմետր գոմաղբը քարշ չտան այգի հասցնեն ծխահարելու համար, որ մեր մի կտոր հանապազօրյա հացն ուտենք: Պետության համար ինչքա՞ն դժվար ա դա»,-«Մեդիալաբին» հարցնում է Ասատուր Հայրապետյանը:
Սակայն, միայն ծխահարման համար չէ, որ գյուղացին պետք է պայքարեր: Արմավիրը մարզի այն գյուղերց մեկն , որոնք հոսանքազրկված էին:
Հոսանքի բացակայությունն էլ մի կողմից ջերմոցները տաքացնելու խնդիր է ստեղծել: Ասատուր Հայրապետյանը սմբուկի, պղպեղի ու պոմիդորի սածիլներ է ունեցել: Հույս չունի, թե բերք կտան:
«Կնոջս հետ տանջվեց, վեց-վեց մարգ ցանել ենք: Սածիլներն արդեն լուցկու հատիկից մեծ էր դարձել Հիմա եթե ես ցանեմ, արդեն հետ ընկա: Քառասուն դրամով բարեգործական միության նման պիտի վաճառեմ: Եռեսուն-քառասուն դրամն ի՞նչ է»,-«Մեդիալաբին» ասում Ասատուր Հայրապետյանը:
Ասատուր Հայրապետյանի տնտեսությունը նախորդ տարվա ուժեղ կարկտահարությունից էլ էր տուժել: Գյուղացու խոսքով, եթե այս անգամ էլ ցրտահարության դեմ միայնակ մնացին, միակ ճանապարհը արտագաղթն է լինելու:
«Եթե էսպես շարունակվի, Արարատյան դաշտն էլ կդատարկվի,-դառնացած ասում է նա,-ինչքա՞ն կարելի ա մեն-մենակ պայքարել էս ամենի դեմ» :
Նշենք, որ ցուրտ եղանակը դեռ կշարունակվի: «Հայհիդրոմետ»-ի տեղեկություններով առաջիկա գիշերը սպասվում է – 4 C, մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը Արարատյան դաշտում կլինի -5 C – -6 C աստիճան ցուրտ:
Գյուղնախարարությունը ցրտահարության հետեւանքով կորուստների իրական ծավալների մասին որևէ հստակ տեղեկատվություն դեռևս չունի:
Նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն, առաջիկայում մասնագիտական խմբերի ուսումնասիրությունների արդյունքում պատկերը կհստակեցվի և հնարավոր կլինի խոսել նախնական վնասների մասին:
Նախարարությունը կրկին հորդորում է գյուղացիական տնտեսություններին « անխուճապ և հետևողականորեն շարունակել աշխատանքները հատկապես ջերմոցային տնտեսություններում և պոլիէթիլենային ծածկերի տակ գտնվող բերքն ու սածիլները փրկելու ուղղությամբ»:
Սակայն, գյուղացին ոչ մի հույս չունի, թե ինչ որ օգնություն, աջակցություն կստանա պետությունից:
«Ի՞նչ ենք ստացել մինչեւ հիմա, որ ինչ էլ սպասենք»,-նշում են նրանք:
Էմմա Քալաշյան
© Medialab.am