Հայաստանում հասարակությունը պատրաստ չէ զինված ապստամբության: Եթե պատրաստ լիներ` 2016 թվականի ամռանը Խորենացու փողոցում ընդամենը մի քանի հազար մարդ չէր հավաքվի, մեծ բազմություն կլիներ:
«Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով վերջին հարցումներին, ըստ որի՝ մարդիկ արդարացնում են «Սասնա ծռեր» խմբի գործողությունները:
«Եթե հասարակության մեծ մասը ռադիկալ լիներ, այն ժամանակ նրանք ուղղակի առիթը բաց չէին թողնի, և այդ գործողությունները կտարածվեին հանրապետությունով մեկ: Բայց փաստացի դա շատ լոկալիզացված ու մի արտասովոր իրադարձություն էր, որի կողքին հավաքվեց այնքան մարդ, որքան հնարավոր էր հավաքվել: Հետևաբար, ես չեմ կիսում տեսակետները, թե մեր հասարակությունը կողմնակից է զինված ապստամբությանը»,- «Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը:
Նշենք, որ «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն – Հայաստանի» հրապարակած «Կովկասյան բարոմետր 2017» զեկույցի համաձայն՝ հարցման ենթարկված անձանց 36 տոկոսը արդարացրել է «Սասնա ծռեր» խմբի գործողությունները, երբ 2016 թվականի ամռանը զինված խումբը գրավել էր ոստիկանության ՊՊԾ գունդը: Ըստ հարցումների՝ «Սասնա ծռերի» գործողությունները դատապարտել է 16 տոկոսը, իսկ 28 տոկոսը դատապարտել է որոշ չափով, որոշ չափով էլ` արդարացրել: Մեծ է իշխանություններին չվստահելու ցուցանիշը:
Ըստ հարցումների՝ Սերժ Սարգսյանին չի վստահում հարցվածների 64 տոկոսը, կառավարությանը չի վստահում 58, Ազգային ժողովին՝ 66, իսկ դատական համակարգին՝ 53 տոկոսը: Ստյոպա Սաֆարյանն ասում է, որ իշխանության նկատմամբ անվստահությունը, իշխանության ձախողումների բավական տեսանելի լինելը մարդկանց դրդում են ավելի շատ համակրել իշխանություններին հակառակ գործողությունները:
«Դա շատ նման է նախագահական ընտրություններին, երբ ընդդիմադիր թեկնածուին ոչ թե իր առավելությունների համար են ձայն տալիս, այլ ընդդեմ իշխանության թեկնածուի են ձայներ տալիս: Ես չեմ կարծում, որ մեր հասարակությունն այդպես ռադիկալ հասարակություն է, մենք էությամբ ո՛չ հեղափոխական ենք, ո՛չ էլ ռադիկալ: Մեր հասարակությունում չափավոր փոփոխություններ պահանջող հատվածը բոլոր ժամանակներում միշտ եղել է դոմինանտ»,- ասում է Ստյոպա Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ սխալ կլինի ասել, որ ամբողջ հասարակությունը կամ այդ չափավոր փոփոխությունների կողմնակիցները դարձել են ռադիկալ, թեկուզ և աղքատացել են, այդպես չէ: Պարզապես այս դեպքում ուղղակի իշխանությանը դեմ պատասխաններ են տրվել:
Ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը նախ ասում է, որ Հայաստանում սոցիոլոգիական հարցումները արժանահավատ չեն: Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե որքանո՛վ է Հայաստանի հանրությունն իրականում պատրաստ զինված ապստամբությանը, ապա, ըստ մասնագետի, երբ հարցը հասնում է գործնական քայլերին, մարդիկ վարանում են:
Ըստ Բադալյանի՝ այս հարցին երկու պատասխան կարելի է տալ՝ տեսական և գործնական: Տեսականորեն շատերը կարող են կողմ լինել զինված ապստամբությանը, շատերն իրենց ֆեյսբուքյան գրառումներում միշտ նշում են, որ այս իշխանություններին միայն բռնությամբ պետք է հեռացնել, քանի որ իշխանություններին փոխելու այլ ճանապարհ չկա:
«Ապրիլի 2-ին տեղի ունեցած ընտրական միջոցառումների ժամանակ իշխանությունները զանգվածային ընտրակաշառքով ուղղակի ապահովեցին իրենց տեղը: Եվ քանի որ այլ ճանապարհ չկա, կյանքը վատանում է, հասարակության մոտ առաջանում է իշխանությանը փոխելու ցանկություն՝ ցանկացած, այդ թվում՝ զինված ճանապարհով: Բայց կա հարցի երկրորդ կողմը՝ իսկ գործնականում այդ տեսականորեն կողմնակիցների քանի՞ տոկոսն է պատրաստ գնալ ու զենքը ձեռքին իշխանափոխություն իրականացնել: Երբ հարցը հասնում է այստեղ, հասարակության մեծ մասը դրան պատրաստ չէ»,- «Մեդիալաբին» ասում է Արմեն Բադալյանը:
Նրա խոսքով՝ հասարակությունում կան փոքր խմբեր, որոնք պատրաստ են զենքը ձեռքին պայքարի դուրս գալ, բայց մեծ մասը, չհամակերպվելով այս իրավիճակի հետ, ուղղակի արտագաղթում է:
«Մարդիկ ընտրում են իշխանափոխության անմեղ տարբերակը: Իշխանափոխություն նշանակում է քո գլխավերևում ուրիշ իշխանություն պետք է լինի: Եթե դուք գնում ես Ռուսաստան, քո գլխավերևում իշխանությունը փոխվում է, ըստ էության, դա դիտարկում են իշխանափոխություն: Այսինքն՝ Հայաստանի հանրությունը խոսքով, այո՛, կարող է կողմ լինել զինված ճանապարհով իշխանափոխությանը, բայց երբ գործնական քայլերի ժամանակն է գալիս, անհնար է ասել, թե իրականում հասարակության ո՛ր հատվածը կողմ կլինի դրան»,- ասում է Արմեն Բադալյանը:
Ռոզա Հովհաննիսյան
MediaLab.am