Որտե՞ղ է Հայաստանը ենթակառուցվածքների խաղում

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը Արաքս գետի վրայով Նախիջևանի հետ կապ ունենալու այլընտրանք ունի՝ շրջանցելով Հայաստանը։

Հայաստանում շատերն այդ հայտարարությունը դրական լույսի ներքո ընկալեցին՝ համարելով, որ սա որոշ առումով թեթևացնում է Հայաստանի վրա առկա քաղաքական ճնշումը, ասել է թե՝ Ադրբեջանը հետ է կանգնում միջանցք ստանալու իր պահանջներից։

Մինչդեռ, ըստ իս, հայտարարությունը բացարձակապես դրա մասին չէր, այլև ճիշտ հակառակը։ Բայրամովի հայտարարության մեջ ամենակարևոր միտքն է «Ադրբեջանն այլընտրանք ունի»։

Իսկ ո՞վ չունի այդ այլընտրանքը. պատասխանն է՝ Հայաստանը՝ Արցախի հետ կապի հարցում։

Հայաստան-Արցախ միակ ճանապարհի մի հատվածն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներով։Սա կարող է խաղաքարտ դառնալ Ալիևի՝ «Լաչինում կլինի նույն կարգավիճակը, ինչ կլինի Մեղրիում» մտքի իրագործման ճանապարհին։

Այսինքն՝ Ադրբեջանը նոր բացվող ճանապարհին որևէ պահի դնում է անցակետ, խախտում Հայաստան-Արցախ անխափան ու ուղիղ կապը և կիրառում նույն կարգավորումները, ինչ կա Հայաստան-Ադրբեջան սահմանին Մեղրիում՝ դրանով իսկ կա՛մ խաթարելով Հայաստան-Արցախ ուղիղ ու անմիջական կապն ու անելանելի վիճակի մեջ դնելով արցախահայությանը, ըստ էության, խոսքը գնալու է լիակատար շրջափակման մասին, կա՛մ պահանջելով միջանցք Մեղրիում՝ որպես նախապայման տարածաշրջանում բոլոր ենթակառուցվածքների բացման համար։

Այս վիճակում Հայաստանն ու Արցախը չեն ունենալու այլ ճանապարհ՝ պահեստային տարբերակ, իսկ Ադրբեջանն ունենալու է՝ Իրանով։

Այս պարագայում իրավիճակը ձեռնտու է նաև Իրանին, որը ստանում է ենթակառուցվածքների սպասարկման ամբողջ եկամուտը ու Թուրքիա-Ադրբեջան հիմնական կապուղու վերահսկողության քաղաքական դիվիդենտները։

Միևնույն ժամանակ հարկավոր է նշել, որ Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա ենթակառուցվածքների փակ մնալու պարագայում նույնպես հիմնական տուժողը Հայաստանն է։Տարածաշրջանում ոչ մի պետություն չի ապրում այնպիսի շրջափակման պայմաններում, ինչպիսին Հայաստանը։

Եթե ենթակառուցվածքները չեն բացվում, նշանակում է, որ Հայաստանը կորցնում է Արցախը, բայց շարունակում է վճարել Արցախը պահելու գինը՝ փակուղի տանելով սեփական զարգացման հեռանկարներն ու երկարաժամկետ կտրվածքում նորից հայտնվում հիմնական պարտվողի դերում։

Հնարավոր է նաև ռուսական լուծում, ավելին, այն, ըստ էության, ամենահավանականն է։ Ռուսական կողմը կարող է փորձել իրագործել «Լաչինում կլինի նույն կարգավիճակը, ինչ կլինի Մեղրիում» միտքը՝ ռուսական կարգավիճակով։Այսինքն՝ եթե Լաչինի միջանցքը գտնվում է ռուսական վերահսկողության ներքո, նույնպիսի վերահսկողության ներքո գտնվի նաև «Մեղրիի միջանցքը»։

Չի կարելի բացառել այն տարբերակը, որ միջանցքային ամբողջ խոսույթի իրական շահառուն հենց այս տարբերակի ջատագովներն են։Սակայն այս տարբերակով այնքան էլ հասկանալի չէ, թե ինչպես է ռուսական կողմը պատրաստվում ապահովել անխափան կապը Արցախի ու Հայաստանի միջև, եթե Ադրբեջանը սկսի խոչընդոտներ ստեղծել։

Արդյոք մենք չե՞նք տեսնի նույն անհաղորդ կեցվածքը, ինչը տեսնում ենք այսօր Արցախում ցանկացած սրացման դեպքում, և արդյունքում Ռուսաստանը կստանա «Մեղրիի միջանցքը»,բայց անխափան աշխատանքային վիճակում չի պահի Լաչինի միջանցքը։

Այսպիսով, միջանցքային տրամաբանության ու ենթակառուցվածքների բացման խաղերում աճել է մասնակիցների թիվը, թեմաները սերտաճել են միմյանց, ներաճել են բազմաթիվ խնդիրներով ու տարբեր կողմերի կարմիր գծերով։Ցանկացած նոր զարգացում, առանց Հայաստանի մասնակցության, միայն բարդացնում է իրավիճակը։

Հայաստանն էլ մինչ այս պահը չի ցուցաբերում բավականաչափ կամք, խելք ու կարողություններ՝ գոնե դույզն-ինչ սպասարկելու համար իր պետական շահերը։Քաղաքական (հաճախ՝ ամբոխահաճ) հայտարարությունները («Արցախը Հայաստան է և վերջ», «Արցախը պետք է ունենա կարգավիճակ, միջանցք չի լինելու» և այլն), որոնք չեն կառուցապատվում քաղաքական առաջնահերթությունների հստակ սահմանմամբ, քաղաքական ծրագրերով ու նախապես ծրագրված գործողություններով, դիվանագիտական աշխատանքով ու շահերի սպասարկումներով, ի վերջո,բերում են արդեն ոչ թե անխուսափելի, այլ ավելորդ զիջումների։

Այնպես չէ, որ հակառակորդներն են շատ լավ խաղում, Հայաստանի խաղն է, մեղմ ասած, կաղում։

Արեգ Քոչինյան

Medialab.am