Ոչ մի բանի մասին նախագիծ, որն արդյունք չի ունենալու. Պիպոյանը՝ պոլիէթիլենային տոպրակներն արգելելու մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը

– Պարո՛ն Պիպոյան, նոր օրենքի նախագիծ է դրվել հանրային քննարկման, որով առաջարկվում է ամբողջովին արգելել պոլիէթիլենային տոպրակների վաճառքը՝ անկախ հաստությունից։ Ինչպե՞ս եք գնահատում առաջարկվող այս նոր փոփոխությունը, որքանո՞վ է սա արդյունավետ լինելու, եթե նկատի ունենանք նախորդ տարվա համանման օրենքի կիրառումն իրականության մեջ։

– Շատ հետաքրքիր մի իրավիճակ ունենք, երբ այս օրենքի նախորդ փոփոխությունն առաջին անգամ շրջանառվեց, ես ասացի, որ սա ժամանակավրեպ է ու սխալ է․ հիմնավորեմ, թե ինչու։ Որևէ մեկը չի ասում, որ չպետք է բնապահպանությանը միտված բարեփոխումներ անել, շատ կարևոր է, թե ո՛նց ես իրականացնելու այդ բարեփոխումը, որ ունքը բուժելու փոխարեն աչքն էլ չհանես։ 

Նմանօրինակ փոփոխություններ երբ արվում են, ստեղծվում են նաև համապատասխան ենթակառուցվածքներ, այս դեպքում՝ իրական այլընտրանքներ։ Հասկանալի է, որ պոլիէթիլենային տոպրակին փոխարինելու է թղթի տոպրակը, ընդ որում՝ հաստ թղթի տոպրակը, որի արտադրությունն այս պահին մենք տեսնում ենք, որ չկա։ 

Պետությունը պետք է ասի՝ քանի որ այս պահին պոլիէթիլենային տոպրակի այլընտրանք թղթի տոպրակի արտադրությունն է, ես առավելություններ եմ սահմանում․ պայմանական՝ ավելացված արժեքի հարկից կազատեմ, այսքան մասով կսուբսիդավորեմ և այլն, մի խոսքով՝ անում է այնպես, որ բիզնեսի համար շահագրգիռ պայմաններ լինեն, ու այդ ոլորտում ներդրումներ լինեն։ 

Եթե ինքը դա չի անում, իրական այլընտրանքներ չեն ստեղծվում, ապա ինքը պետք է կիրառի երկրորդ գործիքակազմը․ գնա խիստ վերահսկի, քաղաքացիներին դնի դժվար կացության մեջ, որ այդ բիզնեսի ենթակառուցվածքը ինքն իրեն տեղ գա, այսինքն՝ հասկանա, որ ճիշտ է՝ ենթակառուցվածք չկա, արտադրություն չկա, բայց պետությունը գնում, ստուգում է, տուգանք է կիրառում, ու եթե անընդհատ տուգանք կիրառի, տնտեսվարողն էլ հոգնելու է, որոշելու է՝ ի վերջո այս տուգանքը չվճարի, մի բան առնի, բիզնեսն էլ հապշտապ այդ ենթակառուցվածքը ստեղծում է, պատկերացրեցի՞ք։ 

Ի՞նչ ունեցանք մենք․ չստեղծեցինք ենթակառուցվածքը, վերջում էլ պարզվեց, որ մեր համայնքների մեծ մասն անգամ համապատասխան տեխնիկական միջոցներ չուներ, որ կարողանար պարզել՝ հաստությունը 50 միկրո՞ն է, թե՞ չէ։ Այսինքն՝ երկու տարի ոչինչ չարվեց, բացի խոսելուց ու անհարմարություն ստեղծելուց, հիմա կասեք՝ բայց ոչ մի վատ բան չեղավ։ 

Նախ՝ շատ դժվար է ասել՝ եղա՞վ, թե՞ չէ, որովհետև դրա փորձագիտական գնահատականը տրված չէ։ Խանութներ կային, որոնք պաղպաղակի սեզոնին շատ փոքրիկ տոպրակներ էին դրել, որ մարդը պաղպաղակի համար տոպրակ չառնի, միանգամից պաղպաղակը լցնում էր այդ տոպրակի մեջ, հացերի մի մասն էլ խանութներում արդեն պոլիէթիլենային տոպրակի մեջ է, ընդ որում՝ ոչ թե փաթեթավորված ՝ մակնշումով, ո՛չ, դա ուրիշ բան է, ուղղակի սովորական տոպրակի մեջ է դրված։ 

Այս պարագայում պետք է հասկանանք՝ կարո՞ղ է այդ մեկի վաճառքն արգելեցինք, բայց մյուս կողմից էլ ինչ-որ ապրանքախմբեր այսպես թե այնպես պոլիէթիլենային տոպրակի մեջ անցկացրեցինք, այսինքն՝ ոչ մի օգուտ չտվեցինք, այլ մի բան էլ՝ վնաս, ինչու՞ վնաս, որովհետև քանակը չնվազեց, մարդկանց համար էլ անհարմարություն ստեղծեցինք՝ 10 դրամի փոխարեն սկսեցին վճարել 50 դրամ։ Հիմա որևէ գործ չենք արել, հասկանում ենք, որ արդյունք չունենք, ու որոշում ենք ավելի խստացնել, գիտե՞ք, գլխացավի ժամանակ գլուխը չեն կտրում։ 

– Այսինքն՝ այս փոփոխությամբ իշխանությունը գնում է «գլուխը կտրելու» ճանապարհո՞վ։

– Գործ չանելու հերթական դրսևորումն է, նախորդ օրենքը ձախողել են, չեն կարողանում որևէ դրական փոփոխություն ցույց տալ, որն արդյունք է ապահովել, ու այս դեպքում մնում է անել այն, ինչ անում են։

– Եթե անգամ այդպես են առաջնորդվում, այս դեպքում գոնե արդյունք կունենա՞ն։

– Բացարձակ չեն ունենալու, անգամ եթե ունենան էլ, անհրաժեշտ է դրա գինը հասկանալ։ Այս նույն նախագիծը, եթե ուշադիր նայեք, այն խնդիրը, որի մասին խոսում էի՝ անհատույց տրամադրվող պոլիէթիլենայինների հարցը չի լուծում, ինքն ասում է՝ փաթեթավորման համար կարող եք օգտագործել։ Ենթակառուցվածքի ստեղծման մասին էլ խոսք չկա։ Հերթական թուղթ սևացնելու դեպք, ոչ մի բանի մասին նախագիծ, հերթական աշխատանքային ժամ ապահովելու միջոց պատգամավորների համար։ 

Մենք այս վերջին շրջանում տեսնում ենք օրենքի փոփոխություններ, որոնք պարզապես ծիծաղելի են․ մի հատ օրենքի փոփոխություն են անում, որ այսինչ հոդվածը չեղյալ ճանաչեն, դրա համար էլ նիստ են հրավիրում, այն դեպքում, որ քննարկում են մի օրենք, որն այս տարվա ընթացքում երևի մի չորս անգամ փոխելու են։

– Աշխատանքի իմիտացիա՞ են ստեղծում, պարո՛ն Պիպոյան։

– Չէ՛, տեսեք, դա օրենքի նկատմամբ վերաբերմունքի հարց է․ երբ դու օրենքին լուրջ չես վերաբերվում, ունենում ես այն, ինչ ունենք այսօր։ Երբ ընդունում են մի օրենք, որ ի սկզբանե գիտեն՝ աջ ու ձախ ոտնահարվելու է, այդ օրենքը դատապարտված է տապալման։ 

Միշտ հիշում եմ, որ նախորդ տարի խորհրդարանում մի քանի պատգամավոր ասացին՝ մենք վերնագրին կողմ ենք քվեարկում, միևնույն է՝ անցումային դրույթներ կան, մինչև ուժի մեջ մտնի, կփոխենք։ Այսինքն՝ իրենք հասկանում են, որ վատն է օրենքը, բայց քանի որ վերնագիրը լավն է, իրենք կողմ են քվեարկում։ Սա պարզապես օրենքը չհարգելու դրսևորում է, երբ դու հասականում ու խոստովանում ես, որ օրենքը շտկման կարիք ունի, թերի է, բայց կողմ ես քվեարկում՝ ինչ է՝ լավ գաղափարի մասին է, դե, եկեք մի հատ էլ օրենք ընդունենք, որ բոլորս ապրելու ենք չաղ ու բախտավոր։

– Հայաստանում ինչո՞ւ գրեթե ցանկացած նոր փոփոխության կատարման պատշաճ վերահսկողություն չի իրականացվում, որպեսզի արդյունքը շոշափելի լինի։

– Եթե դու ընդունում ես մի բան, որը ի սկզբանե գիտես՝ վատն է, հետո դա չես հսկելու, որովհետև ասելու ես՝ դե լավ, եկեք կարգավորենք, նոր հասկանանք՝ ինչ ենք անելու։

– Պարո՛ն Պիպոյան, սոցիալական ցանցերի տարբեր խմբերում քննարկվում է այն, որ կառավարությունը այս փոփոխությունն առաջարկում է՝ բնապահպանական նկատառումներից ելնելով, մինույն ժամանակ որոշում է կայացրել շահագործել Ամուլսարի հանքը, որի վտանգավորության մասին բազմիցս է խոսվել։ Դուք այս մասին ի՞նչ եք մտածում:

– Կառավարությունը ինչի մասին շատ է խոսում, այդ մասով ամենաքիչն է գործ անում։ Ծխելու դեմ պայքարում էին, չէ՞, օրենքը ընդունելու ժամանակ ծխելու վատ հետևանքների մասին ամեն ինչ ասացին, բայց հենց հերթը հասավ նրան, որ պետք է գնան ուսումնասիրեն, բացահայտեն, որ այս սիգարետը, փոխարինիչը այս խնդիրն ունի, բոլորը լռեցին։ Այսինքն՝ ինչի մասին խոսում են, իբր կարևորում են, այդտեղ ոչ մի գործ չեն անում։ Նույնն էլ այս հանքարդյունաբերությունն է։ Հիմա այո՛ ասում են՝ բնապահպանությունը կարևորելով՝ արգելում ենք պոլիէթիլենային տոպրակները, բայց, շատ ճիշտ նկատեցիք, գալիս է Ամուլսարը, որն ուղիղ ապացուցում է, որ այս մարդիկ՝ ո՞ւր, բնապահպանությունը՝ ո՞ւր։ 

Ավելին ասեմ՝ էկոնոմիկայի նախարարը, որը մեր երկրում նաև գյուղատնտեսության նախարարն է, ասում է, որ այս հանքի շահագործումը կնպաստի նրան, որ ներդրումներ կլինեն գյուղատնտեսության ու տուրիզմի ոլորտում։ Աշխարհում կարո՞ղ եք գտնել երկրորդ երկիր, որի գյուղոլորտի պատասխանատուն իրեն թույլ կտա ասել, որ հանքարդյունաբերությունը այստեղ նպաստելու է գյուղատնտեսության զարգացմանը։ Սա նույնն է, ոնց որ ասես՝ հիվանդ մեռնելը նպաստելու է առողջ լինելուն։ Աբսուրդ թվացող համեմատություն եմ անում, բայց մեր իրականությունն է աբսուրդ։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am