Սցենարները տարաբնույթ են, բայց Հայաստանի համար, երևի, ոչ մեկն էլ լավը չէ. ամենավատ սցենարն Իրանի փլուզումն է. Հրանտ Միքայելյան 

Լուսանկարը՝ «Բուն TV»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը

– Իրանում պատերազմը շարունակվում է, ու, դատելով կողմերի հայտարարություններից, այն դեռ կշարունակվի ավելի մեծ թափով: Պարո՛ն Միքայելյան, ի՞նչ աշխարհաքաղաքական ու տնտեսական հնարավոր ռիսկեր կան տարածաշրջանի, մասնավորապես, Հայաստանի համար:

– Երեք սցենար կարող ենք դիտարկել. սցենար առաջին՝ ԱՄՆ-ն հաղթում է, իրանական ռեժիմը փլուզվում է: Սցենար երկրորդ՝ ստատուս քվոն պահպանվում է, բայց երկու կողմն էլ տուժած են դուրս գալիս: Սցենար երրորդ՝ Իրանի ռեժիմը պահպանվում է, ըստ էության պարտվում է ԱՄՆ-ն: Հատկապես առաջինն ու երրորդը շատ լուրջ հետևանքներ են ունենում, ու իրավիճակը տարածաշրջանում էականորեն փոխվում է:

Առաջին սցենարի պարագայում Իրանի մասնատման վտանգն էականորեն աճում է, շատ բարձր է հավանականությունը դեպի Իրան ներխուժումը տարբեր կողմերից, որովհետև այսօր դժվար է պատկերացնել Իրանի վրա ցամաքային հարձակումը, բայց եթե ռեժիմը փլուզվի, ապա դա ամբողջությամբ հնարավոր կլինի: 

Հարավային Կովկասում Թուրքիայի ազդեցությունը էականորեն աճում է, Գլոբալ հարավ կոչվածը տապալվում է, ու ԱՄՆ-ն վերահաստատում է իր ոչ թե գերտերության, այլ միակ գերտերության կարգավիճակը: Հաջորդիվ արդեն ամբողջ աշխարհաքաղաքական լարվածությունը տեղափոխվում է դեպի Միջին Ասիա, որը փորձելու են դարձնել աշխարհաքաղաքական պատերազմ թատերաբեմ, ու այդտեղ արդեն այս միջանցքի հարցն այլևս օրակարգային չի լինի: 

Իսկ ինչ վերաբերում է Իրանի հյուսիսին, ապա շատ մեծ վտանգ կա, որ այդտեղ Քրդստան կամ Ադրբեջան ստեղծվի, որոնք Թուրքիայի անմիջական ազդեցության տակ են լինելու: Հայաստանի համար այստեղ շատ վտանգավոր սցենարներ կան, այդ հավանականությունը շատերը թերագնահատում են, ես չեմ թերագնահատի, որովհետև հարվածները, որոնք արվում են Իրանի ամբողջ վերնախավի դեմ, արդեն իսկ մեծ վնաս են տվել, ու եթե այս թափով շարունակվեն, ապա Իրանը չի կարողանա կառավարելիություն երկար պահպանել: Այստեղ հարցը ռազմական բախման մասին չէ, այլ՝ քաղաքական կառավարելիությունը պահելու: 

Երկրորդ սցենարը. եթե ստատուս քվոն պահպանվեց, բայց երկու կողմն էլ համարվեցին պարտված, կարելի է ասել նախորդ տարվա սցենարը, այս պարագայում Իսրայելն ավելի շատ է մեկուսանալու, Արաբական ծոցի երկրները, որոնք ավելի խնդրահարույց իրավիճակում են գտնվում, նրանց ու ԱՄՆ-ի միջև լարվածությունն աճում է, ու իրենք փնտրում են նոր ուղիներ: 

Տեսանելի է, որ Իրանը էականորեն թուլացած է, ու այն բոլոր հարվածները, որոնք Իրանը ստացել է, վերականգնման համար տարիներ են պահանջում, էլ չեմ ասում, որ հիմա Իսրայելը պատրաստվում է Լիբանան ներխուժել: Հայաստանը բախվում է անվտանգային վակուումի հարավում, բայց ոչ թշնամական միջավայրի, այսինքն՝ Ադրբեջանի ու Թուրքիայի ազդեցության ընդլայնում տեղի չի ունենում, բայց Իրանի ազդեցությունը այս տարածաշրջանի վրա էականորեն նվազում է:

Եթե երրորդ սցենարը տեղի ունենա, ապա Իսրայելն այդ պարագայում մեկուսացվում է, ԱՄՆ-ի գերտերության կարգավիճակի թուլացումն արագանում է, ու սկսվում է ներքաղաքական ճգնաժամ այնտեղ, Թրամփը 2027-ին արդեն շատ դժվարությամբ կգա իշխանության, իմփիչմենթի հավանականությունը դառնում է շատ բարձր: Այս պարագայում, իհարկե, գալիս են էլի մի քանի սցենարներ, ինչպիսին է եղել Ռուսաստանի ու Չինաստանի դիրքորոշումը, ու ինչպիսի հետևանք է լինելու Իրանի ու արաբական երկրների միջև հարաբերությունների տեսանկյունից: Այսպիսով, սցենարները տարաբնույթ են, բայց Հայաստանի համար, երևի, ոչ մեկն էլ լավը չէ, բայց, միանշանակ, ամենավատ սցենարն Իրանի փլուզումն է: 

Տնտեսական տեսանկյունից հետևյալ վիճակն է. լոգիստիկական տեսանկյունից, իհարկե, մենք ունենք խնդիրներ, որովհետև չնայած ոչ առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը Հայաստան եղել է Դուբայով ու Իրանով, իսկ այս պահին այդ երկրներն այդ դերը չեն կարող կատարել, բայց կարող է տեղի ունենալ այն, որ սա երկար ժամանակ չշարունակվի, ու այդ պարագայում մենք շատ չենք տուժի, կարող են գներն աճել, որովհետև շրջանցիկ ճանապարհ է գտնվելու՝ մանավանդ չինական ապրանքներ հասցնելու: 

Բուն իրանական ապրանքները, կարծում եմ, կհասնեն Հայաստան, որովհետև հիմնական հարվածները, որոնք տեղի են ունենում Իրանի դեմ, ռազմական ենթակառուցվածքների դեմ են, նավահանգիստների դեմ են, բայց բուն իրանական հզորությունները շատ չեն տուժել: Այսպիսով, մեծ վնաս դեռ չեմ ակնկալում, մանավանդ որ այս ամենը չի կարող երկար շարունակվել, որովհետև բալիստիկ հրթիռների քանակը սահմանափակ է, ու երեք կողմն էլ ունի սահմանափակում: 

Մյուս կողմից շատ բան է կախված Հորմուզի նեղուցի բացումից, թե ե՛րբ է բացելու, ու դրանից իհարկե համաշխարհային տնտեսական իրավիճակն է տուժելու: Այսինքն՝ այստեղ համաշխարհային տնտեսության համար ռիսկերն ավելի շատ են, քան Հայաստանի տնտեսության համար, իհարկե պարզ է, եթե համաշխարհային տնտեսությունը խոցելի եղավ, ապա Հայաստանի տնտեսությունը չի կարող անմասն մնալ դրանից: 

Մի կարևոր հանգամանք ևս կա. քանի որ ռուսական կողմից պատժամիջոցների շրջանցումը զգալիորեն տեղի էր ունենում Դուբայով ու Էմիրություններով ու Արաբական ծոցի այլ երկրների միջոցով, ապա Հայաստանի համար անուղղակի տնտեսական ռիսկեր ստեղծվում են՝ արտարժույթի ներհոսք, որը եղել է վերջին չորս տարում, կարող է նվազել, հաստատ չի դադարի, բայց կարող է նվազել: 

– Պարո՛ն Միքայելյան, իսկ Ադրբեջանից եկող էական ռիսկ՝ ռազմական էսկալացիայի տեսքով, սպասելի՞ է, գոնե այս պահին, որովհետև խոսակցություններ կան, թե Ադրբեջանը հարմար պահի է սպասում:

– Այս պատերազմի ֆոնին բացառում եմ, որովհետև Հայաստանի դեմ ագրեսիայի զսպումը 2021-2024 թվականներին զգալիորեն իրականացրել է նաև Իրանը, իսկ 2025-ին՝ նաև ԱՄՆ-ն, այս պահին երկու կողմն էլ դեմ են այդ ագրեսիային, քանի որ Ադրբեջանը դեռ չգիտի, թե ով է հաղթելու, ինքը ոչինչ չի անելու, իսկ եթե Ադրբեջանում տեսնեն, որ երկուսն էլ թուլացան, ու այս տարածաշրջանում ինչ-որ բանի վրա ազդելու նրանց կարողությունը նվազեց, այս պարագայում արդեն կարող է ձեր ասած ռիսկն աճի: Այսինքն՝ այդ գնահատականը կլինի դեպի պատերազմի վերջ կամ պատերազմի ավարտից հետո, բայց քանի որ թեժ ռազմական գործողությունները լինելու են կարճաժամկետ, ապա դրանից հետո այդ ռիսկը աճելու է, բայց թե ինչպե՛ս կդրսևորվի՝ կախված է Իրան-ԱՄՆ պատերազմի ելքից, ինչն այս պահին բավականին անկանխատեսելի է: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am