«Եթե պիտի Ամուլսարը շահագործեն, թող տանկերով, տրակտորներով գան, մարդկանց բրթեն՝ շահագործեն, եթե չէ՝ թող քաղաքական կամք դրսևորեն». բնապահպան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Ջերմուկի բնակիչ, բնապահպան ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը

– Պարոն Բունիաթյան, որպես Ամուլսարի համար պայքարող առաջամարտիկներից մեկը, այսօր՝ հեղափոխությունից երկու տարի անց, որո՞նք ենք ձեր սպասելիքները իշխանություններից։ 

– Մենք իշխանությունից ակնկալում ենք Ամուլսարի հարցի շուտափույթ լուծում, տեսնում ենք, որ մյուս ոլորտներում կան արձանագրված հաջողություններ, որ չենք կարող համեմատել նախկին իշխանությունների հետ, և որպես ժողովուրդ ունենք մեր պահանջը, որ այս հարցը լուծվի ի շահ ժողովրդի, ի շահ Հայաստանի Հանրապետության քաղաքացու:

Ի՞նչ իրավիճակ ունենք այսօր Ամուլսարի դիրքերում։

– Ամուլսարանում 2 տարուց ավելի է՝ մուտքերը փակ են բնակչության և խելամիտ հայության կողմից, խաղաղ ակցիաների արդյունքում փակվել են մուտքերը, ու պայքարը շարունակվում է: Վերջին շրջանում՝ մոտ մեկ ամիս է, լարված է: 

Օրեցօր ավելի է լարվում, «Լիդիանը» հանել է բնակչության տեղադրած վագոն-տնակները, որից հետո ժողովրդի մոտ առաջացավ զայրույթ, մարդիկ հիմա դուրս են եկել, էականը վագոն-տնակները չէին, սա ուղղակի կայծն էր, որ ժողովրդի մոտ առաջացած զայրույթը դառնար պահանջ, որ հարցին վերջնական լուծում տրվի: 

Մարդիկ դուրս են եկել ոչ թե որ «Լիդիանը» նորից տնակները հետ տանի, ու մարդիկ տանեն-դնեն, երկու տարի էլ էնտեղ մնան, դուրս են եկել, հեղափոխության արդյունքում իշխանության եկած մարդկանցից պահանջում են, որ հարցին տրվի վերջնական լուծում, ոչ թե սենց երկարաձգվի, այլ ինչ դիրքորոշում, որոշում ունեն՝ դարձնեն վերջնական, այսինքն՝ եթե պիտի Ամուլսարը շահագործեն որպես հանք՝ թող տանկերով, տրակտորներով գան, մարդկանց բրթեն, շահագործեն, եթե չէ՝ ուրեմն թող քաղաքական կամք դրսևորեն, փակեն էս էջը, ու անցնենք մյուս ոլորտներում զարգացման: 

Ձեր Ֆեյսբուքի էջում գրել էիք, որ այսօր ևս գնալու եք Ամուլսար և ձեր պահանջները ներկայացնեք: Որո՞նք են դրանք: 

– Այսօր ժամը 5-ին մարդիկ էլի ինքնաբուխ ձևով կհավաքվեն: 6-ին կշարժվեն Ամուլսար, որից հետո կիրականացնեն իրենց խաղաղ ակցիան, պահանջները տեղում առաջ կքաշեն: Այս պահին մշակված օրակարգ չկա, ամեն ինչ տեղում է առաջ քաշվում բնակչության կողմից:

Արդյոք հավանական համարո՞ւմ եք, որ հանքը կշահագործվի։

– Իհարկե ոչ: Ամուլսարի հարցը դեռ 2018-ին հայ ժողովուրդը որոշել է:
 
Եթե, այդուհանդերձ, շահագործվի, ապա որո՞նք կլինեն ձեր առաջնային գործողությունները։ Ըստ ձեզ՝ հասարակությունն ինչպե՞ս կարձագանքի: Հասարակության աջակցությունը զգո՞ւմ եք։

– Մենք երբեք չենք քննարկում այդ երկրորդ տարբերակը, երբ սկսենք քննարկել շահագործվելու տարբերակը, ապա մեր մեջ կտեսնենք, որ կա նաև պարտվելու հնարավորություն, իսկ մենք այդ տարբերակը ընդհանրապես չենք քննարկում, որովհետև մտածում ենք, եթե հանկարծ Ամուլսարը շահագործվի, մենք ուղղակի կամ ֆիզիկապես պիտի գոյություն չունենանք, կամ ֆիզիկապես ազատություն չունենանք:

Ի վերջո, խնդրի լուծումն ինչպե՞ս եք պատկերացնում:

– Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վարձում են միջազգային բարձրակարգ մասնագետներ, որի տված եզրակացությունից է բխելու մեր որոշումը: Խոսքը «Էլարդի» մասին է, եզրակացությունից հետո տեղի ունեցած կոնֆերանսը բոլորս տեսել ենք, ու էդ մարդիկ պարզ ասում են, որ նման պայմաններում չի կարելի Ամուլսարում հանք շահագործել: Պետբյուջեից տրամադրված գումարով վարձված փորձագետները տվել են իրենց բնապահպանական եզրակացությունը, որը բավարար հիմք է, որպեսզի այլևս երկարաձգումներ չլինեն, այլևս այս ու այն կողմ ընկնելու կարիք չլինի:

Հապաղելու պատճառը, ըստ ձեզ, ո՞րն է:

– Անկեղծ չգիտեմ, ես մեկն եմ այն մարդկանցից, որ մասնակցել և ողջունել են հեղափոխությունը, մեկն եմ այն մարդկանից, որ բազմիցս լսել են էս կառավարության հնչեցրած «դուխով» բառը, որ իրենք ասել են, թե իրենք դուխով են: Ունենալով նման մեծ լեգիտիմություն, հանրության կողմից աջակցություն, էս հապաղումը ինձ համար էլ է անտրամաբանական: Գոյություն ունի հանրության մեջ ձևավորված հստակ պահանջ, ես մի քանի անգամ ասել եմ, եթե նույնիսկ կարիք ունեն, իրենք կարող են սոցհարցումներ անցկացնել՝ պարզելու, թե Հայաստանում իրականում քանի տոկոսն է կողմ և դեմ Ամուլսարում հանքարդյունաբերությանը, որից հետո հստակ կայացնեն իրենց որոշումը:

Արփինե Արզումանյան

MediaLab.am