Ժողովուրդները սխալական չեն

Վահրամ Թոքմաջյան

Ժողովուրդները հավաքական առումով չեն կարող սխալ լինել։ Կարող են սխալվել առանձին անհատներ, խմբեր, կուսակցություններ, բայց ոչ ամբողջական ժողովուրդներ։

Հատկապես քաղաքական գործընթացներում չեն կարող լինել սխալական մի պարզ պատճառով․ որևէ քաղաքական գործընթացի չեն մասնակցում ամբողջապես։ Որևէ քաղաքական գործընթացի չի մասնակցում ողջ ժողովուրդը, այլ հարց, որ գործընթացի հետևանքները կարող է զգալ ողջ ժողովուրդը, ինչպես եղավ մեզանում։

Ժողովուրդները հավաքական առումով չեն կարող լինել նաև տեղեկացված այն ամենից, ինչ կատարվում է հրապարակային խոսքից անդին՝ հուզաճմլիկ ելույթների և առանց հեռախոսի հանդիպումների արանքում։ Լյուբյանկայի մթին պատերից ներս մինչև Պենտագոնի քչախոս սենյակներ։ Իսկ դա նշանակում է, որ ժողովուրդը մեղավոր չէ։ Մեղավոր են նրա կրթության գործի կազմակերպիչները, քաղաքականություն խաղացողները և քաղաքական լարախաղացները։ 

Այսօր լրացավ Սերժ Սարգսյանի հրաժարականի երրորդ տարին։ 2018 թ. հեղափոխության մասնակիցների մի խումբ փոշմանել է այդ գործընթացին մասնակցելու համար, փոշմանել է իշխող կուսակցությանն ընտրելու համար, կարող է նաև փոշմանել, որ ապրում է Հայաստանում և շատ այլ բաների համար կարող է փոշմանել։ Իսկ ինչո՞ւ է փոշմանել։ 

Եթե գանք տոտալ ապատիկ վիճակին, որը տիրում է Հայաստանում հատկապես պատերազմում պարտությունից հետո, ապա բացատրելի է մարդկանց հոգեբանական վարքագիծը։

Մարդիկ կարող էին հիասթափված լինել իրենց արած հեղափոխությունից ու ընտրությունից ոչ միայն պատերազմում պարտության համար, այլ նաև քաղաքական թիմի ապաշնորհության, փոփոխությունների բացակայության, համաժողովրդական քվեի մսխման, անպատժելիության մթնոլորտի և այլ բազմաթիվ երևույթների համար։

Բայց նորից՝ այդ մարդիկ մեղավոր չեն, քանի որ նրանց գործը չէ տարբերել հեղափոխությունն ու դրա արդյունքում ձևավորվող իշխանությունը։ Դրանք էապես տարբեր բաներ են։

Հեղափոխություններն արվում են ազնիվ նպատակներով։ Կամ գոնե դրանց շարքային մասնակիցների մեծ մասի նպատակներն ազնիվ են, վարքագիծը՝ անշահախնդիր։ Եվ հենց այդ խումբը պետք է որ առաջինը հիասթափվեր։

Ընդհանրապես հարթակային գործիչներն իշխանությունը ստանալուց հետո դառնում են առավել խոհեմ։ Մեզանում տեղի ունեցավ հակառակը, որն առանձին քննարկման թեմա է։

Պատերազմում պարտությունը պարարտ հող ստեղծեց ռևանշիստական խմբերի համար, որոնք սկսեցին այդ ազնիվ մասնակիցների ուղեղներում ամրապնդել այն միտքը, թե հեղափոխությունը սխալ էր։

Միտքը, որ այդ մարդիկ անդառնալի անբարոյականներ են դարձել՝ մասնակցելով հեղափոխությանը, որ այդ մարդիկ «գործակալներ» են, որ մարդիկ, մասնակցելով հեղափոխությանը, պատասխանատու են պատերազմում պարտության համար և այլն։

Իսկ քանի որ ազնիվ մարդկանց հեշտ է մոլորեցնելը, մենք ականատես ենք լինում այդ մոլորությունների հերթական գործընթացին։ Այդ մոլորությունների հիմնական թիրախում դրված է ժողովրդավարության հակադրումը տոտալիտարիզմին։

Քարոզ է առ այն, որ ժողովրդավարությունը քըխ է, իսկ տոտալիտարիզմը՝ կայունության երաշխիք։ Իհարկե ազնիվ մարդիկ պարտավոր չեն դա նկատել, ուստիև նորից դառնում են հարմար թիրախ։

Հայաստանում վաղ թե ուշ հեղափոխություն լինելու էր, քանի որ լճացած էին կյանքի բոլոր ոլորտները։

Եթե Սերժ Սարգսյանն անկեղծ է ու չի խաբում, թե պատրաստվում էր ստորագրել շրջանները հանձնելու «Լավրովի պլանը», ապա նորից լինելու էր հեղափոխություն կամ առնվազն հեղաշրջում՝ ներքին, պալատական, որի մի քանի փորձեր արդեն եղել էին։

Ցանկացած պատերազմում պարտության մեղավորը իշխանությունն է, և Հայաստանը բացառություն չէ։ Մենք կարող ենք երկար վերլուծել, թե ինչը մեզ հասցրեց պարտության։ Հաստատ կգտնենք բազմաթիվ պատճառներ՝ «նախկիններից» ժառանգած։

Բայց դա մեկ գրամ անգամ չի նվազեցնում ներկայիս իշխանության մեղքը։ Իշխանության հմայքը կայանում է այդ պատճառները վերացնելու և խնդիրները լուծելու մեջ։

Ցանկացած տղամարդ կարող է ասել, որ իր նախկին կինն անբարոյական էր, ուստի ինքը դարձավ հարբեցող, կամ հակառակը՝ իր նախկին ամուսինը հարբեցող էր, դրա պատճառով ինքը դարձավ անբարոյական։ Սա անգամ ծիծաղելի չէ։ Զավեշտից անդին է։

Հաղթող հասարակություններում դափնիները բաժին են ընկնում օրվա իշխանություններին։ Իսկ քանի որ մենք սովորական հասարակություն չենք, ապա անգամ այդ դափնիներն ենք առաջին հաղթանակը կերտածից խլել։ Բայց սա էլ է առանձին քննարկման թեմա։

Ամփոփելով։ Հեղափոխության մասնակից ազնիվ քաղաքացին մեղավոր չէ։ Նա մեղավոր չէ, որ ուզում էր ապրել ավելի լավ Հայաստանում։ Մեղավոր չէ, որ ուզում էր իր կյանքում փոփոխություններ կատարել ու չգաղթել երկրից։

Մեղավոր չէ, որ դուրս էր եկել ազնիվ պայքարի։ Մեղավոր չէ, որ երազում էր/է Հայաստանի մասին։ Մեղավոր է իշխանությունը, որը նրանից խլեց այդ երազանքը և ստիպեց մեղավոր զգալ երազանքի համար, իսկ հայտնի խմբակները չվարանեցին ճիշտ պահին օգտվել դրանից։

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am