Այսօր Երևանում շտապօգնության ծառայող բժիշկը և մեքենայի վարորդը ծեծի են ենթարկվել քաղաքացու կողմից: Բժիշկը ստացված վնասվածքներից ծանր վիճակում է: Այդ մասին «Մեդիալաբին» տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայության ղեկավար Թագուհի Ստեփանյանը:
«Մեր ծառայության բրիգադը շտապել է կանչի: Քաղաքացուհուն բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո տան անդամները հարձակվել են բժշկի վրա, սկզբում լոմով են խփել գլխին, հետո՝ ոտքով հարվածներ հասցրել: Բժշկին հասցված վնասվածքը ավելի ծանր է, վարորդն ավելի թեթև վնասվածքներ է ստացել»,-«Մեդիալաբին» ներկայացրել է Ստեփանյանը:
«Շտապբուժօգնություն» ծառայության ղեկավարի խոսքով՝ այժմ բժիշկը ծանր վիճակում է և հիվանդանոցում բուժօգնություն է ստանում:
Ստեփանյանն ասում է՝ հստակ տեղյակ չէ՝ ինչ բարեկամական կապի մեջ են եղել բժշկին ծեծի ենթարկողները և հիվանդ քաղաքացին: Նրա խոսքով՝ հարցրել են՝ ինչ է ներարկել բժիշկը, և երբ ստացել են պատասխանը, սկսել են բռնություն գործադրել:
«Դատապարտելի գործողություն է: Ինչի՞ց են դժգոհ, որ բժիշկը եկել է բուժօգնությո՞ւն է ցուցաբերել»,- նշել է Ստեփանյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ կատարված հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել իրավապահներին, և հույս հայտնել, որ քննությունն ճիշտ ընթացք կունենա:
Բժշկի նկատմամբ բռնության դեպքը դատապարտել էր նաև Երևանի քաղաքապետի առողջապահական գծով տեղակալ Գևորգ Սիմոնյանը: «Բժշկի հանդեպ կատարված բռնության ցանկացած դեպք դատապարտելի է: Հետևողական ենք լինելու, որ դեպքը արժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի»,- նշել էր նա:
Երևանում շտապօգնության բժիշկների նկատմամբ բռնության վերջին դեպքը տեղի էր ունեցել բոլորովին վերջերս, փետրվարին, երբ հիվանդանոց տեղափոխելու համար հիվանդի որդին ու հենց հիվանդը հարվածել էին բժշկի դեմքին, ծոծրակին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, ապա պատռել էին նրա բժշկական բաճկոնը, այնուհետև ձեռքով և փայտով հարվածել է շտապօգնությանը պատկանող Jinbei մակնիշի ավտոմեքենային։
Ստեփանյանն ասել է, որ շտապօգնության ծառայության բժիշկների նկատմամբ քաղաքացիների կողմից հարձակումներն ու բռնության դեպքերը պարբերական երևույթ են դարձել: «Մենք դիմում ենք իրավապահներին, քննություն է իրականացվում: Իհարկե, դատապարտելի երևույթ է, երբ իր մասնագիտական պարտականությունները կատարող բժշկի նկատմամբ բռնություն է իրականացվում», -ընդգծել է Ստեփանյանը:
Հասմիկ Համբարձումյան
MediaLab.am